Տարբերվող կարծիքի մերժումը չի համապատասխանում եվրատլանտյան արժեքներին. ԱՄՆ դեսպանատուն

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարել է, որ ուշադիր հետևում է հունիսի 2-ին Թբիլիսիում խորհրդարանի դիմաց տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ ձերբակալված անձանց գործերին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Դիվանագիտական ​​գերատեսչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խաղաղ հավաքների իրավունքը և խոսքի ազատությունը մարդու հիմնական իրավունքներն են և հանդիսանում են ժողովրդավարության հիմքը։

«Այլախոհության հանդեպ հանդուրժողականության բացակայությունն անհամատեղելի է եվրատլանտյան ազգերի ընտանիքի արժեքների հետ, որին ցանկանում է միանալ Վրաստանի բնակչության մեծամասնությունը», - ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

Հունիսի 2-ին խորհրդարանի շենքի մոտ ոստիկանները վարչական կարգով բերման են ենթարկել մոտ տասը հոգու, այդ թվում՝ «Վրաստանի դեմոկրատական ​​նախաձեռնություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Մարիկաշվիլիին, «Բաց հասարակության հիմնադրամի» աշխատակից, նախկին հանրային պաշտպանի ներկայացուցիչ Սաբա Բրաճվելիին և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբաններից Շոթա Թութբերիձեին։ Ձերբակալվածներից ոմանց ձեռքներին «Իրակղլի» մակագրությամբ ցուցապաստառներ են եղել, իսկ ոմանց մոտ՝ մաքուր թղթեր։

Ձերբակալվածների գտնվելու վայրն անհայտ է եղել ողջ գիշերվա ընթացքում։ Փաստաբանների խոսքով՝ նրանց առանց բացատրության գաղտնի տեղափոխել են այլ քաղաքներ և միայն լուսադեմին են թույլ տվել տեսակցել, ինչը պաշտպանության իրավունքի կոպիտ խախտում է։ Ներքին գործերի նախարարությունը 24-ժամյա կալանքի ժամկետը երկարացրել է մինչև 48 ժամ։

Շոթա Թութբերիձեն առաջիններից է եղել, ով ձերբակալվել է հունիսի 2-ի երեկոյան։ Տեսանյութում երևում է, որ նա նստած է աստիճանների վրա՝ իր ոտքերի մոտ «Իրակղլի» գրությամբ ցուցապաստառով, երբ մոտ տասը ոստիկան մոտենում է նրան։ Նրանք նախ փորձում են Թութբերիձեից խլել պաստառը, ապա հեռացնում  են այնտեղից և նստեցնում պարեկային ոստիկանության մեքենան։ Ավելի ուշ Թութբերիձեն ստորագրության հիման վրա ազատ է արձակվել։ Ըստ Շոթա Թութբերիձեի՝ ոստիկանության կազմած վարչական իրավախախտման արձանագրության մեջ գրված է, որ նա դիմադրել է ոստիկաններին և բանավոր վիրավորել նրանց, ինչը, ըստ փաստաբանի, սուտ է։ Թութբերիձեի և երկու այլ ակտիվիստների ձերբակալությունից հետո խորհրդարանի մոտ հավաքվել են իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրանց թվում է եղել Էդուարդ Մարիկաշվիլին, ում ոստիկանությունը ձերբակալել էր դատարկ թղթի պատճառով։

 

«Ջիուտի» շարժման կազմակերպմամբ խորհրդարանի շենքի դիմաց ամեն երեկո տեղի են ունենում փոքր խաղաղ ցույցեր։ Վերջին օրերին քաղաքացիները բողոքել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Բրատիսլավայում Գլոբալ անվտանգության ֆորումի ժամանակ արած հայտարարության դեմ։ Վարչապետը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառներից մեկը նշել է ՆԱՏՕ-ի ընդլայնումը։

Հունիսի 1-ին ոստիկանները հանրահավաքի մասնակիցներից խլել ու պատռել են պաստառները, որոնց վրա եղել են Իրակլի Ղարիբաշվիլիի լուսանկարները և գրված՝ «Նկարագրե՛ք այն մեկ բառով»։ Այս առնչությամբ Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարել է, որ խաղաղ հավաքի մասնակիցներից բողոքի պաստառների առգրավումը չի համապատասխանում իրավապահների պարտավորությանը` նպաստելու արտահայտվելու իրավունքի լիարժեք իրականացմանը, ներառյալ տարբեր արտահայտչամիջոցների օգտագործումը:

Նույն օրը երեկոյան ձերբակալվել է Բեքա Գրիգորիադիսը՝ մարտին ռուսական «գործակալների մասին» օրենքի դեմ անցկացված բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 21-ամյա Լազարե Գրիգորիադիսի հայրը։ Նա ուզեցել է խորհրդարանի մոտ «մեկ մարդու հանրահավաք» անցկացնել՝ որդուն ազատ արձակելու պահանջով։ Ոստիկանները թույլ չեն տվել նրան վրան տեղադրել և անհնազանդության մեղադրանքով վարչական կարգով ձերբակալել են։ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Էնուքիձեն Գրիգորիադիսին օրինախախտ է ճանաչել և տուգանել՝ 2000 լարիով։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։