Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը և «Վրացական ավիաուղիները» պատրաստվում են հաջորդ շաբաթվանից Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ չվերթներ իրականացնելու համար։ Այս մասին գրում է ռուսական RBC հրատարակությունը՝ հիմնվելով ռուսական իշխանություններին ու «Ազիմուտին» մոտ կանգնած աղբյուրներին։ Բացի այդ, վրացական ավիաընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլին նրանց հաստատել է, որ մնացած ֆորմալ հարցերը ավարտելու համար կպահանջվի մի քանի օր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
RBC-ի փոխանցմամբ՝ «Ազիմուտը» Մոսկվայի Վնուկովո միջազգային օդանավակայանից դեպի Թբիլիսի չվերթները կարող է սկսել արդեն մայիսի 16-ից, իսկ «Վրացական ավիաուղիները»՝ մայիսի 18-ից։
«Հնարավոր է դա լինի 18-ին, կամ մի փոքր ուշ։ Հուսով եմ, որ մենք թռիչքներ կսկսենք առաջիկա տասը օրվա ընթացքում»,- ռուսական լրատվամիջոցներին ասել է Թամազ Գաիաշվիլին։ Նրա խոսքով, «Ազիմուտն» իսկապես պատրաստվում է հաջորդ շաբաթ թռիչքներ սկսել։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կառավարող թուրքական TAV ընկերությունը հաստատել է, որ երկու ավիաընկերություններն արդեն դիմել են իրենց՝ Մոսկվա-Թբիլիսի չվերթների վերսկսման հարցով։ «Ազիմուտը» շաբաթական վեց անգամ չվերթ կիրականացնի դեպի Վրաստան։
Թամազ Գաիաշվիլիի խոսքով՝ «Վրացական ավիաուղիները» ոչ մի խոչընդոտ չունի դեպի Մոսկվա թռիչքները վերսկսելու համար։
«Պետք է միայն պլանավորել, հաշվի առնել այսօր ստեղծված բոլոր հանգամանքները»,- ասում է նա՝ նշելով, որ տոմսերի վաճառքի հարցը նախատեսվում է քննարկել հաջորդ շաբաթվա սկզբին։
Գաիաշվիլիի խոսքով՝ «Վրացական ավիաուղիները» մասնավոր ընկերություն է և չի կարող վնասով աշխատել։ Ուստի նրանք խթանելու են Մոսկվա-Թբիլիսի ուղղությունը։
Թամազ Գաիաշվիլին Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման որոշումը փոխելու պատրվակ չի տեսնում. «Ամեն ինչի համար պետք է փաստարկ լինի։ Վրաստանում բոլոր նորմալ մարդիկ ողջունեցին ռուսական կողմի որոշումը, բոլորն արդարացված են համարում չվերթների և առանց վիզայի ռեժիմի վերականգնումը»։
RBC-ն, հիմնվելով սեփական աղբյուրի վրա, գրում է, որ Ռուսաստանից թռիչքները կիրականացվեն Superjet ինքնաթիռներով, քանի որ դրանք չեն ենթարկվել պատժամիջոցների, ըստ որոնց արգելվում են նրանց սպասարկումն արտասահմանյան օդանավակայաններում։ Այդ ինքնաթիռները շահագործում են «Ազիմուտը» և ռուսական մեկ այլ Red Wings («Կարմիր թևեր») ավիաընկերությունը, որն արդեն թույլտվություն է խնդրել «Ռոսավիացիայից»՝ Մոսկվա-Թբիլիսի չվերթներ իրականացնելու համար։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ դեպի Վրաստան չվերթները իրենք հետաքրքիր և հեռանկարային են համարում ոչ միայն զբոսաշրջային բիզնեսի, այլ նաև գործարար հարաբերությունների և գաստրոնոմիական տուրիզմի տեսանկյունից։ Red Wings-ը թույլտվություն է խնդրում նաև Սամարա-Թբիլիսի և Կազան-Թբիլիսի երթուղիների համար։
Այս պահին Մոսկվայի և Թբիլիսիի միջև չվերթներ իրականացնելու «Ռոսավիացիայից» թույլտվություն են ստացել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Աերոֆլոտը» (շաբաթական 14 անգամ) և Nordwind Airlines (շաբաթական 7 անգամ)։ Նրանք երկուսն էլ պատժամիջոցների են ենթարկվել ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից։
RBC-ն գրում է, որ 2019 թվականին, մինչ ուղիղ չվերթների արգելքը, ռուսական ավիաընկերություններին հաջողվել է երկու երկրների միջև կանոնավոր չվերթներով տեղափոխել 590 100 ուղևոր, իսկ 2018 թվականին՝ 900 000 ուղևոր։
Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցությունը դադարեցվել է 2019 թվականի հուլիսի 8-ից։ Նույն թվականի հունիսի 21-ին, ՌԴ Դումայի կոմունիստ պատգամավոր Սերգեյ Գավրիլովի Թբիլիսի կատարած այցից և նրա կողմից Վրաստանի խորհրդարանի աթոռը զբաղեցնելուց հետ տեղի ունեցան բողոքի լայնածավալ ցույցեր, Վլադիմիր Պուտինն արգելեց ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան։
Գրեթե չորս տարի առաջ դադարեցված ավիահաղորդակցության վերականգնման մասին հրամանագիրը Ռուսաստանի նախագահն արձակել է 2023 թվականի մայիսի 10-ին։ Բացի չվերթների վերսկսումից, չեղարկվել է 2000 թվականից գործող վիզային ռեժիմը, և մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան Ռուսաստանի տարածք մուտք գործել առանց վիզայի։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 10-ին արտակարգ ճեպազրույցում Պուտինի որոշումը որակել է հերթական ռուսական սադրանք, որը մեծ մարտահրավերի առաջ է կանգնեցնում Վրաստանի կառավարությանը։ Նրա խոսքով, քանի որ Ռուսաստանը ագրեսոր է ողջ աշխարհի համար և վրացական տարածքների օկուպանտն է, նման ժեստը ժամանակավրեպ է և անընդունելի։
Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 11-ին չվերթների վերականգնումն ու առանց վիզային ռեժիմը դրական է գնահատել. «Ուզում եմ բոլորին ասել, որ սա, իհարկե, մարդասիրական տեսանկյունից շատ դրական և ողջունելի որոշում է։ Ամեն ինչ և յուրաքանչյուր որոշում, որը կհեշտացնի մեր քաղաքացիների կյանքը, տեղաշարժը, բիզնեսով զբաղվելը, անկասկած, դրական է և ողջունելի»,- լրագրողներին ասել է նա։ Բացի այդ, Ղարիբաշվիլին նշել է, որ թռիչքներ կիրականացնեն միայն պատժամիջոցների չենթարկված ավիաընկերություններն ու ինքնաթիռները։
Եվրոպական հանձնաժողովը կոչ է անում Վրաստանին, որը հավակնում է դառնալ Եվրամիության թեկնածու երկիր, միանալ ավիացիայի ոլորտում Ռուսաստանի դեմ Եվրամիության և այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին և զգոն լինել պատժամիջոցները շրջանցելու հնարավոր փորձերի նկատմամբ։ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի մամուլի խոսնակ Պիթեր Ստանոն նշել է, որ Վրաստանը չպետք է թույլ տա, որպեսզի անվտանգության խնդիրներ ունեցող ռուսական ինքնաթիռները մտնեն իր տարածք։ Նրա խոսքով՝ պատժամիջոցների պատճառով ռուսական ընկերությունների 95%-ը չի կարողանում թարմացնել կամ կատարելագործել օդանավերը, ինչն անհրաժեշտ է միջազգային տեխնիկական ու անվտանգության չափանիշները պահպանելու համար։
Ամերիկայի Միացյալ Նահանգները հնարավոր պատժամիջոցների մասին է զգուշացրել վրացական օդանավակայաններում աշխատող այն ընկերություններին, որոնք կսպասարկեն պատժամիջոցների ենթարկված ռուսական ինքնաթիռներին։