Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ միջազգային արբիտրաժը հաստատել է, որ Վրաստանի կառավարությունը օրինական կերպով է «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հետ խզել ներդրումային համաձայնագիրը և «ուղղակիորեն կամ անուղղակիորեն» չի խանգարել կոնսորցիումին իրականացնել նախագիծը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«2024 թվականի հուլիսի 29-ին Փարիզի արբիտրաժը որոշում է կայացրել Վրաստանի կառավարության և «Անակլիայի զարգացման կոնսորցիում» ՍՊԸ-ի գործով, ըստ որի վեճն ավարտվել է Վրաստանի հաղթանակով։ Ինչպես հայտնի է, նշված վեճի հիմքում ընկած է 2016 թվականի հոկտեմբերի 3-ին Վրաստանի կառավարության և «Անակլիայի զարգացման կոնսորցիում» ՍՊԸ-ի միջև կնքված ներդրումային համաձայնագիրը՝ Անակլիայում Սև ծովի խորջրյա նավահանգստի կառուցման, շահագործման և տեղափոխման վերաբերյալ։
Մասնավորապես՝ ներդրողի կողմից ներդրումային պարտավորությունների բազմաթիվ խախտումների պատճառով Վրաստանի կառավարությունը ստիպված է եղել խզել ներդրումային պայմանագիրը։ Արբիտրաժային հայցվորը վիճարկել է ներդրումային համաձայնագրի դադարեցման օրինականությունը և պահանջել է մոտ մեկուկես միլիարդ դոլարի վնասի փոխհատուցում:
Արբիտրաժը լիովին կիսել է Վրաստանի արդարադատության նախարարության կողմից ներկայացված իրավական փաստարկներն ու ապացույցները և որոշել, որ չնայած շինարարության համար ֆինանսավորում փնտրելու համար Վրաստանի կառավարության կողմից սահմանված ժամկետների բազմաթիվ հետաձգմանը, ներդրողը իր մեղքով չի կարողացել ամբողջությամբ կատարել ստանձնած պարտավորությունները։
Ինչպես նաև՝ նախագծի ֆինանսավորման պարտավորությունն ամբողջությամբ կրել է ներդրողը, ով իր պատճառներով չի կարողացել անհրաժեշտ միջոցներ գտնել։ Ծրագրի կոմերցիոն ռիսկի կրողը նույնպես միայն ներդրողն էր։ Կառավարությունը ոչ ուղղակիորեն, ոչ անուղղակիորեն չի խանգարել ներդրողին իրականացնել նախագիծը։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ արբիտրաժը հաստատել է, որ Վրաստանի կառավարությունը օրինական կերպով է խզել ներդրումային պայմանագիրը, և մեկուկես միլիարդ դոլարի փոխհատուցման պահանջը ամբողջությամբ մերժվել է, և հակառակը՝ հայցվորը պարտավորվել է հօգուտ Վրաստանի կառավարության վճարել 650 հազար դոլար»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Ռատի Բրեգաձեն։
Արդարադատության նախարարի խոսքով՝ Մամուկա Խազարաձեն վրացական պետությունից պահանջել է վճարել մեկուկես միլիարդ դոլար, որը 2020 թվականի դրությամբ կազմում էր «Վրաստանի ընդհանուր բյուջեի 25%-ը կամ մեկ քառորդը»։
«Կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է, թե նրա հաղթանակը ինչ աղետալի տնտեսական ու ֆինանսական հետևանքներ կունենար երկրի համար։ Անհասկանալի և աներևակայելի է նաև, թե ինչպես կարող է մարդը, ով ցանկանում է լինել քաղաքականության մեջ և ծառայել երկրին, բոլորովին անարդարացիորեն սեփական պետությունից պահանջել նրա բյուջեի մեկ քառորդը և նման վտանգի ենթարկել երկրի բնակչությանը»,- ասել է Բրեգաձեն։
«Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հիմնադիր, «Լելո» կուսակցության նախագահ Մամաուկա Խազարաձեն արբիտրաժային դատարանի որոշումը «հիասթափեցնող» է անվանել։
Կոնսորցիումի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ներդրողները նախագծում ներդրել են մոտ 80 մլն ԱՄՆ դոլար։
«Մենք արբիտրաժային գործը հարուցեցինք, քանի որ ունեինք հավատարմագրային պարտավորություն՝ պաշտպանելու մեր ներդրողների ֆինանսական շահերը... Մենք շարունակում ենք հավատալ, որ Վրաստանի կառավարությունը գործել է ոչ պատշաճ՝ ի վնաս Վրաստանի քաղաքացիների շահերի, երբ փորձել է վնասել Անակլիայի նավահանգստի նախագծին, ինչի արդյունքում նավահանգստի նախագիծը հետաձգվել է մոտ մեկ տասնամյակ», - հայտարարել է «Անակլիայի զարգացման կոնսորցիումը»:
Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցման և շահագործման վերաբերյալ ներդրումային համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականին՝ Վրաստանի կառավարության և Անակլիայի զարգացման կոնսորցիումի միջև։ Ռազմավարական նախագիծ համարվող նավահանգստի հիմնարկեքի արարողությանը մասնակցել են այն ժամանակվա վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և կոնսորցիումի հիմնադիր Մամուկա Խազարաձեն։ «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» կազմում էին TBC Holding-ը (Վրաստան) և Conti Internmational-ը (ԱՄՆ)։
2019 թվականին Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել TBC հոլդինգի հիմնադիրներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի դեմ և նրանց մեղադրանք է առաջադրվել 16 664 000 ԱՄՆ դոլարի անօրինական եկամուտների օրինականացման մեջ։ Մամուկա Խազարաձեն ասել է, որ մեղադրանքը ներկայացվել է Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագիծը դադարեցնելու համար։ 2020 թվականին կառավարությունը խզել է պայմանագիրը կոնսորցիումի հետ՝ վերջինիս կողմից պարտավորությունները չկատարելու հիմքով։
«Անակլիայի զարգացման կոնսորցիումը» և հիմնական ներդրողներից մեկը՝ հոլանդացի գործարար Բոբ Մեյերը, 2020 թվականին երկու արբիտրաժային հայց են ներկայացրել Վրաստանի դեմ։ Հայցերում պահանջվում էր փոխհատուցել պետության պատճառած վնասները, որոնք, ըստ հայցվորի հաշվարկների, գերազանցել են 1 միլիարդ դոլարը։ Անակլիայի զարգացման կոնսորցիումը պնդում էր, որ այդ գումարը ներառում է կոնսորցիումի և Բոբ Մեյերի կորուստները՝ «Անակլիայի նավահանգստի նախագիծը խաթարելու վրացական կառավարության արշավի անմիջական հետևանքով»: Կոնսորցիումը արբիտրաժային հայցը ներկայացրել է Առևտրի միջազգային պալատի Միջազգային արբիտրաժային դատարան (ICC), իսկ Բոբ Մեյերը՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID):
2024 թվականի մայիսի 29-ին Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարեց, որ Անակլիայի խորջրյա նավահանգստի ռազմավարական նախագծում մասնավոր ներդրող է լինելու չինական կոնսորցիումը։