Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն սատարել է գենդերային քվոտաների չեղարկմանը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեն, ընդդիմադիր կին պատգամավորների բողոքի ֆոնին, սատարել է գենդերային քվոտաների չեղարկմանը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Վիճելի օրենքի նախագիծը ներկայացրել է դրա հեղինակներից՝ «Գիրչիի» անդամ Ալեքսանդր Ռաքվիաշվիլին, ով քվոտավորման մեխանիզմն անվանել է «վնասակար գաղափար» և ասել, որ «արտոնությունները» պետք է վերացվեն։

«Քվոտան արհեստականորեն պահանջում է, որ կանայք լինեն ընտրացուցակներում։ Բովանդակային առումով, իմ կարծիքով, սա վիրավորական կանոն է։ Նախ, դա ենթադրում է, որ կանայք չունեն բավարար հմտություններ և գիտելիքներ տղամարդկանց հետ մրցելու համար և հավասար պայմաններում, առանց քվոտաների, նրանք չեն կարող հաջող կարիերայի հասնել քաղաքականության մեջ: Երկրորդ՝ դա հակասում է փաստերին։ Փոխանակ հպարտանանք նրանով, որ ինչ ինչ քաղաքականության մեջ կանայք խնդիր չունեն, մենք ողջ հասարակությանն ասացինք, որ մենք ճնշում ենք կանանց։ Հիշեցնենք, որ գործող նախագահը կին է, Նինո Բուրջանաձեն խորհրդարանի նախագահն էր և նախագահական հանրապետությունում կատարել է նախագահի պարտականությունները։ Նախարարներ, հանձնաժողովների նախագահներ, խորհրդարանականներ... կանայք արդեն առանց քվոտաների քաղաքականության մեջ են»,- ասել է Ռաքվիաշվիլին։

«Լելոյի» անդամ Անա Նացվլիշվիլիի խոսքով՝ օրինագծի ընդունումը բխում է «Վրացական երազանքի» շահերից, և «Գիրչին» օգնում է նրան «այս շատ վատ խաղը խաղալով»։ Նացվլիշվիլին կարծում է, որ իշխող կուսակցությունը փորձում է նախընտրական ցուցակում տեղ գտնել «տեղական ֆեոդալների համար», որոնք նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել էին մեծամասնական ընտրակարգով։ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգը կվերացվի։

«Հասկանալի է, որ, ըստ էության, նպատակը ցուցակում տեղական ֆեոդալների համար տեղ ազատելն է, որտեղ նրանք այլևս չէին կարողանա տեղավորվել։ Ինչպես որ «Ժողովրդի ուժը» չէր ներկայացրել ռուսական օրենքը, այն պատկանում էր «Վրացական երազանքին» և գրանցված էր նրանց կողմից, մենք այսօր էլ նմանատիպ ներկայացման ենք ականատես լինում»,- նշել է Նացվիլիշվիլին։

Պատգամավոր Խատիա Դեկանոիձեն ուշադրություն է հրավիրել մունիցիպալիտետների սակրեբուլոներում կանանց ընտրությանը։ Նրա խոսքով՝ մարզերում կանայք ստիպված են հաղթահարել ընտանիքում և հասարակության մեջ առկա հսկայական խնդիրներ։

«Ես կարծում էի, որ քիչ թե շատ լուրջ մարդիկ եք, ու պարզվեց, որ դուք պարզապես պայմանավորված եք»,- դիմել է նա «Գիրչիի» անդամներին։

«Կանայք հաճախ են խնդիրներ ունենում մարզերում և տեղական ներկայացուցչություններում։ Նրանցից ոմանք ոչ միայն սակրեբուլոյում ընտրվելու, այլ նաև կրթության և աշխատանքի իրավունք չունեն։ Խոսելով նախարարների մասին՝ քանի՞ կին նախարար կա կառավարությունում։ Կարծում եմ՝ երկու։ Մենք ունենք նախագահ, որը նույնպես տղամարդկանց որոշմամբ դարձավ նախագահ»։

«Ի՞նչ է եղել այսօր։ Ո՞րն է ձեր առաջընթացը։ Դուք ունե՞ք կանանց մասնակցության որևէ չափանիշ: Աճե՞լ է կանանց մասնակցությունը քաղաքականությանը։ Ի՞նչ փաստարկներով եք պաշտպանում այս օրինագիծը»,- «Վրացական երազանքին» է դիմել անկախ պատգամավոր Թամար Կորձաիան։

Հանձնաժողովի նիստին մասնակցել են նաև իրավապաշտպաններ։ «Սափարի» կազմակերպության գործադիր տնօրեն Բաիա Պատարաիան ասել է, որ կին պատգամավորները որոշ քաղաքային խորհուրդներ են մտել միայն քվոտավորման մեխանիզմի ներդրումից հետո։

«Դուք մեզ վստահեցնում եք, որ կանայք չեն կարող մտնել սակրեբուլոներ, խորհրդարան՝ ոչ կոմպետենտ լինելու և անգրագիտության պատճառով։ Սա՞ է պատճառը, թե՞ այն, որ միլիոնատեր տղամարդկանց մեծամասնությունը մնում է դրսում, և նրանց բերելու համար դուք կանանց դուրս եք շպրտում խորհրդարանից»,- ասել է Պատարաիան՝ հավելելով, որ գենդերային քվոտաների չեղարկումը Վրաստանին հետ կմղի եվրաինտեգրման ճանապարհից։

Կոմիտեի նախագահ Ռատի Իոնաթամիշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանքի» պատասխանը քննադատություններին կլինի այն ընտրացուցակը, որը կուսակցությունը կներկայացնի խորհրդարանական ընտրություններից առաջ։

2020 թվականին իշխող կուսակցության աջակցությամբ ընտրական օրենսգրքում փոփոխություն է մտցվել, ըստ որի՝ կուսակցությունները պարտավոր են 2024 թվականի հոկտեմբերի 26-ի և դրան հաջորդող՝ մինչև 2028 թվականը անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների համար կուսակցական ցուցակները կազմել այնպես, որ ցուցակի յուրաքանչյուր քառյակում առնվազն մեկը լինի կին։ «Վրացական երազանքի» նախաձեռնությամբ 2023 թվականի փետրվարին գենդերային քվոտայի կանոնը երկարացվել է մինչև 2032 թվականը։ Գենդերային քվոտաները վերաբերում են նաև մունիցիպալիտետների քաղաքային խորհուրդներին: Մասնավորապես, մինչև 2032 թվականը ներառյալ կայանալիք մունիցիպալիտետի մարմինների ընդհանուր ընտրությունների համար կուսակցական ցուցակի յուրաքանչյուր երեք թեկնածուից առնվազն մեկը պետք է լինի կին։

Խորհրդարանը «Գիրչիի» օրինագիծը կքննարկի արագացված կարգով։ Վրաստանի հանրային պաշտպանը բացասական է գնահատում գենդերային քվոտաների վերացումը։ Լևան Իոսելիանին նշում է, որ այս մեխանիզմը ոչ թե կանանց տրվող արտոնություն է, այլ կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը վերացնելու, կարծրատիպերի դեմ պայքարելու և միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները կատարելու կարևոր գործիք։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։