Կոնգրեսում ելույթ ունենալուց հետո Իվանե Չխիկվաձեին օդանավակայանում դիմավորել ու վիրավորել են

Վերջերս Կոնգրեսում ունեցած ելույթի պատճառով իշխանության ներկայացուցիչների քննադատության թիրախ դարձած Քաղաքացիական հասարակության հիմնադրամի եվրաինտեգրման ծրագրի ղեկավար Իվանե Չխիկվաձեին մի քանի անձինք այսօր Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել և վիրավորել են։ Այնտեղ են եղել Հանրային հեռարձակողի Առաջին ալիքի, «Իմեդի»-ի, «Ռուսթավի 2»-ի և «Պոստվ»-ի նկարահանող խմբերը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Սորոսը ինչքա՞ն է վճարել», «դու Սերգո Օրջոնիկիձեն ես։ Ինչո՞ւ պետք է ոտք դնես այս հողին», «դու ստրուկ ես, դու սովորական ստրուկ ես», «դու Սորոսի փողով վաճառված գործակալ ես», - լսվում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հեռարձակած կադրերում։ Իվանե Չխիկվաձեն նրանց չի պատասխանել և առանց մեկնաբանության լքել է օդանավակայանի տարածքը։

Հունիսի 4-ին Հելսինկյան հանձնաժողովի կողմից կազմակերպված ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել Վրաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության աջակցության վերաբերյալ լսումներ, որտեղ Իվանե Չխիկվաձեն և Եվրամիությունում Վրաստանի նախկին դեսպան, Chatham House-ի ավագ գիտաշխատող Նատալի Սաբանաձեն զեկույց են ներկայացրել։ Նրանք մանրամասն խոսել են ռուսական օրենքի նախաձեռնումից հետո Վրաստանում տեղի ունեցող զարգացումների, այդ թվում՝ ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնությունների և այլախոհների հետապնդումների մասին։

Իր ելույթում Իվանե Չխիկվաձեն ասել է, որ Վրաստանը գտնվում է խաչմերուկում՝ «կա՛մ կշարունակի ազատ և միացյալ Եվրոպայի մաս դառնալու իր ձգտումը, կա՛մ կրկին կդառնա Ռուսաստանի հետնաբակը»: Ինչպես նշել է նա, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, որոնք կկանգնեցնեն կառավարությանը երկիրը տեղափոխել Ռուսաստանի ուղեծիր։ Նատալի Սաբանաձեն ասել է, որ «մեկ անպատասխանատու մարդու հրահանգով» խորհրդարանական մեծամասնությունը ոչնչացնում է Վրաստանի արտաքին քաղաքականության երկարաժամկետ առաջնահերթությունները, 30-ամյա ձեռքբերումներն ու բարեկամությունը՝ ընդունելով այնպիսի օրենքներ, ինչպիսին է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը։

Վրաստանի վարչապետը, խորհրդարանի նախագահը և «Վրացական երազանքի» առաջնորդները նույնպես Չխիկվաձեի և Սաբանաձեի նկատմամբ ատելության խոսք պարունակող և բռնություն խրախուսող հայտարարություններ են արել. նրանց մեղադրել են երկրին դավաճանելու մեջ և համեմատել բոլշևիկ Սերգո Օրջոնիկիձեի հետ։

«Այս մարդիկ՝ մերօրյա Սերգո Օրջոնիկիձեները, գնում են ոչ թե Մոսկվա, այլ Վաշինգտոն, որպեսզի ինչ-որ կերպ վնասեն մեր երկրին, ինչը, իհարկե, դավաճանություն է։ Միակ գնահատականը, որը կարելի է տալ, դա դավաճանությունն է... Երբ մարդը դավաճան է, նա քեզ հավասարապես կդավաճանի թե՛ Վաշինգտոնում, թե՛ Բրյուսելում, թե՛ Բեռլինում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա դրված նախագահի վետոն հաղթահարելուց հետո՝ հարձակման են ենթարկվել ռուսական օրենքի բազմաթիվ հակառակորդներ։

  • Զուկա Բերձենիշվիլին հունիսի 11-ին Թբիլիսիում իր տան մոտ հարձակման է ենթարկվել երեք անձի կողմից։ Ակտիվիստը հարվածներ է ստացել դեմքին, ինչի հետևաքով վիրահատություն է տարվել։ Հարձակումից մեկ ժամ առաջ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցցանցում հրապարակել է գրառում, որտեղ Զուկա Բերձենիշվիլիին անվանել է «վրդովված քաղաքացիներից», ով մասնակցում է «կազմակերպված և քաղաքական դրդապատճառներով ահաբեկչության» իշխող կուսակցության անդամների դեմ։ 
  • Հունիսի 7-ին Թբիլիսիի պետական ​​համալսարանի առաջին մասնաշենքի մոտ հարձակման է ենթարկվել ակտիվիստ Նիկո Մանագաձեն՝ «Հանուն ազատության» ուսանողական շարժման հիմնադիրը։ Նա այն ուսանողներից է, ով ամեն շաբաթ օրը համալսարանի մոտ դիմավորում է վարչապետ Իրակլի Կոբախիձեին ու բողոքում ռուսական օրենքի դեմ։

Քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության ոչ մի փաստ չի հետաքննվել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։