Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով, խաղաղության պայմանագրին հասնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարի, որ «Ղարաբաղը Ադրբեջան է»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Ալիևը նշել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների ժամանակ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
«Այսինքն՝ նա խոստովանել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հարցը պետք է լուծվի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ի՞նչ է ասում այս հռչակագիրը: Այն ասում է, որ միութենական հանրապետությունների սահմանները համարվում են պետական սահմաններ։
Այսպիսով, այս պաշտոնական քայլով Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Հայաստանը, որը ժամանակին հայտարարում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջակետ», այսօր պետք է ասի մեր խոսքերը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան», եթե նա ասել է «ա», ապա պետք է ասի նաև «բ»։ Հայաստանը, որը պատրաստակամություն է հայտնել խաղաղության պայմանագիր կնքել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասել է Ալիևը։
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղում բնակվող հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ այլ բնակավայր փնտրեն։ «Անջատողականներն էլ պետք է իմանան, որ երկու տարբերակ ունեն՝ կա՛մ ապրելու են Ադրբեջանի դրոշի ներքո, կա՛մ հեռանալու են»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու խնդրի մասին ապրիլի 18-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ խոսել է նաև Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքը ամեն ինչ անելու է, որպեսզի հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանի հետ, բայց դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե երկու երկրները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Փաշինյանի խոսքով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո «Ադրբեջանը էյֆորիայի մեջ է և մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ վերցնել ամեն ինչ»։
«Իհարկե, խաղաղությունը կախված է նաև մեզնից և մեր դիրքորոշումներից, ու իմ անկեղծ մղումն է ամեն հնարավորը անել՝ Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Արդյոք հնարավո՞ր է նման զարգացում: Կարծում եմ՝ իսկապես հնարավոր է։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների և որոգայթների, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել», - ասել է Փաշինյանը և նշել, որ ինքն ու Ալիևն իրականում դա քննարկել են 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպման ժամանակ, ինչն արձանագրվել է նաև համապատասխան հրապարակային հայտարարություններում։
«Այսուհանդերձ, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու մեջ:
Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն:
Ասեմ նաև, որ Ադրբեջանի այն պնդումները, թե խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանը հրաժարվել է կամ հրաժարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ամբողջությամբ, իրականությանը չեն համապատասխանում, և մենք դա կարող ենք ապացուցել: Մենք ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանցի ակտիվիստներն արդեն չորս ամսից ավելի է՝ արգելափակել են Լաչինի միջանցքը, որտեղով անցնում է Հայաստանը հայաբնակ Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը։ Ապրիլի 18-ին ո՛չ Ալիևը, ո՛չ էլ Փաշինյանը չեն անդրադարձել այս թեմային: