Ռուսական օրենքի համաձայն՝ ֆիզիկական անձանց նույնպես հնարավոր կլինի տուգանել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսական օրենքի հեղինակներ՝ Անրի Օխանաշվիլի և Մամուկա Մդինարաձե

«Վրացական երազանքը» այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի վերջնական տարբերակում փոփոխություն է կատարել, որով ֆիզիկական անձանց պարտավորություն է դրվում Արդարադատության նախարարությանը տրամադրել պահանջվող տեղեկությունը։ Հակառակ դեպքում նախատեսված է 5000 լարի տուգանք։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Փոփոխությունը, որի մասին այսօր է հայտնի դարձել, արտացոլվել է օրենքի վերջնական տարբերակում՝ 8-րդ հոդվածի 3-րդ մասում։ Նշված հոդվածը վերաբերում է «օտարերկրյա ուժի շահեր կրող կազմակերպությանը հայտնաբերելու համար» մոնիտորինգի անցկացմանը և «անհրաժեշտ» տեղեկություններ ստանալուն․

«Մոնիտորինգ իրականացնելու համար Վրաստանի արդարադատության նախարարության կողմից լիազորված անձը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով որոնել անհրաժեշտ տեղեկություն, այդ թվում՝ Վրաստանի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի «բ» ենթակետով նախատեսված տվյալները, այլ անձնական տվյալներ և գաղտնիքներ (բացառությամբ Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված պետական ​​գաղտնիք պարունակող տեղեկությունների): Բոլոր այն անձինք, մարմինները, կազմակերպությունները, հիմնարկները, որոնց Վրաստանի արդարադատության նախարարության կողմից լիազորված անձը կպահանջի ներկայացնել նշված տեղեկությունը, պարտավոր են անհապաղ նրան ներկայացնել իրենց մոտ եղած նշված տեղեկությունները»:

Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Վրաստանի արդարադատության նախարարության կողմից լիազորված անձին սույն օրենքի համաձայն պահանջված տեղեկատվությունը չներկայացնելը կառաջացնի տուգանք՝ 5000 լարիի չափով»։

«Իարկե՝ նախկինում ռուսական օրենքը վերաբերում էր հասարակ մարդկանց։ Եթե ​​եվրաինտեգրումը մի կողմ դնենք, ապրում ենք այս երկրում և բոլորս օգտվում այն լավ բաներից, որոնք ձեռք են բերվում միջազգային օգնությամբ։ Սակայն, եթե մինչ օրս օրենքի ազդեցությունը շարքային քաղաքացու վրա կարող էր անուղղակի լինել և տարածվել ժամանակի ընթացքում, ապա այժմ ուղղակիորեն և վստահորեն կարելի է ասել, որ այո, այս օրենքը կազդի բոլորի վրա։

Հիմա բացահայտ և հստակ գրված է, որ անսահմանափակ տուգանքների մեխանիզմը, անսահմանափակ տեղեկություն և գաղտնիք տրամադրելու պարտավորությունը վերաբերում է նաև ֆիզիկական անձանց»,- ասում է «Քաղաքացիական հասարակության հիմնադրամի» իրավաբան Սաբա Բրաճվելին։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարում է, որ այս հարցը բարձրացվել է մայիսի 1-ին, օրենքի երկրորդ ընթերցման լիագումար նիստում։ Փաստորեն, 8-րդ կետի քննարկումն ու հարցուպատասխանն ավարտվեց առանց զեկուցող Անրի Օխանաշվիլիի փոփոխության մասին որևէ բան ասելու։

«Ահա տեսնում եք, թե ինչու է լավ, որ օրենք կարդան, նախագիծը կարդան ու լսեն ու ներկա գտնվեն լսումներին: Ահա այն։ Մինչ ընդդիմությունը, լրատվամիջոցների մի մասը և «էնջեոները» զբաղված էին սեղանին հարվածելով և քննարկումը խանգարելով, որ լսեին, կտեսնեին, թե ինչպես է քննարկվում այս նախագիծը։ Այս հարցը քննարկվել է երկրորդ ընթերցման ժամանակ, լիագումար նիստում քննարկման ժամանակ այս հարցը բարձրացվել է»,- այսօր լրագրողներին ասել է Պապուաշվիլին։

«Սա նշանակում է, որ երբ անհրաժեշտ է տեղեկություն ստանալ, երբ այս կամ այն ​​կազմակերպության հետ կապված հետազոտություն է ընթանում,  թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձինք պարտավոր են տեղեկատվություն տրամադրել։ Տեղեկություն տրամադրելու պարտավորություն կա։

Գրանցումը չի տարածվում ֆիզիկական անձանց վրա: Տեսնու՞մ եք, թե ինչ մեծ խնդիր է, երբ մարդը ծուլանում է գրել-կարդալ և նախընտրում է բղավելը։ Այս հարցը քննարկվել է երկրորդ ընթերցման ժամանակ։ Եթե ​​հիմա եք բացահայտել երկու շաբաթ առաջվա պատմությունը, դա այլ պատմություն է»։

Պապուաշվիլիին հարցրել են, թե ինչու է տեղեկություն տրամադրելու պարտավորությունը տարածվել ֆիզիկական անձանց վրա, ինչին նա պատասխանել է. «Որովհետև երբեմն անհրաժեշտ է առանձին կազմակերպությունների հետ կապված տեղեկություն ստանալ, և բոլորը՝ և՛ կազմակերպությունները, և՛ անհատները, պարտավոր են տրամադրել այն։ Բա ինչպե՞ս:

Պապուաշվիլին ասում է, որ այս փոփոխությունը չի նշանակում օրենքի խստացում։ Օրենքի էությունը, դրա կարգավորման շրջանակը 20 տոկոսից ավելի արտաքին ֆինանսավորում ունեցող կազմակերպություններն են։ Սրանում ոչինչ չի փոխվում»,- ասել է Պապուաշվիլին։

«Վրացական երազանքը» մայիսի 14-ի լիագումար նիստում երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունեց ռուսական օրենքը։ Մեկ օր առաջ օրենքն ուղարկվել էր Իրավական հարցերի հանձնաժողով՝ երրորդ ընթերցմամբ քննարկելու համար։ Հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին քննարկումն ավարտեց 67 վայրկյանում, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները, որոնց ոստիկանները խանգարում էին մտնել դահլիճ, չհասցնեն մասնակցել նիստին։

Եթե ​​այս օրենքն ուժի մեջ մտնի, անկախ լրատվամիջոցները և ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք գործում են միջազգային հիմնադրամների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ հարակից խմբերի կողմից, ստիպված կլինեն գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ:

Նախագահը մտադիր է վետո դնել խորհրդարանի կողմից հաստատված օրենքի վրա։ Սակայն «Վրացական երազանքը» կարող է հաշվի չառնել Սալոմե Զուրաբիշվիլիի դիտողությունները և հաղթահարել վետոն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։