«Իմ վրա հույս մի՛ դրեք, որ կմտնեմ այս խաղի մեջ՝ այս օրենքն ավելի պարկեշտ դարձնելու համար: Ո՛չ, դա ռուսական է, այն կմնա ռուսական, և ցավոք, դուք նույնպես՝ այս օրենքով հանդերձ»,- այսպես է արձագանքել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Վրացական երազանքի» և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, թե իրավական դիտողություններ ստանալու դեպքում, վետոյի ընթացակարգի շրջանակներում, հնարավոր է համաձայնեցվեն օրենքի վերաբերյալ դիրքորոշումները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
«Հանկարծ հիշեցին նախագահի ու նրա վետոյի մասին։ Հիշեցին այն նախագահին, որին վարչապետը․.. բոլորովին աներևակայելի է որևէ մի պետության մեջ, ուր մնաց քաղաքակիրթ, պետության մեջ, վարչապետը նախագահին դավաճան անվանեց սեփական բանակի, այս երկրի բանակի առաջ։ Այսպիսի հեղաշրջում գոյություն չունի։ Այս նախագահին ասում են՝ արի մեզ վետո ներկայացրու, մեջը մի բան գրի, քեզ համար կգրեն, դու չես կարող գրել, բայց քեզ ուրիշները՝ կա՛մ արտասահմանցիներ, կա՛մ տեղացի «էնջեոներ» կգրեն ու կներկայացնեք մեզ, գուցե մենք մտածենք այդ մասին: Դուք մտածեք:
Անպայման վետո կներկայացնեմ, բայց ոչ մի նման մանիպուլյացիաների մեջ չեմ մտնի ու չեմ սկսի այս խաղերը, քանի որ սա ունի մեկ պատճառ և նպատակ՝ մարդկանց մեջ թյուրիմացություն և խառնաշփոթ մտցնել։ Ցանկանու՞մ եք ինչ-որ բան փոխել այս օրենքում։ Ձեզնից է կախված՝ կա՛մ ետ կանչեք այն, կա՛մ վերադարձրեք երկրորդ ընթերցման և լսեք ընդդիմությանը խորհրդարանում, որը, վստահ եմ, ձեզ կառաջարկի մեկնաբանություններ և փոփոխություններ»,- ասել է Զուրաբիշվիլին այսօր՝ մայիսի 12-ին կայացած ճեպազրույցում։
Բացի այդ, նախագահը «Վրացական երազանքին» առաջարկել է օրենքի կիրարկման ժամկետը տեղափոխել ընտրություններից հետո՝ նոյեմբերի 1-ին։ «Ով էլ գա իշխանության, նա կորոշի՝ այս օրենքը ռուսական է, այլ օրենքների կրկնօրինակն է, թե ինչ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
«Վրացական երազանքը» այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ պատրաստվում է ընդունել վաղը և մյուս օրը։ Երկուշաբթի օրը այն կքննարկվի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում, իսկ երեքշաբթի օրը նախատեսվում է օրենքը քննարկել լիագումար նիստում։
Ինչպես ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, մայիսի 14-ից 28-ն ընկած ժամանակահատվածում, վետոյի ընթացակարգի շրջանակներում, հնարավոր է համաձայնեցնել դիրքորոշումները օրենքի վերաբերյալ։
«Ես մեր գործընկերներին բացատրեցի, որ դիրքորոշումները կարող են համաձայնեցվել վետոյի ընթացակարգի շրջանակներում։ Մենք գիտենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին չի գրում սեփական վետոյի օրինագծերը։ Կամ «Էնջեոներն» են գրում իր համար, կամ էլ՝ դրսից են գրում։ Հետևաբար, մենք կարող ենք կրկին օգտագործել այս լծակը: Կարելի է օգտագործել վետոյի ընթացակարգը՝ այս օրինագծի վերաբերյալ մեր դիրքորոշումները հաշտեցնելու համար։ Այստեղ մեր գործընկերները ստիպված կլինեն կոնկրետ դիտողություններ ներկայացնել և դրանք արտացոլել նախագահի վետոյի մեջ»,- ասել է Կոբախիձեն։
Լրագրողի հարցին, թե «Վրացական երազանքը» պատրա՞ստ է փոփոխություններ կատարել օրինագծում, Կոբախիձեն պատասխանել է. «Իհարկե։ Այլապես, ո՞րն է քննարկման իմաստը: Կստանանք իրավական դիտողություններ, և մենք խոսում ենք դրանք կիսելու մասին»։
Իրակլի Կոբախիձեի այս հայտարարությանը արձագանքել են յոթ քաղաքական կուսակցություններ։ Համատեղ հայտարարության մեջ նրանք նշում են, որ իշխող կուսակցությունը փորձում է մոլորության մեջ գցել վրաց հասարակությանն ու միջազգային գործընկերներին։ Նրանք չեն պատրաստվում ընդունել ռուսական օրենքի «գեղեցկացված տարբերակը»։ «Այս օրենքը բարելավման ենթակա չէ և պետք է անվերապահորեն ետ կանչվի»,- ասում է ընդդիմությունը։
