Անթույլատրելի է միջամտությունը ինքիշխան Աբխազիայի ներքին քաղաքականությանը․ Սոխումին՝ Զուրաբիշվիլիին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Վրաստանի նախագահի հայտարարությանը։ Մայիսի 31-ին՝ Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանի եվրոպական ապագան պատկանում է նաև օկուպացված շրջանների բնակիչներին, և ինքը կանգնած է Սոխումիում անցկացված հանրահավաքի մասնակիցների կողքին, ովքեր բողոքել են կոչով՝ «Աբխազիան չի վաճառվում», «Չենք զիջի Ռուսաստանին»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ցանկանում ենք տիկին Զուրաբիշվիլիի ուշադրությունը հրավիրել ինքնիշխան Աբխազիայի ներքաղաքական օրակարգին միջամտելու անթույլատրելիության վրա»,- ասել է դե ֆակտո արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Մալանիան։ «Բացի այդ, եթե Սալոմե Զուրաբիշվիլին այդքան անհանգստացած է Աբխազիայի քաղաքացիների ճակատագրով, խորհուրդ ենք տալիս նրան ազդել Վրաստանի կառավարության վրա, որպեսզի ստորագրվի Աբխազիայի և Վրաստանի միջև ուժի չկիրառման մասին համաձայնագիրը։ Ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել, քան անվտանգությունը, այդպես չէ՞»:

Սալոմե Զուրաբիշվիլիին պատասխանել են նաև մայիսի 30-ին Սոխումիում տեղի ունեցած բողոքի ակցիայի կազմակերպիչները։ Այսպես կոչված ընդդիմության ներկայացուցիչները հերքել են Աբխազիայում հակառուսական տրամադրությունների առկայությունը և նշել, որ Վրաստանի նախագահը փորձում է այն վերածել ցանկալի իրականության։

«Վրացի քաղաքական գործիչների սիրելի գործն է մանիպուլյացիան, որի նպատակն է ճեղք ստեղծել Աբխազիայի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական ​​ամուր հարաբերություններում։ Աբխազիայի Հանրապետությունում հակառուսական տրամադրություններ չկան և չեն լինի ո՛չ հասարակական, ո՛չ էլ քաղաքական տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են հասարակական կազմակերպություններ՝ «Աբխազիայի ժողովրդական շարժում»-ը, «Արուա»-ն, «Վետերանների և երիտասարդների միություն»-ը, «Աամտա»-ն, «Միություն»-ը  և քաղաքական կուսակցություններ՝ «ԱՊՍՆԻ»-ն և «Աբխազիայի ազգային միասնության ֆորում»-ը։

Այսպես կոչված ընդդիմության կարծիքով, եթե Սալոմե Զուրաբիշվիլին այդքան հոգ է տանում Աբխազիայի քաղաքացիների և նրանց իրավունքների մասին, նա իրավունք ունի հանդես գալ «Օկուպացված տարածքների մասին» Վրաստանի օրենքը չեղարկելու նախաձեռնությամբ և սկսել ճանաչել Աբխազիայի պետությունը և աբխազական անձնագրերը։

Մայիսի 30-ին Սոխումի քաղաքում մի քանի հազար մարդ հավաքվել է Աբխազիայի դրամատիկական թատրոնի հարևանությամբ գտնվող հրապարակում և պահանջել այսպես կոչված կառավարության հրաժարականը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցները բանաձև են ընդունել, որով դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիային կոչ են անում ոչ միայն հեռացնել կառավարությանը, այլև ստեղծել բարեփոխումների խորհուրդ, չեղարկել «Վրաստանի հետ առևտուրն օրինականացնելու» կարգադրությունը, հրաժարվել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելուց և ետ կանչել Բիճվինթայի պետական ամառանոցը Ռուսաստանին փոխանցելու պայմանագիրը։ Այսպես կոչված ընդդիմությունը պատրաստվում է շարունակել ակցիաները այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։