Մենք վերանայում ենք Վրաստանի հետ մեր հարաբերությունները. Գերմանիայի դեսպան

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը հայտարարել է, որ Գերմանիան վերանայում է իր հարաբերությունները Վրաստանի հետ և որոշել է նոր պարտավորություններ չստանձնել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Դեսպանի խոսքով՝ Վրաստանի կառավարության գործողությունների պատճառով Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը դադարեցվել է։

«Հիմա սա Եվրամիության քաղաքականությունն է, և դա շատ տխուր է, քանի որ ամեն ինչ կարող է բոլորովին այլ լինել, մենք կարող ենք շատ արագ առաջ շարժվել, մենք ուզում ենք առաջ գնալ, բայց անդամակցության գործընթացի արագությունն ու որակը թեկնածուի ձեռքում է։

Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա մենք նույնպես վերանայում ենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ։ Ինչպես գիտեք, մենք ունենք շատ լայն և խորը հարաբերություններ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին մենք Վրաստանում զարգացման համագործակցության խոշորագույն դոնորներից ենք։ Մենք որոշել ենք այս պահին Վրաստանի նկատմամբ նոր պարտավորություններ չստանձնել, հետևաբար Գերմանիայից Վրաստանի նկատմամբ նոր ֆինանսական պարտավորություններ այս պահին չկան։ Նաև Գերմանիայի զինված ուժերը չեղարկել են իրենց մասնակցությունը «Արժանի գործընկեր» զորավարժություններին։ Մենք չեղարկեցինք մեծ իրավաբանական ֆորումը, որը անցկացվել էր Թբիլիսիում անցյալ տարի և պետք է կայանար այս ամառ Բեռլինում։ Մենք դիտարկում ենք հետագա անելիքները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պիտեր Ֆիշերը։

Գերմանիայի դեսպանի խոսքով՝ վրացիները պետք է մտածեն, թե իրենց համար որքան կարևոր է անդամակցել Եվրամիությանը. «Մենք ցանկանում ենք, որ դուք միանաք Եվրամիությանը, բայց դուք գիտեք գործընթացը։ Դուք պետք է համապատասխանեք մեր չափանիշներին, իսկ եթե չկատարեք, ապա չեք կարողանա միանալ: Այնպես որ, Վրաստանի քաղաքացիները և վրացի ընկերները պետք է մտածեն, թե որքան կարևոր է Եվրամիությունը ձեզ, ձեր երեխաների, ձեր թոռների համար։ Եթե ​​դուք դա եք ցանկանում, ապա պետք է վերադառնաք մեր կուրսին»,- ասել է դիվանագետը։

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին երեկ ասել է, որ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը ներկայում դադարեցվել է։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում Վրաստանում տեսնում են իրադարձությունների բացասական զարգացում, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ահաբեկում, Եվրամիության և նրա արժեքների մասին ապատեղեկատվության տարածում։

«ԵՄ-ն դադարեցրել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից 2024 թվականին Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի չափով աջակցությունը։ Իրավիճակի հետագա վատթարացման դեպքում կդիտարկվեն այլ միջոցներ․․․ Ամիսներ շարունակ մենք հստակ ազդանշան էինք տալիս, որ եթե օրենքն [նկատի ունի ռուսական օրենքը- խմբ.] ընդունվի, կլինեն հետևանքներ։ Օրենքն ընդունվեց, և հետևանքների ժամանակն է։ Այժմ Վրաստանի և Եվրամիության հարաբերությունները պետք է լինեն ամենաբարձր մակարդակի վրա, փոխարենը՝ ամենացածր մակարդակի վրա է»,- ասել է Պավել Հերչինսկին։

Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես սկսել է վերանայել իր հարաբերությունները Վրաստանի հետ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):