Ռուսական օրենքի դեմ անցկացվող ցույցի ժամանակ ձերբակալված դպրոցի աշակերտը տուգանվել է 2200 լարիով

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսական օրենքի դեմ անցկացվող ցույցի ժամանակ ձերբակալված 18-ամյա Սանդրո Ջոխաձեին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Կոբա Չագունավան օրինախախտ է ճանաչել և տուգանել 2200 լարիով։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

12-րդ դասարանի աշակերտ Սանդրոն ու նրա ավագ եղբայրը՝ «Ճավճավաձեի կենտրոնի» գիտաշխատող Գիգա Ջոխաձեն, ձերբակալվել են ապրիլի 16-ի գիշերը՝ խորհրդարանի ետնամուտքի մոտ։ ՆԳՆ-ն պատճառաբանել է, որ երկուսն էլ խախտել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածները, ինչը ենթադրում է ոստիկանի օրինական պահանջին չենթարկվել և մանր խուլիգանություն։ Օրինախախտ է ճանաչվել նաև Գիգա Ջոխաձեն և տուգանվել 2500 լարիով։

Երկու եղբոր դեմ ցուցմունք են տվել ոստիկանության աշխատակիցները։ Փաստաբան Ջանո Ճկադուայի խոսքով՝ ՆԳՆ-ն չի կարողացել ներկայացնել ոստիկանական շղթայի խախտումը հաստատող որևէ ապացույց։

«Ոստիկանները չորսն էին, սուտ ցուցմունք տվեցին դատարանին։ Դա հաստատեցին ոչ միայն մեր ներկայացրած ապացույցները, այլև ՆԳՆ ներկայացուցիչներն իրենք են բերել տեսագրություն, որը ապացուցում է, թե ինչպես են ձերբակալել Սանդրո և Գիգա Ջոխաձեներին։ Ոստիկաններն ասել են, որ նրանց ձերբակալել են, երբ վերջիններս փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, իսկ տեսագրությունից երևում է, որ նրանք ձերբակալվել են այն ժամանակ, երբ եղել են ոստիկաններից մոտ 100-200 մետր հեռավորության վրա»,- ասել է Ջանո Ճկադուան։

Դատավարությունից հետո ինքը՝ Սանդրո Ջոխաձեն, մեկնաբանել է կատարվածը։ Նրա խոսքով՝ ինքը, ամենայն հավանականությամբ, չի բողոքարկի որոշումը, քանի որ վրացական դատարանի նկատմամբ վստահություն չկա։

«Այս տուգանքը մոտիվացիայի աղբյուր կլինի ինձ համար։ Սա ցուցանիշ է, որ ես ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին պայքարել եմ երկրի համար, և անպայման շարունակելու եմ այս պայքարը»,- ասել է դպրոցի աշակերտը։

Երեկ դատավոր Կոբա Չագունավան 2500 լարի տուգանք է կիրառել հանրահավաքի մեկ այլ մասնակցի՝ Գիգա Բերաձեի նկատմամբ, իսկ ապրիլի 24-ին «Լելո» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեին տուգանել է 2500 լարիով։ «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Գելա Խասաիան նույնպես օրինախախտ է ճանաչվել և տուգանվել՝ 2600 լարիով։

Ապրիլի 19-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ասել է, որ ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիաների ժամանակ վարչական կարգով բերման է ենթարկվել 40 մարդ։

2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ «Ռուսական օրենքը» պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։ Թբիլիսիում՝ խորհրդարանի մոտ, ապրիլի 15-ից բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ ռուսական օրենքի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):