Գործակալների օրինագծի ետ կանչումից հետո խնդիրն է հաղթահարել բևեռացումը, վերականգնել վստահությունը. Բերբոք

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Ժողովրդավարության հաստատման անբաժանելի մասն է լսելը, հասկանալը նույնիսկ այն ժամանակ, երբ կարծիքներն արմատապես տարբերվում են միմյանցից, այդ թվում՝ հասարակության մեջ։ Ուստի, գործակալների օրինագծերի ետ կանչումից հետո, այժմ քաղաքականության խնդիրն է հաղթահարել բևեռացումը, վերականգնել վստահությունը և բարեփոխումներ իրականացնել լիակատար համոզմունքով», - ասել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն իր Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Անալենա Բերբոքը խոսել է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի մասին. «Ես իսկապես տպավորված էի, վրացի տղամարդիկ և կանայք Թբիլիսիի փողոցներում ծածանում էին ԵՄ դրոշները, և դա նպաստեց քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Քաղաքացիական հասարակությունը եվրոպական արժեքներին հավատն ու խրախուսանքն է:

Վրաստանը Եվրամիություն է: Սրանում մենք համոզվեցինք ոչ միայն անցած շաբաթների, այլև անցած տարիների ընթացքում։ Վրաստանի բնակչության տեղը Եվրամիությունում է։ Այդ իսկ պատճառով ես Վրաստան եմ եկել շատ կոնկրետ ուղերձով: Մեզ համար շատ կարևոր է ընդգծել, որ ցանկանում ենք Վրաստանը տեսնել Եվրամիության կազմում։ Մենք ցանկանում ենք, որ վրացիները հարստացնեն Եվրամիությունը, մենք ձեզ կաջակցենք այս ճանապարհին։ Դուք ունեք ընկերներ Բրյուսելում և Բեռլինում, որոնց վրա կարող եք հույս դնել, որ հավասարապես և անկեղծորեն կաջակցեն ձեզ ԵՄ անդամակցության ճանապարհին»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված 12 առաջնահերթությունների կատարման հարցում։

«Անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել այս երկրում, որպեսզի Վրաստանը կարողանա անդամակցել Եվրամիությանը։ Միայն Վրաստանի կառավարությունը չի կարող դառնալ Եվրամիության անդամ առանց քաղաքացիական հասարակության, և ընդհակառակը, քաղաքացիական հասարակությունը չի կարող դառնալ Եվրամիության անդամ առանց կառավարության։ Միայն համատեղ, և այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք նպաստել այս գործին, դրա ամրապնդմանը։ Սա է Եվրամիության շարժիչ ուժը։ Եվրամիությանը բնորոշ են տարբեր անդամներ՝ սա թուլություն չէ, այլ ուժ։ Եվրոպական միության ոչ պաշտոնական կարգախոսն է՝ միասնությունը բազմազանության մեջ է։ Մենք ապագայում ցանկանում ենք դա իրականացնել Վրաստանի հետ միասին։ Ուստի պետք է այլևս ժամանակ չկորցնել։ Սա պատմության այն պահն է, երբ մենք չպետք է նահանջենք»,- ասել է Բերբոքը։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել Անալենա Բերբոքին աջակցության ուղերձների համար։

«Ուզում եմ ձեզ ասել, որ Եվրամիության դրոշը ծածանվում է ոչ միայն ցույցերի ժամանակ, այլ մեր բոլորի սրտերում, քանի որ Եվրամիությունը մեր երկրի, մեր ժողովրդի պատմական, քաղաքակրթական ընտրությունն է։ Մենք մեծ հույս ունենք ձեր շատ ուժեղ աջակցության համար այս ուղղությամբ: Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Ձեր ժամանումը շատ կարևոր է մեր երկրում, շատ անհրաժեշտ և ժամանակին»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով Վրաստան է ժամանել ուշ գիշերին։ Գերմանական Spiegel հրատարակության տեղեկություններով՝ Բերբոքի ինքնաթիռը Թբիլիսիի օդանավակայանում վայրէջք կատարելիս խնդրի է բախվել։ Անալենա Բերբոքին օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Խաթունա Թոթլաձեն։ Այցի շրջանակներում Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակում առաջին հանդիպումն անցկացրել է հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ։ Նախատեսվում են հանդիպումներ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և ուսանողների հետ։ Անալենա Բերբոքը նաև կմեկնի Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանի օկուպացիոն գիծ։

Մինչ Թբիլիսի ժամանելը Անալենա Բերբոքն ասել էր, որ տեսնում է Վրաստանի եվրոպական կուրսից շեղվելու փորձեր, և այցելելով Թբիլիսի՝ ցանկանում է ցույց տալ, որ Գերմանիան լիովին աջակցում է երկրի եվրոպական հեռանկարին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։