Ակցիաներին 40 հոգու ենք ձերբակալել, ոստիկանի արժանապատվությունը վիրավորողը խստագույնս կպատժվի. Գոմելաուրի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի խոսքով՝ ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիաների ընթացքում վարչական կարգով բերման է ենթարկվել 40 մարդ։ Այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ Գոմելաուրին խոսել է նաև ապրիլի 16-ի հանրահավաքը ցրելու մասին և ասել, որ դա առաջացել է «իրավապահների հասցեին հնչած վիրավորանքներից»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ապրիլի 15-ին և 16-ին ակցիային զուգահեռ օրենսդիր մարմինն էր աշխատում։ Մեզ համար՝ ՆԳՆ-ի համար հավասարապես կարևոր էր պաշտպանել ինչպես խորհրդարանի անդամների, այնպես էլ աշխատակազմի անդամների, ինչպես նաև հանրահավաքի յուրաքանչյուր մասնակցի անվտանգությունը։ Հասարակությունը նաև տեսավ, թե ինչպես է խաղաղ բողոքի ակցիան առաջին իսկ օրվանից վերածվել բռնության: Մինչ բողոքի ակցիան ընթանում էր միանգամայն խաղաղ իրավիճակում, մասնակիցների մի մասն ագրեսիվ է դրսևորել իրավապահների նկատմամբ, ոստիկանների ուղղությամբ նետել տարբեր իրեր, այդ թվում՝ քարեր, շշեր, ներկեր լցնել, բանավոր և ֆիզիկապես վիրավորել նրանց և չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին»,- հայտարարել է Գոմելաուրին։

Ներքին գործերի նախարարի խոսքով, բռնի գործողությունների արդյունքում տուժել է ոստիկանության 5 աշխատակից, որոնցից 2-ը ծանր վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։

«Ընդհանուր առմամբ վարչական կարգով ձերբակալել ենք 40 հոգու։ Ոստիկանությունը հանրահավաքի կազմակերպիչներին անընդհատ հանդարտվելու կոչ էր անում, թեպետ մենք լավ հասկանում ենք, որ որոշ ուժերի նպատակը էսկալացիա ստեղծելն էր, և սրա համար կիրառեցին բոլոր տեսակի մեթոդները։ Այդ թվում՝ ապրիլի 16-ի ուշ գիշերը, երբ հանրահավաքն ավարտվում էր, մասնակիցները բառացիորեն վիրավորել են ոստիկաններին, հայհոյել ու սարսափելի խոսքերով անդրադարձել նրանց ընտանիքի անդամներին, իսկ մնացածը չեմ շարունակի, այդ խոսքերն իրականում չեմ կարող կրկնել։ Քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումը ոչ մեկի համար լավ տեսարան չէր, նույնիսկ ինձ համար, վստահեք, սակայն, վստահաբար կարող եմ ասել, որ այդ ամենը տեղի է ունեցել իրավապահների հասցեին հնչած վիրավորանքների պատճառով։ Ոստիկանի վրա հարձակում նշանակում է հարձակում պետական ​​հիմնարկի վրա, և ես ընդգծում եմ, որ դա անթույլատրելի է»,- ասել է Վախտանգ Գոմելաուրին։

Ինչ վերաբերում է բողոքի ակցիաների երրորդ օրվան, ապա ապրիլի 17-ին, ինչպես նշում է ՆԳ նախարարը, բողոքի ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները փորձել են մարտահրավեր նետել կառավարության շենքի դիմաց մոբիլիզացված ոստիկաններին և կոնֆլիկտի մեջ մտնել նրանց հետ։

«Փորձել են ներխուժել նաև վարչական շենք, կոչեր են եղել ներխուժել կառավարության շենք, ոստիկաններին հալածել, բառացիորեն վիրավորել են, հատկապես ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ակտիվ են եղել, անուններն այստեղ չեմ նշի։ Նրանց դիմումները ոստիկանությանն ու բռնի կոչերը հստակ լսվում էին հեռուստատեսությամբ։ Հանրությունը տեսել է իրենց կողքին սառը զենքով և դանակով զինված ցուցարարի, ով շուտով ձերբակալվել է իրավապահների կողմից։ Նրան բերման ենթարկելու ընթացքում նույն դանակով վիրավորվել է մեր աշխատակցի ձեռքը։

Բոլոր ոստիկանները պարտավոր են լինել համբերատար, և նրանցից յուրաքանչյուրը դա շատ լավ հասկանում է, թեև դա չի նշանակում, որ որևէ մեկն իրավունք ունի նրանց բանավոր կամ ֆիզիկական բռնության ենթարկել, տարբեր առարկաներ նետել և փորձել վիրավորել նրանց արժանապատվությունը։ Մեր տղաները կրկին ու կրկին ենթարկվել են չափազանց շատ չարաշահումների՝ հանուն մեր երկրի և նրա քաղաքացիների անվտանգության: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել նրանց»,- ասել է Գոմելաուրին։

Նրա խոսքով, խստագույնս կպատժվեն բոլոր այն մարդիկ, ովքեր կվիրավորեն ոստիկանների արժանապատվությունը և կվիրավորեն նրանց։

Խորհրդարանի ընդդիմադիր անդամները Գոմելաուրիից պահանջել են արձագանքել խորհրդարանի անդամ Ալեքսանդր Էլիսաշվիլիի նկատմամբ ոստիկանների բռնություններին։ Գոմելաուրիի խոսքով՝ տեղի ունեցածը շատ տխուր է, և քննչական ծառայությունը կպարզի կատարվածը։

Ապրիլի 16-ի գիշերը հատուկ նշանակության ջոկատի անդամները խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ կիրառել են պղպեղի սփրեյ, փողոց առ փողոց հետապնդել քաղաքացիներին ու ֆիզիկական բռնության ենթարկել նրանց, ծեծել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Հանրահավաքի մի քանի մասնակիցներ ստացած վնասվածքների պատճառով հոսպիտալացվել են։

Ապրիլի 16-ին ձերբակալված «Լելո» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն և «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Գելա Խասաիան հայտնել են հատուկ նշանակության ջոկատների բռնությունների մասին։

«Քաղաքացիների» առաջնորդ Ալեքսանդր Էլիսաշվիլին կողոսկրի կոտրվածք ունի։ Ապրիլի 17-ին նա ծեծի էր ենթարկվել կառավարության շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Պատգամավորի խոսքով՝ պարեկային ոստիկանության տնօրեն Վաժա Սիրաձեի հրամանով և պետական ​​պահպանության հատուկ ծառայության պետ Անզոր Չուբինիձեի հսկողությամբ ոստիկանները կազմել են այսպես կոչված բռնության միջանցք, որին մի քանի տասնյակ ոստիկաններ են մասնակցել ու դաժանաբար ծեծի ենթարկել նրան։ Երկու օր առաջ Էլիսաշվիլին ռուսական օրենքի հանձնաժողովի քննարկման ժամանակ հարվածել էր «Վրացական երազանքի» պատգամավոր Մամուկա Մդինարաձեին։ Նրան սպառնացել են «պատշաճ պատասխան» տալ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):