Վերջին մեկ տարում 28 դատական ​​հայց է ներկայացվել քննադատական ​​հեռուստաընկերությունների դեմ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Միջազգային թափանցիկություն Վրաստանի» տվյալներով՝ վերջին մեկ տարում 28 հայց է ներկայացվել դատարան երեք՝ «Մթավարի Արխի», «Ֆորմուլա» և «TV Պիրվելի» քննադատական ​​հեռուստաալիքների դեմ։ Դիմողների մեծ մասը իշխող կուսակցության ներկայացուցիչներն են և նրանց մերձավոր մարդիկ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

2021 թվականի նոյեմբերի 8-ից 2022 թվականի հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում իշխող կուսակցության 11 քաղաքապետեր, առանձին-առանձին դիմել են դատարան՝ ընդդեմ «Մթավարի Արխիի»։ Ծղալտուբոյի, Քութայիսիի, Քարելիի, Ասպինձայի, Ադիգենիի, Ճիաթուրայի, Փոթիի, Կվարելիի, Նինոծմինդայի, Բորջոմիի և Մառնեուլիի քաղաքապետերը հասցված բարոյական վնասի համար նույն չափի փոխհատուցում են պահանջում՝ 55 555 լարի։ Վիճելի նյութը վերաբերում է այն ժամանակվա «Հիմնական շեշտադրումներ» հաղորդաշարում քաղաքապետի թեկնածուների մասին տեղեկությանը, ըստ որի նրանք տարբեր ժամանակներում հավաքագրվել են անվտանգության ծառայությունների կողմից։

Գիորգի Գաչեչիլաձեն (Անհայտ) դատի է տվել «Մթավարի Արխիին»՝ կապված 2021 թվականի հոկտեմբերի 9-ի հաղորդման մեջ տեղ գտած ռեպորտաժին, որտեղ, անանուն աղբյուրի հիման վրա հեռուստաալիքը հայտնել է, որ Գաչեչիլաձե եղբայրների նստավայրը եղել է Feedc հարթակի հիմնադիր Նիկոլոզ Կվարացխելիայի սպանության մեջ մեղադրվողների թաքստոցներից մեկը։

Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ջաբա Փուտկարաձեն դիմել է դատարան՝ ընդդեմ «Պիրվելի» հեռուստաընկերության։ Ըստ «Նոդար Մելաձեի Շաբաթ»-ի եթերում ձեռք է բերվել էլիտար կոռուպցիայի փաստաթուղթ, որը գաղտնի է պահվել։ ՊԱԾ-ի քննչական նյութերի համաձայն՝ պարզվել է, որ 2020 թվականի ամռանը նախարար Փուտկարաձեն իրանցի գործարարից հյուրանոց կառուցելու համար հող գնելու դիմաց մոտ 348 հազար դոլար կաշառք է պահանջել։

Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին դատի է տվել «Մթավարի Արխի», «Ֆորմուլա» հեռուստաընկերություններին և «Ազգային շարժման» պատգամավոր Լևան Խաբեիշվիլիին։ Անվտանգության ծառայության պետը վիճարկել է մամուլում տարածված հայտարարությունները, որոնք առնչվում են, այսպես կոչված քոլ ցենտրերի գործում ՊԱԾ-ի և որպես այս գործակալության ղեկավարի հանցավոր մասնակցությանը այս սխեմային։ Ի տարբերություն մյուս հայցերի, Թբիլիսիի քաղաքային դատարանը արագ, կարճ ժամկետում քննել է այս գործը, հաստատել զրպարտության փաստը և ամբաստանյալներին պարտավորեցրել հերքել նույն լրատվամիջոցով տարածված տեղեկատվությունը և որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 1 լարի։ Ամբաստանյալները բողոքարկել են որոշումը։ Վերաքննիչն արդեն հրապարակել է որոշումը և վճիռը թողել օրինական ուժի մեջ։

Դատարանը արագորեն քննարկել է 2022 թվականի հունիսին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայցն ընդդեմ «Պիրվելի» հեռուստաընկերության և լրագրող Մաիա Մամուլաշվիլիի։ Թբիլիսիի քաղաքապետը վիճարկել է հաղորդման եթերում այն հայտարարությունը, որ «Կախի Կալաձեն ընդամենը մեկ մրցույթից 60 մլն է ստացել»։ Դատավոր Զաալ Մարուաշվիլին մասամբ բավարարել է Կալաձեի խնդրանքը։ Դատարանը ամբաստանյալներին պարտավորեցրել է հերքել զրպարտությունը և համատեղ ու միանձնյա վճարել բարոյական վնասի փոխհատուցում՝ 15 000 լարիի չափով։ Կալաձեն վնասի փոխհատուցման համար պահանջել է 100 հազար լարի։

Դատավոր Իրակլի Խուսկիվաձեն մասամբ բավարարել է ոստիկանության տեսուչի հայցը։ Գործը վերաբերում է 2021 թվականի հունվարի 30-ին «Պիրվելի» հեռուստաընկերությամբ հեռարձակված ռեպորտաժին, որտեղ քննարկվում էր ՆԳՆ աշխատակից Գելա Կվաշիլավայի կողմից քրեական հանցագործություն կատարելու մասին։ Ըստ ռեպորտաժի՝ իրավապահը թմրանյութ էր տեղափոխում իր ընկերուհիների համար, նրան կանգնեցրել են Փոթի-Քոբուլեթի ճանապարհին ու բաց թողել, քանի որ ազդեցիկ հովանավորներ է ունեցել։ Դատարանը պարտավորեցրել է հեռուստաընկերությանը ծանուցում հրապարակել այն մասին, որ վիճարկվող նյութի տեղեկատվությունը զրպարտություն է։ Նշանակվել է նաև բարոյական վնասի փոխհատուցում 2 հազար լարիի չափով։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել որոշումը։

2022 թվականի սեպտեմբերին դատարանը բավարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի մոր՝ Թամար Զաալիշվիլիի հայցը։ Կոբախիձեի մայրը նույնպես վիճարկել է հեռուստատեսության զրպարտությունը։ «Պիրվելի» հեռուստաընկերությանը պարտավորեցրել են վճարել 5 555 լարի, լրագրող Մակա Չիխլաձեին և «Նոդար Մելաձե Շաբատի» հաղորդաշարի պրոդյուսերին՝ 5-ական լարի։

Գործարար Նուգզար Ալուղիշվիլին նույնպես դիմել է դատարան՝ ընդդեմ «TV Պիրվելիի»։ Նա խնդրել է որպես փոխհատուցում իրեն վճարել 20 հազար լարի, իսկ որոշում կայացնելուց առաջ բռնագանձել Նոդար Մելաձեի ու Մակա Անդրոնիկաշվիլիի անձնական բանկային հաշիվները։ Ռեպորտաժը հեռարձակվել է «Նոդար Մելաձեի շաբաթ» հաղորդաշարում 2021 թվականի դեկտեմբերի 25-ին։ Լրագրողը պատմում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հոր բիզնես շահերի մասին Կախեթիի Դեդոփլիսծղարոյի շրջանում։ Ըստ պատմության՝ վարչապետի հոր շահերը, հավանաբար, կապված են կառուցվող գինու գործարանի և Դեդոփլիսծղարոյի ցորենի պահեստավորման հետ։ Այս բիզնեսի սեփականատերերից է Նուգզար Ալուղիշվիլին, ով, ըստ լրագրողի, Ղարիբաշվիլիի հոր ունեցվածքի ոչ պաշտոնական սեփականատերն է։

«Միջազգային թափանցիկություն Վրաստանը» նշում է, որ կարճ ժամանակահատվածում քննադատող լրատվամիջոցների դեմ բազմաթիվ դատական ​​հայցերը ակնհայտորեն վկայում են ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելու և ահաբեկելուն ուղղված համակարգված միտումի մասին:

Կառավարության ներկայացուցիչները տարիներ շարունակ խոսում են ԶԼՄ-ների վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության անհրաժեշտության մասին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):