Իրանի նախագահը շնորհավորել է Կոբախիձեին ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ։ Փեզեշքիանիի շնորհավորանքի տեքստը, որտեղ նա նշում է, որ հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններն արտահայտում են վրաց ժողովրդի կամքը, տարածվել է Իրանի դեսպանության կողմից։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ցանկանում եմ ի սրտե շնորհավորել Ձերդ գերազանցությանը և վրաց ժողովրդին խորհրդարանական հաջող ընտրությունների և այս ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Հուսանք, որ այս ընտրությունները, որոնք վրաց ժողովրդի կամարտահայտությունն են, կդառնան վրաց ժողովրդի առաջընթացի և բարօրության սկիզբը, երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացման գրավականը։

Տիրոջից կխնդրեմ Ձերդ գերազանցությանն առողջություն ու հաջողություններ, իսկ բարեկամ վրաց ժողովրդի հաջողություններ»,- կարդում ենք շնորհավորական նամակում։

«Վրացական երազանքին» խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են նաև Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Հունգարիան, Չինաստանը և Վենեսուելան։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի խոսքով՝ ընտրությունները «նշանավորվել են լուրջ խախտումներով», որոնք «պետք է հետաքննվեն թափանցիկ և անկախ»։

Ընտրություններից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նույնպես հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման, ինչպես նաև ընտրողներին ահաբեկելու և պարտադրելու բազմաթիվ դեպքեր։ Բայդենի վարչակազմը Վրաստանի կառավարությանը կոչ է անում թափանցիկորեն հետաքննել բոլոր ընտրախախտումները։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» ստացել է ձայների 53,93 տոկոսը։ Այս արդյունքի լեգիտիմությունը չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, որոնց միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  • «Կոալիցիա հանուն փոփոխությունների» - (11.037%)
  • «Միասնություն-Ազգային շարժում» - (10․164%)
  • «Ուժեղ Վրաստան» - (8․814%)
  • «Գախարիան հանուն Վրաստանի» - (7․771%)

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես կարծում է, որ ընտրությունները «ամբողջովին կեղծվել են», իսկ Վրաստանը «ռուսական հատուկ գործողության» զոհ է դարձել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։