Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սահմանադրական դատարանում վիճարկելու է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է նախագահի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Վրաստանի նախագահն առաջին անգամ հայցով դիմում է Վրաստանի Սահմանադրական դատարան։ Հայցը վերաբերում է Օտարերկրյա ազդեցության թափանցիկության ակտին, այսպես կոչված ռուսական օրենքին: Նշված օրենքը հակասահմանադրական է։ Դա հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին։ Հայցը վիճարկում է նաև մի շարք նորմեր, որոնք խախտում են Սահմանադրությամբ երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքներ։ Այս հայցով նախագահը պահանջում է կասեցնել նշված օրենքը և վերջնականապես չեղարկել»,- ասել է Մսխիլաձեն։
Սահմանադրական դատարանում պատասխանող կողմը լինելու է Վրաստանի խորհրդարանը։
Մայիսի 28-ին «Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնությունը հաղթահարեց նախագահի վետոն և վերջնական ընդունեց ռուսական օրենքը։ Օրենքն ուժի մեջ է մտել խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի ստորագրությամբ։
Օրենքի համաձայն՝ բոլոր այն հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, որոնք իրենց եկամուտների 20%-ից ավելին ստանում են միջազգային կազմակերպություններից ստացված դրամաշնորհներից, պետք է գրանցվեն որպես օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպություններ։ Նման կազմակերպությունները պարտավոր են օգոստոսին դիմել Հանրային ռեգիստրի գործակալություն և պահանջել գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպություն։
Սահմանված ժամկետում գրանցումից խուսափելը կամ ֆինանսական հայտարարագիրը չներկայացնելը կառաջացնի տուգանք՝ 25 000 լարիի չափով: Արդարադատության նախարարության պահանջները չկատարելու համար օրենքը նախատեսում է լրացուցիչ տուգանքներ՝ 10 000 և 20 000 լարիի չափով։
Բացի այդ, Արդարադատության նախարարությունը իրավունք ունի տուգանել բոլոր անձանց (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) 5000 լարիով՝ պահանջվող տեղեկատվությունը չներկայացնելու համար։ Արդարադատության նախարարությունը կարող է անհատներից պահանջել անձնական տվյալներ, կոմերցիոն, մասնագիտական և գաղտնի տեղեկատվություն։
Հարյուրից ավելի հասարակական կազմակերպություններ և առցանց լրատվականներ հայտարարել են, որ չեն գրանցվելու «գործակալների» ռեգիստրում։ Որոշ կազմակերպություններ նախատեսում են բողոքարկել ռուսական օրենքը Վրաստանի Սահմանադրական և Մարդու իրավունքների եվրոպական դատարաններում։
