Ներողության մասին Իվանիշվիլիի հայտարարությունից հետո Ցխինվալիի ռեժիմը «իրական քայլ» է ակնկալում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Կատարած գործողությունները հասկանալու որոշակի միտումը, որն այսօր հայտարարվում է նախընտրական գործընթացի տրամաբանության համատեքստում, կարծես թե ապագայում գործնական միջոցառումներ է ենթադրում»,- այսպես է դե ֆակտո Հարավային Օսիայի Հանրապետության ԱԳ նախարարությունն արձագանքել «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի Գորիում արած հայտարարությանը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ինչպես և սպասվում էր, 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի համար օս ժողովրդից ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին իշխող «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարություններից հետո հանդես եկավ վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ով ասաց, որ Վրաստանում ոչ ոք չի պատրաստվում դա անել:

Կոբախիձեի դիրքորոշումը, որ իր հայրենակիցները, ովքեր կռվել են Հարավային Օսիայի խաղաղ բնակչության դեմ՝ հերոսներ են, իսկ օսերը, ովքեր պաշտպանել են իրենց հողը՝ մարդասպաններ, լիովին համապատասխանում է Վրաստանում ստեղծված իրական իրավիճակի խեղաթյուրված պատկերացմանը։

Սակայն հարաբերությունների կարգավորման հեռանկարը չի կարող կախված լինել կոնկրետ պահին Վրաստանի քաղաքական կոնյուկտուրայից։

Ցավոք, օս ժողովրդի պատմության մեջ չափազանց շատ են արյան հետքերը և չսպիացած վերքերը, որոնք թողել են վրաց քաղաքականությունն ու վրացի քաղաքական գործիչները 1920, 1989-2004 և 2008 թվականներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Այժմ Ցխինվալիի օկուպացիոն ռեժիմը վրացական իշխանություններից «իրական քայլ» է սպասում։

«Մենք ակնկալում ենք, որ իրական քայլը, որը կհաստատի պարոն Իվանիշվիլիի արտահայտած բարի մտադրությունների անկեղծությունը, մոտ ապագայում կդառնա իրավաբանորեն պարտադիր փաստաթղթային մերժում Հարավային Օսիայի և Աբխազիայի հանրապետությունների նկատմամբ Վրաստանի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման հնարավորության մասին»,- ասել են այսպես կոչված արտաքին գործերի նախարարությունից և հավելել, որ Ռուսաստանի Դաշնության հետ ինտեգրման ամրապնդումը «Հարավային Օսիայի» պատմական գիտակցված ընտրությունն է։ Նրանք Ռուսաստանին համարում են «խաղաղության և անվտանգության երաշխավոր» տարածաշրջանում, որտեղ ապրում է բաժանված օս ժողովրդի զգալի մասը։

Բիձինա Իվանիշվիլին, ելույթ ունենալով սեպտեմբերի 14-ին Գորիում ընտրողների հետ նախընտրական հանդիպման ժամանակ, ասել է, որ «հոկտեմբերի 26-ի ընտրություններից անմիջապես հետո, երբ կդատվեն պատերազմ սանձազերծողները, մենք մեր մեջ անպայման ուժ կգտնենք ներողություն խնդրելու այն բանի համար, որ դավաճան «Ազգային շարժումը» 2008 թվականին կրակի մատնեց մեր օս քույրերին ու եղբայրներին»։

Բացի այդ, Իվանիշվիլին հայտարարել է, որ «մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման համար» և նման դեպքում անհրաժեշտ կլինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ։ Սա Իվանիշվիլիի նշած փաստարկներից մեկն է, որով նա փորձում է համոզել ընտրողներին հոկտեմբերի 26-ի ընտրություններում քվեարկել «Վրացական երազանքի» օգտին և խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ստանալ։

 

Այս թեմայով՝

«Երազանքը» ընտրողների համար պայքարում շահարկում է տարածքային ամբողջականության հարցը․ Ցխինվալի

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):