Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը գնահատելիս ասել է, որ դաշինքը չի կարողանում արդյունավետ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի անդամակցության համար, և դա դաս է նաև Վրաստանի համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
- 6 «Մենք գիտենք, թե դա ինչ է». Ալիևը՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին
«Ես ժպիտով էի նայում այն լուրերին, որոնք հնչում էին մեր դժբախտացած ընդդիմության հեռուստատեսությամբ վերջին օրերին։ Սկզբում պատկեր էին ներկայացնում, թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հրաշք է տեղի ունեցել, և Ուկրաինան արդեն ապաօկուպացրել է, հաղթել է, հրաշք է տեղի ունեցել, և Վրաստանը այս ամենից զրկված է մնացել։ Եկեք հարցնենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
Բացի նրանից, որ MAP-ը (Անդամակցության գործողությունների ծրագիր) այլևս անհրաժեշտ չի լինի, մենք ուղղակի հայտարարություններ ենք լսել, որ Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ չի հաղթել Ռուսաստանին: Հարց ունեմ՝ եթե Ուկրաինան հաղթի Ռուսաստանին, ապա ի՞նչ կարիք կա ՆԱՏՕ-ին անդամակցելու։
Սկսենք այստեղից։ ՆԱՏՕ-ն անվտանգության երաշխավորն է, գլխավորը, որը կարող է երաշխավորել ցանկացած ինքնիշխան, անկախ պետության անվտանգությունը՝ ՆԱՏՕ-ն է։ Այսօր աշխարհում չկա մեկ այլ, ավելի լավ հովանոց կազմակերպություն: Դրա համար մենք ձգտում ենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ... Ասում էին, որ քանի դեռ Ուկրաինան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Ինչո՞ւ։ Ասացին, որ մենք չենք կարող թույլ տալ երրորդ համաշխարհային պատերազմ, այսինքն՝ ՆԱՏՕ-ն ու ողջ Արևմուտքը, աշխարհը՝ Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական առճակատման մեջ չի մտնի։
Նման իրավիճակում, երբ մենք խոսում ենք այսքան մեծ, մեզնից 10 անգամ մեծ, 40 միլիոն բնակչություն ունեցող և Եվրոպայի ամենամեծ պետության մասին, նրա պատճառով ՆԱՏՕ-ն չի կարողանում արդյունավետ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ, մենք՝ Վրաստանը, պետք է նախ մեր մասին մտածենք։ Այս օրինակը դաս է նաև մեզ համար»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունն ընտրել է «ռազմավարական համբերության քաղաքականություն», որպեսզի «չափազանց ակնկալիքներ» չստեղծվեն, և երկիրը աստիճանաբար մերձենա և ճիշտ պահին դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ։
«Սա է մեր հիմնական խնդիրը։ Այսօր երկիրը օկուպացված է, մենք ունենք բազմաթիվ մարտահրավերներ տեղում, մենք շատ խելամիտ ենք, զգույշ ենք բոլոր մարտահրավերների, սպառնալիքների և ռիսկերի նկատմամբ, որոնց առջև կանգնած է մեր երկիրը և ժողովուրդը։ Սա պատասխանատվություն է, որը տրվել է մեզ, մեզ տվել է մեր ժողովուրդը։ Ուստի, ճիշտն ասած, ես նույնիսկ թշնամուն չէի ցանկանա լինել այսօրվա Ուկրաինայի իշխանության դերում, քանի որ նրանք շատ ծանր վիճակում են, քանի որ պայքարում են ագրեսոր պետության դեմ, շատ դժբախտություններ են տեղի ունենում պատերազմի պատճառով»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանի վարչապետը կարծում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վրաստանը պատվով ներկայացել է արտաքին գործերի նախարարի մակարդակով։
«Մենք ուղարկել ենք արտգործնախարարին։ Ընդհանրապես, ուզում եմ ասել, որ Ուկրաինան ինքը, եթե ուշադրություն դարձրիք, հրավիրված չի եղել այդ գլխավոր պանելին ու գագաթնաժողովին, նրան հրավիրել են ճաշկերույթին։ Ասեմ նաև, որ ինձ որոշակի առաջարկ է եղել, խոսքը ճաշի մասին էր։ Ի վերջո, մենք որոշեցինք երկիրը ներկայացնել արտաքին գործերի նախարարի մակարդակով։ Սրանով մեր երկիրը ոչինչ չի կորցրել։ Այս ավելորդ աղմուկը բացարձակապես անօգուտ է, ոչինչ չտվող»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։
Հուլիսի 11-12-ին կայացած Վիլնյուսի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշել են, որ Ուկրաինային դաշինք հրավիրելը հնարավոր կլինի, երբ դաշնակիցները պայմանավորվեն դրա շուրջ և պայմանները կատարվեն։ Հատուկ ժամկետներ չեն նշվել: Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ անդամակցության ճանապարհին Ուկրաինային անդամության գործողությունների ծրագիր (MAP) տալու փուլը չեղարկվելու է։ Գագաթնաժողովի արդյունքում ստեղծվել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդ, որտեղ դաշնակիցները և Ուկրաինան կհանդիպեն որպես հավասար մասնակիցներ՝ «նպաստելու քաղաքական երկխոսությանը, ներգրավվածությանը, համագործակցությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ձգտումներին»:
«Ամենակարևորն այն է, որ մենք բոլորս հասկանում ենք այն պայմանները, թե երբ և ինչպես Ուկրաինան կմտնի ՆԱՏՕ։ Այն, որ Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում, միանշանակ է, որ ոչ ոք որևէ մեկի հետ առևտուր չի անելու ՆԱՏՕ-ի անդամակցության հետ, որ դա իրական քաղաքական որոշում է՝ հիմնված Ուկրաինայի անվտանգության իրավիճակի վրա»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Բացի այդ, Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Մեծ յոթնյակի անդամ երկրները Ուկրաինայի մասնակցությամբ համատեղ հռչակագիր են ընդունել։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ճապոնիան, ինչպես նաև Եվրամիությունը պայմանավորվել են Ուկրաինայի անվտանգության երկարաժամկետ երաշխիքների մասին՝ ուղղված նրա պաշտպանունակության ամրապնդմանը և ապագա ռուսական ագրեսիան զսպելուն։ Դա ներառում է Ուկրաինային ժամանակակից զինտեխնիկայի մատակարարում, ուկրաինացի զինվորականների վերապատրաստում և հետախուզական տվյալների փոխանակում։ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան առաջին անգամ ՆԱՏՕ-ի ճանապարհին անվտանգության հիմք ունի։