Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է Վրաստանի Ազգային բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի թեկնածությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վրացական երազանքը»։ Ըստ իշխող կուսակցության՝ Զուրաբիշվիլիի հետ պայմանավորվածություն է եղել, որ նա կառաջադրի Խուցիշվիլիի թեկնածությունը, որից հետո հնարավոր կդառնա Ազգային բանկի նախագահի նշանակումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 6 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
«Վրացական երազանքի» քաղխորհրդի կարծիքով՝ Սալոմե Զուրաբիշվիլիի գործողությունները «խնդիրներ են ստեղծում մեկ այլ կարևոր սահմանադրական ինստիտուտի պատշաճ գործունեության համար»։
«Վրաստանի Ազգային բանկում մինչ օրս թափուր է խորհրդի անդամի երկու պաշտոն, մարտի 2-ից թափուր է նաև Ազգային բանկի նախագահի պաշտոնը։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ Ազգային բանկի խորհրդի անդամներն ընտրվում են խորհրդարանի կողմից՝ նախագահի առաջարկությամբ։ Ըստ այդմ, նշված որոշումը պետք է կայացվի կառավարող թիմի և նախագահի միջև խորհրդակցությունների հիման վրա։ Նման խորհրդակցություններ կառավարող թիմի և նախագահի միջև արդեն տեղի են ունեցել, որից հետո Վրաստանի նախագահը հաստատել է Լաշա Խուցիշվիլիին Ազգային բանկի խորհրդի անդամներից մեկի թեկնածությունն առաջադրելու պատրաստակամությունը։
Խորհուրդն առնվազն մեկ անդամով համալրելուց հետո հնարավոր կլիներ նշանակել Ազգային բանկի նախագահ։ Խորհրդակցությունների ընթացքում հայտարարվել են կոնկրետ ժամկետներ՝ փետրվար, մարտի 8 և այլն։ Նախագահը, սակայն, խախտել է համաձայնեցված բոլոր ժամկետները և Ազգային բանկի խորհրդի անդամի թեկնածու չի ներկայացրել խորհրդարանին։
Պայմանավորվածություններից մեկի համաձայն՝ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանին պետք է ներկայացներ Լաշա Խուցիշվիլիի թեկնածությունը, եթե Վրաստանի խորհրդարանը չհաղթահարեր «Վրաստանի ազգային բանկի մասին» օրգանական օրենքի վրա նախագահի կողմից դրված վետոն։ Խորհրդարանը կատարել է պայմանավորվածությունը և չի հաղթահարել վետոն, սակայն, ցավոք, Սալոմե Զուրաբիշվիլին այս դեպքում էլ դրժել է խոստումը։ Խորհրդի անդամների ընտրության հարցով նախագահի հետ վերջին շփումը տեղի է ունեցել երեկ՝ կառավարող թիմի նախաձեռնությամբ, սակայն Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ մինչև տարեվերջ որևէ թեկնածու չի ներկայացնի խորհրդարանին։
Նախագահի նման կոշտ վերաբերմունքը սահմանադրական կարևորագույն ինստիտուտներից մեկի նկատմամբ ուղղակիորեն հակասում է նրա սահմանադրական պատասխանատվության հետ։ Հստակ նշաններ կան, որ Վրաստանի նախագահն իր գործողություններով նպատակաուղղված խոչընդոտ է ստեղծում Վրաստանի Ազգային բանկի սահուն գործունեության համար»,- նշում են իշխող կուսակցությունից։
«Վրացական երազանքը» մտադիր է հաղթահարել նախագահի վետոն և փոփոխություններ մտցնել «Վրաստանի ազգային բանկի մասին» օրգանական օրենքում։ Խորհրդարանը վետոյի հաղթահարման ընթացակարգը կավարտի հաջորդ նստաշրջանի շաբաթվա ընթացքում։
Փետրվարի 9-ին «Վրացական երազանքը» արագացված կարգով ընդունեց «Վրաստանի ազգային բանկի մասին» օրգանական օրենքում փոփոխությունները, իսկ փետրվարի 23-ին նախագահ Զուրաբիշվիլին վետո դրեց օրենքի վրա։ Նրա պարզաբանմամբ՝ օրենքում փոփոխությունները «ոչ անհրաժեշտ են, ոչ հրատապ, ոչ էլ փաստարկված»։
«Վրացական երազանքի» նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ Ազգային բանկի խորհրդի կազմին, որն այս պահին ունի 9 անդամ, ավելանում է առաջին փոխնախագահի պաշտոնը։ Ազգային բանկի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները կկատարի առաջին փոխնախագահը։
«Մի՞ թե իշխանությանը չի բավարարում որևէ մի փոխնախագահի թեկնածությունը, և արդյո՞ք անհրաժեշտ է լրացուցիչ մանդատ ստեղծել։ Նաև կասկած կա, որ եթե Վրաստանի նախագահի թեկնածուները չստանան խորհրդարանի աջակցությունը, ապա օրենքը թույլ է տալիս առաջին փոխնախագահին անժամկետ կատարել Ազգային բանկի նախագահի պարտականությունները», - վետոն կիրառելու ժամանակ հայտարարել էր Զուրաբիշվիլին։
Կոբա Գվենետաձեի՝ Ազգային բանկի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրացել է մարտին։ Ներկայում նախագահի պարտականությունները կատարում է Արչիլ Մեստվիրիշվիլին, ով մինչ այդ եղել է փոխնախագահներից։
Գործող օրենքի համաձայն՝ Ազգային բանկի նախագահին՝ Ազգային բանկի խորհրդի անդամներից, Ազգային բանկի խորհրդի առաջադրմամբ, նշանակում և պաշտոնից ազատում է Վրաստանի նախագահը։ Ազգային բանկի փոխնախագահներին նշանակում և պաշտոնից ազատում է Ազգային բանկի խորհուրդը` Ազգային բանկի նախագահի առաջարկությամբ: Խորհրդի 9 անդամներից 4-ը գործադիր անդամներ են՝ նախագահը և 3 փոխնախագահները, իսկ 5 անդամները՝ ոչ գործադիր։ Գործող օրենսդրության համաձայն՝ Ազգային բանկի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է փոխնախագահներից մեկը։
«Վրացական երազանքի» պատգամավորների նախաձեռնած փոփոխությունների հետ համաձայն չէ նաև Ազգային բանկը։ Արչիլ Մեստվիրիշվիլիի խոսքով՝ նոր օրենքի համաձայն՝ խորհրդի 5 անդամները կլինեն գործադիր անդամներ, 4-ը՝ ոչ գործադիր, որով կվերացվի Ազգային բանկի խորհրդի՝ որպես անկախ վերահսկող մարմնի դերը։ Բացի այդ, Մեստվիրիշվիլին ասել է, որ Ազգային բանկի նախագահի բացակայության պայմաններում նրա լիազորությունների հանձնումը կոնկրետ փոխնախագահին երբեք չի խոչընդոտել բանկի գործունեությանը։