Սադրիչներ, անամոթներ, ավազակներ, ոչնչություններ. «Georgian Airways»-ի հայտարարությունը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Georgian Airways» ավիաընկերությունը, որը մայիսի 20-ից կանոնավոր չվերթներ է սկսում Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ, իր աշխատակիցների անունից հայտարարություն է տարածել՝ ի պատասխան հանրային քննադատության։ Ընկերությունում նշում են, որ իրենց դեմ սկսված «կեղտոտ արշավի» հետևում կանգնած են «կառավարվող ուժեր, որոնք պատրաստ են դրսից ստացած դրամաշնորհները արդարացնելու համար դեմ գնալ ժողովրդի շահերին»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Հեռու տարեք ձեր կեղտոտ ձեռքերը «Georgian Airways»-ից: Վերջին օրերին հաճախ ենք լսում «Georgian Airways»-ի հասցեին վիրավորական արտահայտություններ՝ դեպի Ռուսաստան թռիչքների վերսկսման հետ կապված։ Ավիաընկերության դեմ կեղտոտ արշավ է ծավալվել, մեզ անընդունելի էպիտետներով են դիմում: Ամենացավալին մեր հայրենասիրական զգացմունքների վրա հարձակումն է։ Մեզ դավաճան են անվանում, ասում են ինչո՞ւ եք մտածում Ռուսաստան թռչելու մասին»,- ասված է հայտարարության մեջ։

Ավիաընկերությունը կարծում է, որ իրենց հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են, քանի որ ոչ թե ավիաընկերությունները, այլ պետություններն են որոշում պետությունների միջև վիզային ռեժիմ սահմանել կամ վերացնել, դադարեցնել կամ վերականգնել օդային հաղորդակցությունը. «Մենք քաղաքական կազմակերպություն չենք, հետևաբար, մենք քաղաքական որոշումներ չենք կայացնում: Մենք պետք է կատարենք վրաց ժողովրդի պատվերը և պետք է սպասարկենք այն ուղղությունները, որոնցով ցանկանում են ճանապարհորդել Վրաստանի քաղաքացիները։ Մենք վրաց ժողովրդին ծառայելուց բացի այլ քաղաքականություն չունենք: Մենք նույնիսկ պատերազմական պայմաններում ծառայել ենք վրաց ժողովրդի շահերին, ծառայելու ենք նաև խաղաղ պայմաններում»։

Հայտարարության մեջ նշվում է, որ «Georgian Airways»-ն այն ավիաընկերությունն է, որի հիմնադիրներն ու աշխատակիցները վտանգել են իրենց կյանքը՝ այրվող Սոխումիից երեխաներին, կանանց, տարեցներին և վիրավորներին տարհանելու և Աբխազիայի պատերազմի ժամանակ զոհված մարտիկներին տեղափոխելու համար։

«Նրանցից շատերն իրենց զոհաբերեցին այս գործի համար։ Ուստի արժանապատվության զգացումից զուրկ և անպատկառություն է, այն մարդկանց դավաճան անվանել, որոնք պետական ​​պարգևներ են ստացել ռազմական գործողություններին մասնակցելու և իրենց նվիրումի համար։

2008 թվականի պատերազմի ժամանակ «Georgian Airways»-ը միակ ավիաընկերությունն էր, որը չդադարեցրեց թռիչքները և Վրաստան բերեց հարյուրավոր օտարերկրյա լրագրողների ու քաղաքական գործիչների, որոնք ամբողջ աշխարհին ցույց տվեցին վրաց ժողովրդի ողբերգությունը։ Դիմում ենք սադրիչներին, սա դավաճանությո՞ւն եք համարում։ Այնուամենայնիվ, դա ձեր նման անամոթների համար զարմանալի չի լինի: Այստեղ պետք է ընդգծել, որ «Georgian Airways»-ում ներկայում աշխատում են Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարող հերոսներ։ Ամոթ է, երբ ինչ-որ մեկը համարձակվում է մեր ընկերությանը դավաճան անվանել։

Անզեն աչքով էլ պարզ է, որ այս կեղտոտ արշավի հետևում կանգնած են կառավարվող ուժեր, որոնք պատրաստ են դուրս գալ իրենց երկրի ու ժողովրդի շահերի դեմ՝ արդարացնելու դրսից ստացած դրամաշնորհները։

Մենք հավատում ենք վրաց իմաստուն ժողովրդին, որը հիմնավոր գնահատական ​​կտա ստեղծված իրավիճակին և կկանգնի ճշմարտության կողքին։ Ճշմարտությունը մեկն է՝ «Georgian Airways»-ը եղել է, կա և կլինի Վրաստանի և վրաց ժողովրդի շահերը սպասարկող ավիաընկերություն։

Կոչ ենք անում քաղաքականությունից կախված ու երկու կոպեկից վախեցած ավազակներին, մենք չենք վախեցել թշնամու հրետանուց, տանկերից ու ռազմական ինքնաթիռներից, առավել ևս՝ չենք կարող վախենալ ձեր զավեշտական ​​անհեթեթություններից։ Ավիաընկերության դեմ որևէ սադրանքի մասին նույնիսկ չմտածեք, այլապես կստանաք օրենքով նախատեսված ամենախիստ պատասխանը», - ասվում է Georgian Airways-ի հաղորդագրության մեջ։

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը մայիսի 16-ին «Georgian Airways»-ին թույլտվություն է տվել կանոնավոր չվերթներ իրականացնել Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ։ Շաբաթական կիրականացվի 7 ուղիղ չվերթ։ Մայիսի 20-ին նախատեսված չվերթում միակողմանի էկոնոմ դասի տոմսի արժեքը սկսվում է 825 լարիից, իսկ բիզնես դասի տոմսն արժե 2804 լարի։

Մայիսի 12-ին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում «Georgian Airways»-ի նախագահ Թամազ Գաիաշվիլին ասել է, որ «Georgian Airways»-ը մասնավոր ընկերություն է և չի կարող վնասով աշխատել։ Ուստի նրանք խթանելու են Մոսկվա-Թբիլիսի երթուղին։ Գաիաշվիլիի խոսքով՝ «Վրաստանում բոլոր նորմալ մարդիկ ողջունել են ռուսական կողմի որոշումը, բոլորն արդարացված են համարում թռիչքների և առանց վիզայի ռեժիմի վերականգնումը»։

Մոսկվայից Թբիլիսի առաջին ուղիղ չվերթը նախատեսված է մայիսի 19-ին և կիրականացնի ռուսական Azimuth Airlines ավիաընկերությունը։ Ընդդիմադիր «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան նախատեսում է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում բողոքի ցույց անցկացնել։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ 2023 թվականի մայիսի 10-ից հանվել է Ռուսաստանից Վրաստան չվերթներ իրականացնող ռուսական ավիաընկերությունների վրա 2019 թվականին սահմանված արգելքը։ Բացի այդ, Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը, և մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Ռուսաստանի տարածք մինչև 90 օր ժամկետով։

 

Այս թեմայով՝

ԵՄ-ի արտաքին քաղաքականության հետ Վրաստանի համապատասխանեցումը գնալով նվազում է. Պիտեր Ստանո

ԱՄՆ-ը զգուշացնում է վրացական օդանավակայանների ընկերություններին պատժամիջոցների ռիսկի մասին

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։