Խորհրդարանի մոտ տեղի է ունեցել Մզիա Ամաղլոբելիի աջակցության հերթական ակցիան

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լրագրողները հերթական ակցիան են անցկացրել Վրաստանի խորհրդարանի մոտ՝ պահանջելով ազատ արձակել ապօրինի բանտարկված «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների ղեկավար Մզիա Ամաղլոբելիին։ Գործընկերները Ամաղլոբելիին խնդրել են դադարեցնել հացադուլը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Բաթումելեբի»-ի գլխավոր խմբագիր Էթեր Թուրաձեն ակցիայի ժամանակ ասել է, որ այսօր փորձել է հանդիպել «Վրացական երազանքի» խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ, սակայն «շփումը ձախողվել է»։ Թուրաձեն Պապուաշվիլիին կոչ է արել դադարեցնել Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ անմեղության կանխավարկածի խախտումը և նրան շանտաժի ենթարկելը։

«Ես ուզում էի նրան տեղեկացնել Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակի մասին։ Նա ունի տարբեր տեսակի առողջական խանգարումներ, չեմ խորանա։ Նաև ուզում էի ասել, որ այս երկրում սահմանադրությունը դեռ գործում է։ Վերջ տա անմեղության կանխավարկածի խախտմանը, վերջ տա Մզիային վարկաբեկելուն։ Դա քաղաքականապես կոռեկտ, մարդկայնորեն կոռեկտ կամ որևէ իմաստով կոռեկտ չէ։ Ճիշտ չէ, որ խղճի բանտարկյալ կնոջ վրա ամեն օր հարձակում է տեղի ունենում։ Գոնե սպասեն իրենց դատարանին ու հետո ասեն, որ Մզիան մեղավոր է»,- ասել է Էթեր Թուրաձեն։

«Բաթումելեբի»-ի խմբագիրը նշել է, որ պատրաստ է միայնակ հանդիպել Պապուաշվիլիին և որպես ականատես բացատրել նրան Մզիա Ամաղլոբելիի ձերբակալության մանրամասները.

«Իհարկե, նա չի կարող կիսվել իմ պատմությամբ, բայց ես պնդում եմ, որ ինքը և քաղաքական այլ պաշտոնյաները վերջ տան Մզիա Ամաղլոբելիին վարկաբելուն։ Տրոլների ու բոտերի մի շատ մեծ գործարան արդեն աշխատում է Մզիայի դեմ, ու թող զերծ մնան դրանից։

Թուրաձեն կարծում է, որ բարձր քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարությունները «մեծ ազդեցություն են ունեցել» երեկ Քութայիսիի վերաքննիչ դատարանի կողմից ընդունված Մզիա Ամաղլոբելիի փաստաբանների բողոքը չքննելու մասին որոշման վրա. «Իհարկե, նույնիսկ առանց դրա վրացական դատարանը չի կարող պարծենալ շատ ազատությամբ, բայց այս հայտարարությունները դատական ​​նիստից առաջ ուղիղ հաղորդագրություն եղավ, որ Մզիան պետք է մնա կալանքի տակ»։

Հանրահավաքում ընթերցվել է համատեղ նամակ, որը գործընկերները, ընկերներն ու երկրպագուները կուղարկեն բանտում գտնվող Մզիա Ամաղլոբելիին.

«Մզիա, մենք՝ քո ընկերներն ու գործընկերները, հարգում ենք քո անսասան կամքը և պայքարում հանուն արդարության։ Քո ձայնն անգնահատելի է մեր և մեր երկրի ազատության համար։ Մենք հավատում ենք, որ միասին շատ կարևոր գործեր ունենք անելու։ 11-րդ օրն է, ինչ հացադուլ ես անում։ Խնդրում ենք դադարեցնես բողոքի այս ծայրահեղ ձևը։ Դու շատ կարևոր ես մեզ և հասարակության համար որպես մասնագետ և որպես մարդ: Պետք չէ քո առողջությունն ու կյանքը ռիսկի տակ դնել, մենք պետք է միասին շարունակենք պայքարը, որն այնքան մեծ ազդեցություն ունի յուրաքանչյուրիս, մեր մասնագիտության, մեր երկրի քաղաքացիների վրա։ Մենք բոլորս քո հետ ենք՝ քաջալերված և զորացած քո օրինակով, և խնդրում ենք, մտածիր քո առողջության, կյանքի և մեզ համար դրա կարևորության մասին: Մեզ ազատություն է պետք քեզ հետ միասին»։

Հունվարի 11-ին Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է Աջարիայի ոստիկանության բաժնի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի վրա հարձակվելու մեղադրանքով։ Նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։

Ըստ իրավապաշտպանների՝ լրագրողի նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է, այն ունի ահաբեկման և քաղաքական ռեպրեսիաների ձև, քանի որ նրա արարքը՝ երեսին ապտակելը, չի կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։

Հանրային պաշտպանի գնահատմամբ՝ Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի որոշումը, որը կայացրել էր դատավոր Նինո Սախելաշվիլին հունվարի 14-ին, արդարացված չէ։

Մզիա Ամաղլոբելին, ի նշան բողոքի, հացադուլ է հայտարարել։ Բանտից ուղարկված նամակում նա գրում է, որ «ազատությունն ավելի արժեքավոր է, քան կյանքը», և ինքը չի պատրաստվում ընդունել «ռեժիմի օրակարգը»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։