Դեպի Ռուսաստան թռիչքների պատճառով Զուրաբիշվիլին Georgian Airways-ին բոյկոտ է հայտարարում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բոյկոտ է հայտարարել վրացական Georgian Airways ավիաընկերությանը, որը մայիսի 20-ից սկսել է իրականացնել Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա չվերթները։ Նախագահն այս մասին հայտարարել է երեկ կայացած ճեպազրույցում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ես ինձ համար բոյկոտ եմ հայտարարում, և չնայած դա շատ բան չի նշանակում, կոչ եմ անում կիսել բոյկոտը: Սա ընկերություն է, որն օգտվում է այս վիճակից՝ հարստանալու համար։ Այդպես եղել է բոլոր կառավարությունների օրոք, շարունակվել է Covid-ի պայմաններում և այժմ պետք է օգտվի այս նոր իրողությունից, որն անընդունելի է մեր բնակչության շատ մեծ մասի համար։

Ես ձեռնպահ կմնամ ինքնաթիռի օգտագործումից, քանի դեռ այն Airzena-ի ձեռքում է, որպեսզի ավելի չհարստացնեմ մի ընկերության, որը պատրաստ է ամեն ինչի փողի համար: Մենք տեսանք նրա ղեկավարի ուրախ հայտարարությունները»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Թռիչքների վերսկսումից հետո Georgian Airways-ը (մինչ 2004 թվականը կոչվում էր Airzena) մայիսի 20-ին կատարեց իր առաջին չվերթը դեպի Մոսկվա։ Ընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլին անձամբ է ուղեկցել ուղևորներին։ Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա ասում է, որ Վրաստանի բնակչության ավելի քան 90%-ը «մեծ ոգևորությամբ» է ընդունել ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը և վիզային ռեժիմի չեղարկումը. «Բոլորը գոհ էին Վլադիմիր Պուտինի հրամանից», -ասել է Գաիաշվիլին:

Georgian Airways-ը Ռուսաստանի մայրաքաղաք կթռչի շաբաթական յոթ անգամ։ Այս որոշումը կայացնելու համար հասարակության մի մասի քննադատությունը ավիաընկերությունը գնահատել է որպես «կեղտոտ արշավ», որի հետևում, ըստ Գաիաշվիլիի ընկերության, կանգնած են «կառավարվող ուժեր, որոնք պատրաստ են արդարացնել դրսից ստացված դրամաշնորհները և դեմ են գնացել ժողովրդի շահերին»: Ավիաընկերության մայիսի 17-ին տարածած հայտարարության մեջ քննադատող քաղաքացիների համար օգտագործվել են այնպիսի էպիտետներ, ինչպիսիք են՝ «սադրիչներ», «անամոթներ», «ավազակներ», «ոչնչություններ»:

Մայիսի 10-ին Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման մասին, որը դադարեցվել էր գրեթե չորս տարի առաջ։ Չեղարկվել է նաև Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը։

Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության և միջազգային գործընկերների կողմից Ուկրաինայի պատերազմի պատճառով սահմանած ավիացիոն պատժամիջոցներին։ Սակայն, ինչպես հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որպեսզի Վրաստանը ենթարկվի Եվրամիության քաղաքականությանը, պետք է անդամ երկիր լինի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։