Ռուսաստանի իշխանությունները չեն բացառում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը, հենց որ դրա համար լինեն «անհրաժեշտ նախադրյալներ»։ Այս հարցի վերաբերյալ հերթական հայտարարությունն է արել արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Գալուզինի խոսքով՝ կայուն կապերը բխում են վրացիների և ռուսների շահերից, որոնց, ինչպես նա է ասում, «միավորում են բարեկամության և բարիդրացիության դարավոր ավանդույթները, ընդհանուր պատմությունը, մշակույթը, հոգևոր արժեքները և միլիոնավոր մարդկանց ճակատագիրը»:
«Մեր երկրում հարյուր հազարավոր էթնիկ վրացիներ են ապրում և հաջողությամբ իրացնում են իրենց ներուժը։ Նաև վերջին շրջանում Վրաստանում ՌԴ քաղաքացիների թիվն ավելանում է... Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հեռանկարներին, ապա մենք չենք բացառում դրական որոշումներ կայացնելը` հենց անհրաժեշտ նախադրյալներ ստեղծվեն»,- ասել է Գալուզինը, ով Վլադիմիր Պուտինի հրամանով ԱԳ փոխնախարարի պաշտոնում նշանակվել է նոյեմբերի վերջին:
ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ 2012 թվականին Մոսկվան առանց վարանելու աջակցել է երկկողմ հարաբերությունների կարգավորման Թբիլիսիի առաջարկած կուրսին։
«Եվ նույնիսկ հիմա, չնայած արտաքին ծանր իրավիճակին և դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Ռուսաստան-Վրաստան համագործակցությունը զարգանում է։ Այս տարվա 11 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 1,5 անգամ և գերազանցել 2,2 մլրդ դոլարը։ Առևտրին զուգահեռ աճում են զբոսաշրջությունը և դրամական փոխանցումները»:
Դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Գալուզինը հավելել է, որ Վրաստանը շարունակում է «սահմանափակել դրանց վերականգնման հնարավորությունը քաղաքական պահանջներով, որոնք հակասում են տարածաշրջանի նոր իրականությանը»։
«Հետևաբար, գնդակը կրկին վրացական կողմում է»,- հավելել է ռուս դիվանագետը։
Օրերս Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության պետ Դենիս Գոնչարը հայտարարություն էր արել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու հարցի վերաբերյալ։ Միխայիլ Գալուզինի պես նա նույնպես կենտրոնացել էր «անհրաժեշտ նախադրյալների» վրա։
Ռուսաստանի Դաշնությունը Վրաստանի հետ վիզային ռեժիմ է սահմանել 2000 թվականին։ 2008 թվականին, օգոստոսյան պատերազմից և Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքների այսպես կոչված անկախության ճանաչումից հետո Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, դադարեցվեց նաև Ռուսաստանի քաղաքացիների առանց վիզայի մուտքը Վրաստան։ 2010 թվականի հոկտեմբերից Վրաստանի կառավարությունը առանց վիզայի ռեժիմ է սահմանել Հյուսիսային Կովկասի հանրապետությունների բնակիչների համար, իսկ 2012 թվականի մարտից այդ ռեժիմը տարածվել է Ռուսաստանի բոլոր քաղաքացիների վրա։ Նույն ամսին, օգոստոսյան պատերազմից հետո առաջին անգամ, Ռուսաստանն առաջարկեց վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ։ «Քանի դեռ Մոսկվան շարունակում է ճանաչել վրացական ռուսամետ անջատողական շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Վրաստանը «անհնար» է համարում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը»,- այսպես է պատասխանել Թբիլիսին Մոսկվայի առաջարկին։
2019 թվականի հուլիսից Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթներ չկա։ Ուղիղ չվերթները դադարեցվել են ՌԴ իշխանությունների որոշմամբ, որին նախորդել են Թբիլիսիում բողոքի ելույթները՝ կապված ՌԴ Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ։