Մոսկվայից իրականացվելիք առաջին չվերթին Թբիլիսիի օդանավակայանում կդիմավորեն բողոքի ակցիայով

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Մայիսի 19-ին, երբ ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը կիրականացնի իր առաջին չվերթը Մոսկվայից, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում բողոքի ակցիա կանցկացվի։ Ինչպես ասել է «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան, քաղաքացիները ժամը 12:00-ին հավաքվելու են Հանրապետության հրապարակում և ավտոշարասյունով շարժվելու են դեպի օդանավակայան։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ըստ Խոշտարիայի՝ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը ազգային շահերի դավաճանություն է և հարված երկրի ինքնիշխանությանը։

«Ազիմուտ» ավիաընկերությունը չի կարող չվերթներ իրականացնել եվրոպական որևէ երկրի ուղղությամբ, չի կարող վայէջք կատարել որևէ եվրոպական օդանավակայանում, արգելված է, քանի որ այդ ընկերությունը արտադրում է այն «ՍՈւ» ինքնաթիռները, այն ռմբակոծիչները, որոնք ռմբակոծել են մեր երկիրը, որոնք այսօր ռմբակոծում են Ուկրաինան՝ սպանելով մարդկանց և ողջ քաղաքակիրթ աշխարհն ասում է՝ ոչ, չվերթն արգելված է: Վրաստանի կառավարությունն այս ավիաընկերությանը մեր թիկունքի հետևում, դավաճանելով մեր շահերը ասել է՝համեցեք, չվերթներ իրականացրեք։ Ինչպես նաև սա մի ավիաընկերություն է, որի բաժնետերերից մեկը Պուտինին մտերիմ, դավաճան, արյունոտված մարդ է։ Ճիշտ նույն արյունով, ինչով բոլոր օդանավերը, որոնք պատրաստվում են չվերթներ իրականացնել Վրաստանի ուղղությամբ։ Մենք տեսանք, որ այս ավիաընկերությունը Աբխազիան և Հարավային Օսիան [կայքում] նշում է որպես անկախ պետություններ, նշվում է, որ աբխազներն ու օսերը պետք է թռչեն ռուսական անձնագրերով, այսինքն՝ ուղղակիորեն խախտում է մեր սահմանադրությունը, օկուպացիայի մասին օրենքը։ Ի՞նչ է արել կառավարությունը: Բացի թույլտվություն տալուց, նա կապվել է Ռուսաստանի հետ և անմիջապես, երկու ժամվա ընթացքում, հեռացրել են այդ գրությունը։ Պատկերացնու՞մ եք, թե ինչպես է այս իշխանությունը աշխատում Ռուսաստանի հետ»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Էլենե Խոշտարիան։

Ըստ Խոշտարիայի՝ օդանավակայանի մոտ ծրագրված հանրահավաքի մասնակիցների նպատակը Վրաստանի կառավարության «դավաճանական որոշման» դեմ բողոքելն է, և նրանք ուղևորների դեմ չեն բողոքում.

«Սա հերթական դավաճանությունն է, որը մեզ հերթական պատասխանատվության առաջ է կանգնեցնում։ Մենք բազմիցս անցել ենք այս քննությունը՝ փետրվարի 24-ին, երբ կանգնեցինք Ուկրաինայի կողքին, հունիսին, երբ պաշտպանեցինք եվրոպական ընտրությունը, և այսօր պետք է պաշտպանենք մեր արժանապատվությունն ու ինքնիշխանությունը։ Մենք կարծում ենք, որ թռիչքի առաջին օրը Վրաստանը պետք է ցույց տա իր դեմքը Ռուսաստանին, Ուկրաինային և աշխարհին։ Այս ինքնաթիռը չի կարող հարմարավետ ու հանգիստ վայրէջք կատարել այստեղ, մենք պետք է առաջին թռիչքի ժամանակ ոտքի կանգնենք ու ցույց տանք, թե որտեղ է գտնվում վրաց հասարակությունը»։

«Ազիմուտը» (Azimuth Airlines) առաջին ռուսական ավիաընկերությունն է, որին երկու երկրների միջև ուղիղ ավիափոխադրումների վերականգնումից հետո Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը չվերթներ իրականացնելու թույլտվություն է տվել։ Գործակալությունը պարզաբանել է, որ ավիաընկերությունը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկվածների և ԵՄ-ի «սև ցուցակում» ներառված չէ: Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել «Ազիմուտի» նկատմամբ 2022 թվականի հոկտեմբերին և պատժամիջոցների կիրառման հիմքերը բացատրել են հետևյալ կերպ. «Ընկերությունը գործում է Ռուսաստանի կառավարության համար ռազմավարական նշանակության ոլորտներում և բարձր նյութական (տրանսպորտ, նյութատեխնիկական և այլն) աջակցություն է տրամադրում այն ​​գործողություններին, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը»:

«Ազիմուտը» Մոսկվա-Թբիլիսի երթուղով չվերթ կիրականացնի շաբաթական յոթ անգամ։ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից առաջին թռիչքը տեղի կունենա տեղական ժամանակով 08:50-ին: Ինքնաթիռը վայրէջք կկատարի Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ժամը 13:50-ին։

2023 թվականի մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է արձակել Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին, որը դադարեցվել էր գրեթե չորս տարի առաջ։ Բացի չվերթների վերսկսումից, վերացվել է 2000 թվականից գործող վիզային ռեժիմը. մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածք մուտք գործել առանց վիզայի։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է Պուտինի այս որոշումները, իսկ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ սա ռուսական հերթական սադրանք է, որը մեծ մարտահրավերի առաջ է կանգնեցնում Վրաստանի կառավարությանը։ Նրա խոսքով, քանի որ Ռուսաստանը ագրեսոր է ողջ աշխարհի համար և վրացական տարածքների օկուպանտն է, նման ժեստը ժամանակավրեպ է և անընդունելի։ Զուրաբիշվիլին պահանջել է նաև Ռուսաստանի քաղաքացիների համար 3-ամսյա վիզային ռեժիմ սահմանել։

 

Այս թեմայով՝

ԱՄՆ-ը զգուշացնում է վրացական օդանավակայանների ընկերություններին պատժամիջոցների ռիսկի մասին

ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում միանալ ավիացիայի ոլորտում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։