Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի պատգամավորները վավերացրել են «Աբխազիայի կառավարության և Ռուսաստանի կառավարության միջև» կնքված Սոխումիի օդանավակայանի վերաբերյալ այսպես կոչված համաձայնագիրը։ Պայմանագիրը ենթադրում է ռուսական իրավաբանական անձի կողմից ներդրումային նախագծի իրականացում Սոխումիի Արձինբայի անվան միջազգային օդանավակայանի գործունեության վերսկսման և հետագա շահագործման նպատակով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Հարցին կողմ են եղել այսպես կոչված խորհրդարանի 30 պատգամավորներ, դեմ են արտահայտվել 2-ը։ Ինչպես ասել է պատգամավոր Ալխաս Բարցիցը, արդեն կա 2 ներդրող, որոնք պատրաստ են ձեռնամուխ լինել նախագծի իրականացմանը: Նրա խոսքով, վերջնական որոշումը կկայացնի հատուկ հանձնաժողովը, թե ում հետ կկնքվի պայմանագիրը։
Օդանավակայանի վարձակալության ժամկետը 49 տարի է։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 25 տարի ժամկետով կգործի «հատուկ հարկային ռեժիմ», իսկ արտոնությունների մի մասն ուժի մեջ կմնա վարձակալության ողջ ժամանակահատվածում։
Ալխաս Բարցիցը պարզաբանել է, որ ներդրողն այդքան երկար ժամանակով ազատվում է հարկերի մեծ մասից այն պատճառով, որ օդանավակայանի մի մասը գտնվում է աբխազական կողմի պատասխանատվության գոտում, որը վերակառուցման համար բավարար միջոցներ չունի, և բոլոր այդ ծախսերն իր վրա է վերցնում ներդրողը։ Բացի այդ, այսպես կոչված պատգամավորի խոսքով՝ աբխազական կողմը պարտավորվելու է ապահովել էներգամատակարարման հատուկ ռեժիմ՝ 11,5 մեգավատ՝ 2023 թվականին, ևս 4 մեգավատ՝ 2024 թվականին։ Դրա համար կվերակառուցվեն երկու ենթակայաններ Ագուձերայում և Դրանդայում։
Առաջին փուլում ռուսական ընկերությունը նախատեսում է ներդնել 6-10 մլրդ ռուբլի։ Այսպես կոչված էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանի խոսքով՝ ներդրողն իր միջոցներով ապահովում է նախագծային փաստաթղթերի պատրաստումը, տեխնոլոգիական օբյեկտների միացումը, օբյեկտների սպասարկումը և պատասխանատվություն է կրում օբյեկտներում հայտնաբերված թերությունների համար։ Պայմանները չկատարելու դեպքում ներդրողը ստիպված կլինի արտոնությունների դիմաց վճարել։
«Սոխումի միջազգային օդանավակայանի» վերականգնման մասին այսպես կոչված համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսին՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Այն ստորագրել են օկուպացված Աբխազիայի դե ֆակտո էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանը և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Առաջին փուլում նախատեսվում է վերակառուցել 3․6 կմ երկարությամբ թռիչքուղու 2․4 կիլոմետրը։ Նախագիծը ժամանակին կյանքի կոչելու դեպքում օդանավակայանը նախատեսվում է բացել 2024 թվականի չորրորդ եռամսյակում։ Ռուսական կողմն ակնկալում է, որ ուղևորահոսքը կկազմի տարեկան մոտ 1․2 մլն մարդ։ Ինչպես հայտարարել է Քրիստինա Օզգանը, օդանավակայանը կպահպանի իր երկակի նշանակության կարգավիճակը։
Սոխումիի օդանավակայանը բացվել է 1960-ականներին և գտնվում է Սոխումիից 18 կիլոմետր հեռավորության վրա՝ Բաբուշարա գյուղում։ Այն փակվել է 1993 թվականին Աբխազիայում ընթացող հակամարտության պատճառով։ Օդանավակայանը հավաստագրված չէ Վրաստանի ավիացիոն մարմնի կողմից և նրան չի հատկացվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) քառանիշ տեղանքի կոդը: Ուստի այնտեղ միջազգային թռիչքներ չեն կարող իրականացվել։ ICAO-ն Աբխազիան ճանաչում է որպես Վրաստանի բաղկացուցիչ մաս, և ծածկագիրը կտրվի միայն լիազորված ավիացիոն մարմնի միջնորդության հիման վրա։