Խորհրդարանը կասեցնում է քննադատական հեռուստաընկերությունների լրագրողների հավատարմագրումը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վերջին օրերին խորհրդարանի աշխատակազմը տարբեր ժամկետներով կասեցրել է «Մթավարի արխիի», «Ֆորմուլայի» և «Պիրվելիի» չորս լրագրողների հավատարմագրումը։ Քննադատական ​​հեռուստաընկերությունների աշխատակիցները պատժամիջոցների են ենթարկվում խորհրդարանական մեծամասնության պատգամավորների պահանջով։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Չնայած պատգամավորի կողմից հարցազրույցը ձայնագրելու մերժմանը, դուք շարունակել եք հարցազրույցը ձայնագրելու փորձերը և չեք դադարեցրել տեսանկարահանումը»,- կարդում ենք լրագրողներին ուղարկված նամակներում, որը ստորագրել է խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն։

«Վրացական երազանքի» անդամ, խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ծիլոսանիի հայտարարության հիման վրա «Մթավարի արխիի» լրագրող Նինի Բալանչիվաձեին 1 ամսով արգելել են աշխատել օրենսդիր մարմնում, իսկ «Ֆորմուլայի» լրագրող Սոփո Գոզալիշվիլիին՝ 6 ամսով։ Նրանք Ծիլոսանիին հարցեր են ուղղել ԱՄՆ-ի կողմից ռուսական օրենքին աջակցելու համար սպասվող պատժամիջոցների մասին։

«Ես ֆաշիստական ​​հեռուստաընկերություններին հարցազրույց չեմ տալիս։ Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ դուք իրավունք չունեք իմ ետևից գալու»,- ասել է Ծիլոսանին։

«Ժողովրդի ուժի» անդամ Գուրամ Մաճարաշվիլիի պահանջով «Պիրվելիի» լրագրող Մակա Չիխլաձեի հավատարմագրումը դադարեցվել է մեկ ամսով, իսկ Սոզար Սուբարին պահանջել է պատժամիջոցներ կիրառել Նատա Քաջաիայի դեմ, ով «Նոդար Մելաձեի շաբաթ» հաղորդման համար նյութ էր պատրաստում։ Նա նույնպես մեկ ամսով՝ մինչև հուլիսի 3-ը ներառյալ, չի կարողանա աշխատել խորհրդարանում։

«Պիրվելի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեի խոսքով՝ պատգամավորները չարաշահում են խորհրդարանի նախագահի կողմից հաստատված ռեպրեսիվ կանոնները։

«Ըստ ռեպրեսիվ քաղաքականության՝ մենք չենք կարող փոխարինել լրագրողին հավատարմագրման կասեցման ժամանակահատվածում։ Մեր ծրագրից միայն մեկ լրագրող էր ստացել հավատարմագրում, ինչը նշանակում է, որ մենք այլևս չենք կարողանա աշխատել խորհրդարանում։

Լրատվամիջոցների պարտքն է լրագրողական պրոդուկտ ստեղծելու համար հարցեր տալ պատասխանատուներին և ստանալ նրանց պատասխանները։ Քանի որ մեզ խորհրդարանում դա անելու հնարավորություն չի տրվում, մենք Սոզար Սուբարիից և խորհրդարանի այլ անդամներից ստիպված կլինենք հարցազրույց վերցնել խորհրդարանից դուրս՝ խանութում, տանը, սրահում, ռեստորանում, որտեղ կարող ենք»,- ասում է Մելաձեն։

Լրագրողների պատժամիջոցների պատճառը խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի նախորդ տարի արձակած հրամանն է, ըստ որի՝ լրագրողը պարտավոր է դադարեցնել հարցազրույցը, եթե պատգամավորը չի ցանկանում պատասխանել հարցերին։ Սույն կանոնը խախտելու դեպքում, աշխատակազմի ղեկավարի որոշմամբ լրագրողի հավատարմագրումը կասեցվում է մեկ ամսով, իսկ խախտումը կրկնելու դեպքում՝ վեց ամսով։ Պապուաշվիլիի հրամանը բողոքարկվել է Սահմանադրական դատարանում։ Հայցվորները կարծում են, որ դա հակասում է Վրաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածով պաշտպանվող խոսքի, տեղեկատվության ստացման և տարածման, ինչպես նաև ԶԼՄ-ների ազատության իրավունքին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):