Սրանք լինելու են ընտրություններ, որոնք իշխանությունը անցկացնելու է Ռուսաստանի օգնությամբ․ Գախարիայի կուսակցություն

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը կարծում է, որ ռուսական արտաքին հետախուզության երեկվա հայտարարությունը ուղղակի փորձ է՝ միջամտելու հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններին և օգնելու «Վրացական երազանքին» ընտրությունները կեղծելու հարցում, ինչը միանշանակ ունենալու է շարունակություն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Նախկին վարչապետի կուսակցությունը նշում է, որ ռուսական հետախուզության հայտարարության համընկնումը «Վրացական երազանքի» վերջին հայտարարությունների հետ հստակորեն հաստատում է, որ իշխանությունը Մոսկվայի հետ համաձայնեցրել է ընտրությունները կեղծելու բարդ գործընթացը։

«Կեղծարարության և ընտրողների վրա ազդեցության հիմնական գործիքը ռուսական ոճի քարոզչությունն է, ըստ որի՝ Արևմուտքը ծրագրում է միջամտել ընտրություններին և պլանավորում է հեղափոխություն։

Նշված կեղծիքը, որն իրականում հորինված է ընտրություններին ռուսական միջամտությունը կոծկելու համար, ակտիվորեն տարածում են իշխանական քարոզչական ալիքնեը, այսպես կոչված փորձագետները, տրոլ-բոտերը և «Երազանքի» բարձրաստիճան պաշտոնյաները։ Նրանք Արևմուտքին մեղադրում են հեղափոխության փորձի և երկրի ինքնիշխանության դեմ թշնամաբար տրամադրվելու մեջ, իսկ Ռուսաստանին անվանում են ինքնիշխանության երաշխավոր, և դա այն դեպքում, երբ Արևմուտքը պաշտպանում է 30 տարվա մեր ինքնիշխանությունը Ռուսաստանից, որը օկուպացրել է մեր տարածքների 20%-ը։

Ընտրություններին Ռուսաստանի միջամտության համատեքստում չպետք է մոռանալ ռուսական գործակալ լինելու համար պատժամիջոցների ենթարկված և ներկայում Ռուսաստանում գտնվող, Կրեմլի հետ մտերիմ նախկին գլխավոր դատախազի [Օթար Փարցխալաձեի - խմբ.] ազդեցությունը մի շարք ուժային կառույցների վրա, որոնք կարևոր դեր ունեն ընտրությունների կեղծման գործում։ Այս առումով ուշագրավ է Անվտանգության ծառայության դերը, որն ամեն ինչ արեց ռուս գործակալին երկրից դուրս հանելու համար»,- հայտարարել են նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունից։

Ըստ նրանց՝ այս պայմաններում բոլոր դերակատարների ուշադրությունը պետք է սևեռվի ընտրությունների պաշտպանության վրա, քանի որ հոկտեմբերի ընտրությունները սովորական ընտրություններ չեն լինելու.

«Սրանք առաջին ընտրություններն են լինելու, որ բացարձակ իշխանություն ունեցող կառավարությունը կանցկացնի Ռուսաստանի օգնությամբ։ Այս ընտրություններում կորոշվի ոչ միայն եվրոպական ապագայի, այլև ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը»։

Երեկ՝ հուլիսի 9-ին, Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել է փոխել իշխանությունը Վրաստանում և արդեն իսկ «Վրացական երազանքին» վարկաբեկելու արշավ է մշակել։ Ռուսական հետախուզության տվյալներով՝ «ամերիկացի կուրատորները» Վրաստանի ընդդիմադիր ուժերին «հրաման են տվել» սկսել բողոքի ակցիաներ պլանավորել, որոնք պետք է համընկնեն ընտրությունների հետ։ Հետախուզության հայտարարության մեջ, որը տարածել են ռուսական քարոզչական լրատվամիջոցները, կարդում ենք նաև, որ «նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է գլխավոր դերը խաղա հակապետական ​​տրամադրություններ հրահրելու գործում»։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, ի պատասխան այս թեմայով հարցին, ասել է, որ առաջին անգամը չէ, երբ Ռուսաստանը նման մեղադրանքներ է հնչեցնում Վրաստանում և աշխարհի այլ երկրներում ԱՄՆ-ի ներգրավվածության վերաբերյալ, որոնք լիովին կեղծ են և անհեթեթ։ Միլլերի խոսքով, զավեշտալի է, որ Ռուսաստանը, որն անօրինական կերպով օկուպացրել է Վրաստանի 20%-ը, այս անհեթեթ մեղադրանքները ներկայացնում է մեկ այլ երկրի հասցեին։

Վրաստանի կառավարության ներկայացուցիչները չեն մեկնաբանել ռուսական հետախուզության հայտարարությունները։ Միաժամանակ, խորհրդարանում «Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Զարքուան ասել է, որ «որոշ ազդեցիկ խմբեր, որոնք այդ թվում ազդեցություն ունեն դեսպանների վրա, փորձում են հեղափոխություն կազմակերպել ընտրությունների ժամանակ»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։