Թբիլիսիում՝ ՆԳ նախարարության դիմաց, լրագրողներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պահանջել են Մզիա Ամաղլոբելիին ազատել անօրինական բանտարկությունից և կասեցնել Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի լիազորությունները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
«Մզիա Ամաղլոբելին զոհ է, ռուսական ռեժիմի միլիցիայի վրեժխնդրության թիրախ։ Ռեժիմը մեզ բոլորիս կբռնի, եթե մենք նրան հնարավորություն տանք»,- ասել է «Կավկասիա» հեռուստաընկերության տնօրեն Նինո Ջանգիրաշվիլին։
«Իրակլի Դգեբուաձեն ոստիկան չէ։ Նա վիրավորում է ոստիկանի համազգեստը։ Նա գործակալ սադրիչ է։ Բավական պատճառներ կան այս մարդուն աշխատանքից հեռացնելու պահանջի համար։ Նա ամոթ է ոչ միայն ոստիկանության, այլև պետության համար»,- ասել է «Պուբլիկա»-ի խմբագիր Զուրաբ Վարդիաշվիլին։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» (ՎԵԻԱ) նախագահ Նոնա Քուրդովանիձեի խոսքով՝ «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների ղեկավարը գտնվում է Ռուսթավիի բանտում՝ դատարանի անօրինական որոշման հիման վրա։ Քուրդովանիձեն Հատուկ քննչական ծառայությանը կոչ է արել օպերատիվ արձագանքել Բաթումիի ոստիկանապետի գործողություններին։
«Մզիան պետք է ազատ արձակվի։ Նա հետաքննությանը տեղեկություններ է տրամադրել ձերբակալությունից հետո տեղի ունեցած դաժան վերաբերմունքի վերաբերյալ։ Որոշ ժամանակ Մզիա Ամաղլոբելին ոչ ջուր խմելու, ոչ էլ այլ տարրական կարիքներ հոգալու հնարավորություն չի ստացել, Իրակլի Դգեբուաձեն իրեն ագրեսիվ է պահել և մշտապես բանավոր վիրավորել նրան, անգամ թքել է երեսին։ Հատուկ քննչական ծառայությունը, երբ այս մասին տեղեկանում է, պետք է անմիջապես սկսի արձագանքել, տեղեկացնի, թե ինչ որակավորումներով է կատարվում նախաքննությունը և տուժողի կարգավիճակ տա Մզիա Ամաղլոբելիին։
Իրակլի Դգեբուաձեն չպետք մնա իր պաշտոնում, քանի որ խոսքը նրա կատարած ամենածանր հանցագործության մասին է։
Ես կարծում էի, որ Հատուկ քննչական ծառայությունը մինչ այժմ հրապարակավ ինչ-որ բան կասեր, բայց նման հայտարարություն մենք չենք լսել։ Ժամանակն է, որ այս ծառայությունը վերադառնա իր գործառույթների կատարմանը և տեղեկատվություն տրամադրի հանրությանը, թե ինչու ոչ մի իրավապահ պատասխանատվության չի ենթարկվում վերջին երկու ամիսների ընթացքում տեղի ունեցած սիստեմատիկ խոշտանգումների փաստերի համար»,- ասել է Նոնա Քուրդովանիձեն։
Հանրահավաքին ներկա էր նաև «Ֆորմուլա» հեռուստաընկերության հաղորդավար Գիորգի Թարգամաձեն։ Նրա խոսքով՝ Վրաստանում լրագրողների մի քանի սերունդ շատ զոհողություններ են արել, որպեսզի հասարակությունն ունենա խոսքի ազատություն.
«Մզիա Ամաղլոբելին ռեժիմի գերին է։ Այս ռեժիմին պետք է վերջ դրվի, և երկիրը պետք է շարունակի անկախ, ինքնիշխան, ազատ, եվրոպական, ազգային պետության ուղին։ Այս ճանապարհը չի կարող շարունակվել առանց Մզիա Ամաղլոբելիի»,- ասել է Թարգամաձեն։
Հունվարի 14-ին Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Սախելաշվիլին բավարարել է դատախազության պահանջը և երկու ամսվա նախնական կալանքի է դատապարտել Մզիա Ամաղլոբելիին, ով ձերբակալվել էր ոստիկանի վրա հարձակվելու մեղադրանքով։ Լրագրողին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։
