«Մթիս Ամբեբիի» քննադատական ​​նյութերը զանգվածաբար ջնջվել են Ֆեյսբուքից

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Մթիս Ամբեբիի» ֆեյսբուքյան էջից զանգվածաբար ջնջվել են Շովիի ողբերգության, Ճիաթուրայի էկոլոգիական աղետի, Ռաճայի անտառների օկուպացիայի, Բալդայի կիրճի, Պահպանվող տարածքների գործակալությունում առկա կոռուպցիայի և այլ կարևոր թեմաներով պատրաստված հետաքննական ֆիլմերն ու քննադատական ​​ռեպորտաժները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Լրատավականի ֆեյսբուքյան էջից նյութերը սկսել են ջնջվել հունիսի 15-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, որը տևել է մեկ ժամ։ Այս պահին 2023-2024 թվականներին հրապարակված հարյուրից ավելի նյութեր հասանելի չեն։ Լուրերը հեռացվել են նաև այն օգտատերերի անձնական էջերից, ովքեր կիսվել են այդ լուրերով կամ նշել են լրատվականին:

«Առավոտից արդեն 4 հաղորդագրություն եմ ստացել, որ «Մթիս Ամբեբիի» կողմից լուսաբանվող լուրերը, որոնցով ես կիսվել էի իմ էջով, ջնջվել են իմ սեփական էջից։ Ջնջված գրառումներից 3-ը կապված էին իմ ընտանիքի ողբերգության հետ, իսկ գրառումներից մեկը թվագրված էր 2023 թվականի հոկտեմբերին։ Եզրակացություններ արեք ինքներդ»,- գրել է Իա Մերեբաշվիլին՝ Շովիի աղետի ժամանակ զոհված Դավիթ Բերիաշվիլիի մայրը։

«Մոնիտոր» ստուդիայի, Վրաստանում ԵՄ ներկայացուցչության, Լրագրողական էթիկայի խարտիայի և այլ կազմակերպությունների ֆեյսբուքյան էջերից ջնջվել են այն նյութերը, որտեղ Շովիի ողբերգության վերաբերյալ պատրաստված «Մթիս Ամբեբիի» հետաքննական ֆիլմը նշվում էր որպես եզրափակիչ փուլ անցած և հաղթող: Ջնջվել է նաև Movement EDU-ի պատրաստած տեսանյութը, որտեղ «Մթիս Ամբեբիի» խմբագիր Գելա Մթիվլիշվիլին խոսում է հանրային տեղեկատվության հասանելիության խնդրի մասին։

«Իմ պատից ջնջվել է այն ամենը, ինչ հրապարակել և լուսաբանել է «Մթիս Ամբեբին»։ Դա կարծես հատուկ կազմակերպված քայլ է ճշմարտության հետքերը ջնջելու համար»,- գրում է հոգեբան Ջանա Ջավախիշվիլին։

«Վրա են հասել «Մթիս Ամբեբիին» ու, ըստ երևույթին, բողոքում են իշխանությանը քննադատող հոդվածներ դեմ։ Ֆեյսբուքն էլ ջնջում ու ջնջում է։ Ես նույնպես մի քանի հաղորդագրություն եմ ստացել, որ իմ գրառումները, որոնցում տարածել եմ «Մթիս Ամբեբիի» նյութերը, խախտում են կանոններն ու չափանիշները։ Անգամ ջնջվել է Խարտիայի մրցանակի համար շնորհավորանքս, որտեղ հղումներ կային, այդ թվում՝ «Մթիս Ամբեբիի»։ Ես Ֆեյսբուքին խնդրեցի վերանայել որոշումը։ Չգիտեմ, թե ինչ արդյունք կունենա, բայց երևի բոլորս էլ նույնը պետք է անենք։ Այնպես որ, ինչքան էլ ջնջեն, միևնույն է չեն կարողանա մեր մտքից ջնջել։ Մենք հիշում ենք Շովի դեպքն էլ, Ռաճայի անտառների օկուպացիան էլ և շատ այլ դեպքեր»,- գրել է մեդիա պրոդյուսեր Թամար Ռուխաձեն։

Meta ընկերությունը, որին պատկանում է Ֆեյսբուքը, որպես նյութերի հեռացման պատճառ նշում է կիբերանվտանգությունը։ «Թվում է, որ դուք փորձել եք հավաքել զգայուն տեղեկատվություն ուրիշներից», - ասվում է Meta-ի հաղորդագրության մեջ: «Մթիս Ամբեբին» արձագանքելու համար արդեն կապ է հաստատել Meta-ի հետ։

«Մթիս Ամբեբիի» ֆեյսբուքյան էջը միակը չէ, որտեղից զանգվածաբար ջնջվում են նյութեր։ Արդարադատության բարձրագույն խորհրդի նախկին անդամ, «Դատարանի ժամապահ» հասարակական կազմակերպության ղեկավար Նազի Ջանեզաշվիլին ասում է, որ իր կազմակերպության ֆեյսբուքյան էջից ջնջվել է շուրջ 60 գրառում, այդ թվում՝ դատական ​​կլանի մասին հոդվածները։ Այս դեպքում էլ Meta-ն որպես պատճառ նշում է կիբերանվտանգությունը։

«Մթիս Ամբեբին» բազմիցս դարձել է իշխանության առաջին դեմքերի հարձակումների թիրախ։ Շովիի ողբերգության վերաբերյալ պատրաստած լրագրողական հետաքննությամբ Եվրամիության մեդիա մրցույթին մասնակցելու պատճառով խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին բացատրություն է պահանջել Եվրամիության ներկայացուցչից։

Մինչ այդ, Շովիի ողբերգության քննադատական ​​լուսաբանման պատճառով, իշխող կուսակցության այն ժամանակվա նախագահ, գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրատվականի հիմնադիր և խմբագիր Գելա Մթիվլիշվիլիին «սրիկա» էր անվանել։

Գելա Մթիվլիշվիլին այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունմանը զուգընթաց եղել է նաև «Վրացական երազանքի» կազմակերպած ատելություն և բռնություն հրահրելու արշավի թիրախներից մեկը։ Թբիլիսիում՝ այն շենքի պատերի վրա, որտեղ գտնվում է «Մթիս Ամբեբիի» խմբագրությունը, նախորդ ամիս բազմիցս վիրավորական և զրպարտչական գրություններ է արվել։ «Վրացական երազանքի» պատգամավոր, իշխող կուսակցության քաղխորհրդի անդամ Դիմիտրի Սամխարաձեն խոստովանել է, որ ատելության քարոզարշավի կազմակերպիչը ինքն է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։