Թելավիի շրջանային դատարանը Սագարեջոյում լրագրողների մասնագիտական գործունեությանը ապօրինի միջամտելու և նրանց հանդեպ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալված մաքրության ծառայության աշխատակից Մամուկա Շաքարաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Դատավոր Վերիկո Զաթիաշվիլին բավարարել է դատախազության միջնորդությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
- 6 «Մենք գիտենք, թե դա ինչ է». Ալիևը՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին
Այսօրվա դատական նիստին մեղադրյալ Շաքարաշվիլին չի ընդունել իր մեղքը և ասել է, որ միջադեպը հրահրել են լրագրողները։ Նա դիմել է դատավորին, որպեսզի հաշվի առնի իր ընտանեկան իրավիճակը և որպես խափանման միջոց կալանք չկիրառի։
«Ինչո՞ւ պետք է հարձակվեմ լրագրողների վրա, եթե նրանք ինձ չեն ստիպել։ Ես հասարակության համար վտանգավոր մարդ չեմ։ Երկու երեխա ունեմ, կողակից չունեմ, երեխաներին ես եմ խնամում, մայրս թոշակառու է, շաքարային դիաբետ ունի։ Ես խնդրում եմ դատարանին հաշվի առնել այս հանգամանքները»,- ասել է Մամուկա Շաքարաշվիլին։
Դատախազ Ալեքսանդր Չխաիձեի խոսքով, եթե մեղադրյալն ազատ արձակվի, կա նոր հանցագործություն կատարելու, ապացույցների ոչնչացման և վկաների վրա ազդեցություն գործելու վտանգ։
«Ես հիմնվել եմ այն բանի վրա, որ գործի նյութերով լրագրողների գործունեությունը մեղադրյալի համար անընդունելի է, և հետևաբար, նա հետագայում ցանկացած պահի կարող է բռնի գործողություններ իրականացնել լրագրողների նկատմամբ։ Նա նույնիսկ հաստատեց դա, երբ վկայակոչեց այն հանգամանքը, որ լրագրողներն իրեն կանչել են, սադրել ու դրա համար էլ բռնության են ենթարկել նրանց։ Նախաքննությունը շարունակվում է։ Դեռ կան վկաներ, որոնք պետք է հարցաքննվեն, հնարավոր է փորձաքննություններ լինեն։ Չի բացառվում, որ նրան մեղադրանք առաջադրվի ավելի ծանր հանցագործության համար»,- նշել է դատախազը։
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին։
Հուլիսի 6-ին Սագարեջոյում, որտեղ ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին հանդիպում էր ծրագրել թոշակառուների հետ, հանդիպման վայր են մոբիլիզացվել «Վրացական երազանքից» սակրեբուլոյի անդամները, ակտիվիստները և քաղաքապետարանի աշխատակիցները։ Նրանք ֆիզիկական բռնություն են գործադրել ոչ միայն «Ազգային շարժման» անդամների, այլև՝ հանդիպումը լուսաբանելու եկած լրագրողների նկատմամբ։ Նրանք քարեր են նետել լրագրողների ուղղությամբ և վնասել տեսախցիկները։ Չեն վիրավորել միայն «Իմեդի» հեռուստաընկերության լրագրողին։ Ոստիկանները դեպքի վայր են ժամանել միայն ֆիզիկական առճակատման ավարտից հետո։
Մամուկա Շաքարաշվիլին, ով Սագարեջոյի մունիցիպալիտետի կողմից ստեղծված բյուջետային կազմակերպության աշխատակից է, հուլիսի 14-ին ձերբակալվել է Հատուկ քննչական ծառայության կողմից։ Քննչական ծառայության տվյալներով պարզվել է, որ Շաքարաշվիլին ռեպորտաժի վրա աշխատելիս ֆիզիկական բռնության է ենթարկել «Ֆորմուլա» հեռուստաընկերության օպերատոր Սուլխան Ճկադուային, ինչպես նաև ագրեսիվ վարքագծով թույլ չի տվել «Ռուսթավի 2»-ի լրագրող Նաթիա Ցիթելաուրիին և «Մթավարի արխիի» լրագրող Իա Գուլիաշվիլիին իրականացնել մասնագիտական գործունեությունը։
Շաքարաշվիլիի նկատմամբ հետաքննություն է անցկացվում քրեական օրենսգրքի 126-րդ և 154-րդ հոդվածների 1-ին մասերով, որոնք նախատեսում են ամենաթեթև պատիժը՝ տուգանք կամ հասարակական աշխատանք հարյուր քսանից հարյուր ութսուն ժամ ժամկետով, կամ տնային կալանք՝ վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ մինչև մեկ տարի ժամկետով, կամ զենքի հետ կապված իրավունքների սահմանափակում կամ առանց դրա։
«Վրաստանի լուրերը» քննչական ծառայությունից հետաքրքրվել է, թե ինչու հետաքննությունը չի անցկացվում քրեական օրենսգրքի 126-րդ և 154-րդ հոդվածների 2-րդ մասերով, քանի որ հուլիսի 6-ին Սագարեջոյում երկուսից ավելի լրագրողներ խմբակային հարձակման են ենթարկվել իրենց մասնագիտական գործունեության ընթացքում, որոնց համար պատիժն ավելի խիստ է։ Ծառայությունը դա չի պարզաբանել։