Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքացիների առանց վիզայի տեղաշարժի մասին» համաձայնագիրը։ Փաստաթուղթն արդեն վավերացվել է Վրաստանի խորհրդարանի կողմից, ինչը նշանակում է, որ շուտով Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան սահմանը հատել նույնականացման քարտով (ID քարտով)՝ առանց անձնագրեր ներկայացնելու։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Վրաստանի հետ հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են»,- հունիսի 26-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Փոխնախարարի պարզաբանմամբ՝ փաստաթուղթը սահմանում է, որ Վրաստանի կամ Հայաստանի քաղաքացիները, անկախ նրանց մշտական բնակության վայրից, իրավունք ունեն առանց մուտքի արտոնագրի մուտք գործելու, գտնվելու կամ տարանցիկ երթեկելու, դուրս գալու մյուս կողմի պետության տարածքում՝ ընդունող պետության սահմանն անցնելու ամսաթվին հաջորդող ցանկացած հարյուր ութսուն օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամանակահատվածով՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների ինքնությունը և քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա:
Երկու երկրների միջև համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունվարի 12-ին, թեև դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ էր երկու կողմերի վավերացումը։
Մինչ այժմ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները միջպետական սահմանը կարող էին առանց վիզայի հատել անցակետերում ներկայացնելով իրենց անձնագրերը։
Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022 թվականին Հայաստանից Վրաստան է մուտք գործել 1 018 771 մարդ։ Ըստ սահմանային անցումների (մուտքի) քանակի՝ Հայաստանը հայտնվել է երկրների առաջին եռյակում և զիջել միայն Ռուսաստանին (1 459 541) և Թուրքիային (1 030 199)։ Նախորդ տարի Հայաստանը զբոսաշրջային այցելությունների առումով նույնպես եռյակում էր։ Զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստան է մեկնել Հայաստանի 742 593 քաղաքացի։
