Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հավանաբար հետաքննում է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և կուսակցության այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ահաբեկչություն նախապատրաստելու գործը։ Գելա Կախաբրիշվիլին և նրա փաստաբան Միխեիլ Ռամիշվիլին այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում հարցաքննությունն ավարտելուց հետո հայտարարել են, որ ՊԱԾ-ի քննիչի հարցերն այս մասին են եղել։ Աբխազիայի և 2008 թվականի Օգոստոսյան պատերազմների վետերան Գելա Կախաբրիշվիլին Ուկրաինայում կռվող այն վրացիներից է, ում վերջերս ՊԱԾ-ը կանչել է հարցաքննության:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
«Ես կոնտուզիա եմ ստացել, եկել եմ ապաքինվելու, և ինձ մեղադրում են ահաբեկչության և այլ բաների մեջ»,- ասել է Գելա Կախաբրիշվիլին։ Լրագրողների հետ զրույցում նա մեղադրանքներն անվանել է հիմարություն ու անհեթեթություն։ Կախաբրիշվիլիի խոսքով՝ կառավարության նպատակն է ահաբեկել մարտիկներին։
«Խոսակցություն է եղել «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլիի մասին։ Խոսվում է, որ նման բան է ծրագրվում, պարզվում է, որ Վրաստանում ահաբեկչություն է ծրագրվում, որով իշխանությունը պետք է տապալվի։ Կարող են լինել տեղեկություններ, հայտարարություն, որին համապատասխան արձագանք պետք է տան իրավապահ մարմինները։ Նման հայտարարության վերաբերյալ պետք է օբյեկտիվ քննություն իրականացվի։ Սակայն դա չպետք է օգտագործվի ընտրություններից առաջ որոշակի քաղաքական սահմանափակումների համար՝ տարբեր կարծիքների ու ելույթների պատճառով»,- ասել է փաստաբան Միխեիլ Ռամիշվիլին։
Պետական անվտանգության ծառայությունը ընթացող հետաքննության վերաբերյալ հայտարարություն չի արել։ Սակայն վերջերս իշխանամետ լրատվամիջոցները հայտնել են, որ քրեական գործը հարուցվել է 315-րդ և 18-323-րդ հոդվածներով, որոնք ենթադրում են դավադրության և ահաբեկչության նախապատրաստում՝ Վրաստանի սահմանադրական կառուցվածքը բռնի փոխելու նպատակով։ Գործը որակվել է որպես «գաղտնի», իսկ փաստաբանները ստորագրել են չբացահայտման պայմանագիր։
Դատարանում մագիստրատ դատավորի ներկայությամբ հարցաքննվել են նաև Ուկրաինայում կռված Նադիմ Խմալաձեն և Լաշա Ճիղլաձեն, սակայն նրանք չեն ասել, որ տրված հարցերը վերաբերում են Իվանիշվիլիի դեմ ահաբեկչություն նախապատրաստելուն։
Ինչպես նշել է Ճիղլաձեն, ՊԱԾ-ում ընթացող հետաքննությունը «ամբողջովին անհեթեթ է և վիրավորական յուրաքանչյուր մարտիկի համար, ով կռվել է Վրաստանի համար»։
«Մեզ հիմար հոդվածներով են կանչում՝ ահաբեկչական գործողություններ, պետական հեղաշրջում։ Նրանք պատմում են մեկ հանցագործության մասին, որը կատարել են այնտեղից [Ուկրաինա] եկած տղաները։ Չկա ու չի լինելու։ Մեկ տարի է՝ երկրում եմ, բուժվել եմ, երկու անգամ կոնտուզիա եմ ստացել։ Ի՞նչ ահաբեկչական գործողություն։ Ի՞նչ հեղաշրջում։ Ռուսները մեզ այսպես են անվանում, որ մենք ահաբեկիչներ ենք»,- ասել է Ճիղլաձեն։
ՊԱԾ-ը հարցաքննության է հրավիրել Վաժա Ցեցաձեին և Կոնստանտին Ջղամաիային։ Նրանք նույնպես կռվում են Ուկրաինայում։
Պետական անվտանգության ծառայությունը վերջին տարիներին բազմիցս հայտարարել է իշխանությունը տապալելու ծրագրերի մասին։ Մայիսի 8-ին «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի դեմ բազմահազարանոց բողոքի ցույցերի ֆոնին ՊԱԾ-ը հայտարարեց, որ կա «1990-ականների քաղաքացիական բախումների նման իրադարձություններ հրահրելու» վտանգ։ «Վրաստանի քաղաքացիները երկրից դուրս ակտիվորեն ներգրավված են հանցավոր ծրագրերում, մասնավորապես՝ Ուկրաինայում կռվող վրացիների կոնկրետ հատվածը», - այն ժամանակ հայտարարել էր Պետական անվտանգության ծառայությունը, թեև կոնկրետ ապացույցներ չէր ներկայացրել։ Մինչ այդ՝ 2023 թվականի հոկտեմբերին, ՊԱԾ-ը հայտարարեց սպասվող հեղափոխական սցենարների և իշխանությունը տապալելու ծրագրերի մասին։ Ըստ ՊԱԾ-ի՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Վրաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս գործող մի խումբ անձինք ծրագրել են ապակայունացում և քաղաքացիական անկարգություններ կազմակերպել Վրաստանում, որի վերջնական նպատակը բռնի իշխանափոխությունն էր։