Մաիսուրաձե ազգանունը Վրաստանում ամենատարածված ազգանունների շարքում 4-րդն է։ Այս ազգանվան ծագման վայրում՝ Ռաճայի Ծեդիսի գյուղում, Մաիսուրաձեների ընդամենը մեկ ընտանիք է ապրում, որը մանկահասակ երեխաներ ունի։ Այն պատճառով, որ ընտանիքը այլ վայրում տուն չունի, 6-ամյա Անաստասիա Մաիսուրաձեն մեծացել է առանց նախադպրոցական կրթության։ Անաստասիան երկու փոքր եղբայր ունի՝ 5-ամյա Գիորգին և 1-ամյա Նիկոլոզը։ Այժմ, որպեսզի Գիորգին կարողանա նախադպրոցական կրթություն ստանալ, Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնը հայց է ներկայացնում դատարան և պահանջում՝ Ծեդիսի գյուղում մեկ երեխայի համար մանկապարտեզ բացել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Ծեդիսին Օնիից 16 կմ հեռավորության վրա է՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանի մոտ։ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո գյուղին պատկանող տասնյակ հեկտար խոտհարքերն ու արոտավայրերը ծեդիսցիների համար այլևս հասանելի չեն։ Պատերազմից մեկ տարի էլ չանցած՝ ռուս օկուպանտները Ծեդիսիի դաշտերում հայր և որդի Աբեսալոմ և Մաթե Մաիսուրաձեներին կապել էին ծառից, իսկ նրանց պատկանող ցլերին տարել իրենց հետ։
Ծեդիսիից երիտասարդների հեռանալու պատճառներից մեկը պատերազմից հետո առաջացած վախն է։ 2002 թվականին Ծեդիսիում բնակվում էր 163 մարդ, 2014 թվականին՝ ընդամենը 53։ Մարդահամարից մարդահամար 12 տարվա ընթացքում բնակչության թիվը երեք անգամ պակասել է։ Հիմա նույնիսկ այդքան մարդ չի ապրում, ձմռանը մոտ քսան հոգի է մնում։ Երկու մանկահասակ երեխաներով մի ընտանիք գյուղը լքել է հենց մանկապարտեզի և դպրոցի բացակայության պատճառով։ Ծեդիսին բացառություն չէ: Օնիի շրջանի 49 գյուղերում մինչև 6 տարեկան երեխաներ չունենալու պատճառներից մեկը կրթական ծառայությունների անհասանելիությունն է՝ զբաղվածության խնդրին զուգահեռ։
Մաթե Մաիսուրաձեն նույնպես մտածել է երեխաների կրթության համար Ծեդիսիից հեռանալու մասին, սակայն դրա հնարավորությունը չեն ունեցել։ Ընտանիքը սոցիալապես անապահով է։ Ծեդիսիից մոտակա մանկապարտեզը Օնի քաղաքում է, այնտեղ պետք է բնակարան վարձեին։ Գյուղը շրջկենտրոնին կապող հասարակական տրանսպորտի գործառույթ կատարող մեքենան երկու շաբաթը մեկ անգամ է սպասարկում մարդկանց։ Օնի տեղափոխվելը կնշանակեր ավելի աղքատացնել ընտանիքը։ Ծեդիսիում նրանք մի քանի գլուխ անասուն են պահում ու կարտոֆիլ են աճեցնում։
Մեկ երեխայի պատճառով չենք կարող մանկապարտեզ բացել. սա է տեղական իշխանությունների պատասխանը ծնողների խնդրանքին, որոնք կարծում են, որ իրենց երեխաները նույնպես նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն պետք է ունենան։
Ապրիլի 5-ին Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնը նամակով դիմել է Օնիի քաղաքապետարան և խնդրել Ծեդիսիի հետ միասին նախադպրոցական դաստիարակություն և կրթություն տրամադրել Ղեբիում և Սորիում բնակվող երեխաներին։ Ղեբիում հինգ երեխա կա, Սորիում՝ չորս, որոնք մնացել են առանց մանկապարտեզի։
Օնիի շրջանում գործում է երկու մանկապարտեզ՝ Օնի քաղաքում և Գլոլա գյուղում։ Ծեդիսիի նման, Սորիում և Ղեբիում ապրող երեխաների համար ոչ մեկը հասանելի չէ:
Ղեբի գյուղը Օնիից 35 կիլոմետր հեռավորության վրա է։ Գնալ-գալու ճանապարհը կազմում է 70 կիլոմետր։ Նախադպրոցական տարիքի երեխաների համար շատ դժվար է ամեն օր այս ճանապարհն անցնելը, նույնիսկ եթե մունիցիպալիտետը երեխաների համար տրանսպորտ տրամադրի։
Ինչ վերաբերում է Սորիին, գյուղից մինչև շրջկենտրոն հեռավորությունը 14 կիլոմետր է։ Քանի որ Սորին Ամբրոլաուրի-Օնի մայրուղու վրա է գտնվում և, ի տարբերություն Ղեբիի և Ծեդիսիի, ավելի քիչ է բնութագրվում կլիմայական խիստ պայմաններով, առատ ձյան տեղումներով և դժվարանցանելի ճանապարհներով, անչափահասների ծնողները կարծում են, որ իրենց երեխաները կարող են նախադպրոցական կրթություն ստանալ Օնիի մանկապարտեզում, եթե մունիցիպալիտետը նրանց տրանսպորտով ապահովի։
Օնիի քաղաքապետի առաջին տեղակալ Գիորգի Նոդարիշվիլիի խոսքով, մինչև 2023-2024 ուսումնական տարին մունիցիպալիտետի բոլոր այն գյուղերում, որտեղ առանց մանկապարտեզի մնացած նախադպրոցական տարիքի երեխաներ կան, կբացվեն դպրոցական պատրաստության խմբեր։ Դպրոցական պատրաստության խումբը մանկապարտեզ չի հանդիսանում։ Այստեղ կարող են սովորել 5 տարեկանը լրացած երեխաները՝ մինչև դպրոց ընդունվելը։ Երեխաներն այստեղ օրվա ընթացքում մի քանի ժամ կանցկացնեն։
Քաղաքապետարանից հայտնում են, որ այս տարի Օնիի մունիցիպալիտետի Ղարի գյուղում կսկսվի 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցում։
Անհասկանալի է, թե ինչով է հիմնավորվում Ղարիում 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցումը (մրցութային գինը՝ 1 291 246 լարի), երբ գյուղում մինչև երկու տարեկան 6 երեխա կա, իսկ երկու տարեկանից բարձր՝ մինչև դպրոցական տարիքը՝ 3 երեխա։
Քաղաքապետարանը չի հստակեցնում, թե ինչ ուսումնասիրությունների և/կամ տվյալների վրա է հիմնված այս որոշումը և ինչի հիման վրա է նախատեսվում կառուցել 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, երբ այս ռեսուրսով հնարավոր կլիներ մինչև 6 տարեկան երեխաների համար այլ գյուղերում (Ղեբիում, Սորիում, Ծեդիսիում) ապահովել նախադպրոցական դաստիարակությունն ու կրթությունը։
«Ռաճայի այս երեք գյուղերում ապրող երեխաների նախադպրոցական կրթությունից զրկվելու փաստը կարող ենք բացատրել խտրականությամբ, որը հիմնված է երեխաների բնակության վայրի և աշխարհագրական հասանելիության վրա, ինչն անընդունելի է», - ասում է Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնի իրավաբան Վլադիմիր Քութաթելաձեն:
Օրենսդրությունը նախադպրոցական կրթության ապահովման պատասխանատվությունը վերապահում է մունիցիպալիտետներին և չի հստակեցնում, թե գյուղում քանի երեխա պետք է լինի մանկապարտեզ բացելու համար։ Նախադպրոցական կրթության հասանելիությունը սահմանադրական իրավունք է և պետք է լինի համընդհանուր և հասանելի բոլոր երեխաների համար: Բացի այդ, «Վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթության մասին» օրենքի համաձայն՝ մանկապարտեզի երեխաներին պետք է տրամադրվի անվճար սնունդ, որը պետք է համապատասխանի երեխայի զարգացման համար անհրաժեշտ չափանիշներին։
Սա առաջին հայցը չէ մանկապարտեզների բացման պարտավորության պահանջով, որն այս տարի դատարան է ներկայացրել Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնը, սակայն առաջին անգամն է, որ կազմակերպությունը հայց է սկսել բարձրլեռնային գյուղում ապրող մեկ երեխայի նախադպրոցական կրթության իրավունքի իրացման համար։
Հասարակական կազմակերպությունը Դմանիսիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և սակրեբուլոյի հետ նույնպես դատական վեճ է սկսել պետիցիաները (խնդրագիր) չքննարկելու համար, որոնցով բնակիչները պահանջում էին Ամամլո և Իրգանչայ գյուղերում մանկապարտեզներ բացել։ Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնը շրջանային դատարանից հայցը հետ է վերցրել այն բանից հետո, երբ Դմանիսիի քաղաքային խորհուրդը փաստաթղթեր է ներկայացրել, որ երկու գյուղերում էլ մանկապարտեզների կառուցման համար մրցույթ է հայտարարվել և պետբյուջեից հատկացվել է շուրջ 7 մլն լարի։ Յուրաքանչյուր գյուղում կկառուցվի 125 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ։ Մայիսի 18-ին Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնը դիմել է Սաչխերեի շրջանային դատարան՝ Ճիաթուրայի մունիցիպալիտետի Վաչևի և Զեդա Ճալովանի գյուղերում մանկապարտեզներ բացելու պահանջելով։
Անցած տարեվերջին մանկապարտեզներ բացելու և դրանց գործունեությունն ապահովելու պահանջով Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնը 11 մունիցիպալիտետների սակրեբուլոներին է ներկայացրել 16 պետիցիա։ 11 մունիցիպալիտետներից 9-ում (Ախալքալաք, Ծալկա, Դմանիսի, Սագարեջո, Բորջոմի, Սաչխերե, Ճիաթուրա, Ցագերի, Ասպինձա) պետիցիայի մեխանիզմն առաջին անգամ է կիրառվել, չնայած այն հանգամանքին, որ պետիցիան որպես քաղաքացիների մասնակցության ձև՝ տեղական ինքնակառավարման օրենսգրքով սահմանվել է 7 տարի առաջ։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2022 թվականին՝ կառավարության վերջին նիստում, հայտարարել է մանկապարտեզների կառուցման և վերականգնման կառավարության նոր ծրագրի մեկնարկի մասին։
Մունիցիպալ զարգացման հիմնադրամը՝ Բորջոմիի, Տղիբուլիի, Դմանիսիի, Ծալկայի, Սագարեջոյի գյուղերում, որտեղ մանկապարտեզների բացման պահանջով պետիցիաներ էր ներկայացվել, շինարարության համար մրցույթ է հայտարարել և հատկացրել է մոտ 25 մլն լարի։