Վրաստանի քաղաքացիները պետիցիայով դիմում են կառավարությանը, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանին և պահանջում՝ ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանել և հրաժարվել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Պետիցիան ստորագրողները կարծում են, որ Ռուսաստանի հետ մերձեցումը նշանակում է հեռացում Եվրոպական միությունից և քաղաքակիրթ աշխարհից, կհանգեցնի ռազմավարական գործընկերների կորստի, Ռուսաստանից տնտեսական և քաղաքական կախվածության, Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումից հրաժարվելու և Ռուսաստանի մաս դառնալու։
Բացի այդ, պետիցիայում ընդգծվում է, որ՝
- Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի 20%-ը, և սողացող օկուպացիան այսօր նույնպես շարունակվում է,
- Ռուսաստանը ագրեսոր պետություն է, որը գրավում և ավերում է Ուկրաինայի քաղաքները և սպանում բնակչությանը,
- Ռուսաստանը գնալով ավելի ու ավելի է մեկուսացվում միջազգայնորեն: Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահին ձերբակալելու օրդեր է տվել,
- Մինչ վրաց ժողովուրդը աջակցում է Ուկրաինային, իսկ վրացի մարտիկները զոհվում են Ուկրաինայի ազատության համար պայքարում, Վրաստանի կառավարության կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացումը դավաճանական քայլ է և ուղղված է պետականության դեմ,
- Ռուսաստանի քաղաքացիների անվերահսկելի հոսքը Վրաստան վտանգի տակ է դնում մեր երկրի անվտանգությունը,
Պետիցիան ստորագրողները կոչ են անում Վրաստանի իշխանություններին՝ սահմանել վիզային ռեժիմ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի համար, հրաժարվել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերսկսումից, հրաժարվել Ռուսաստանի հետ գաղտնի գործարքներից և Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ ձեռնարկել բոլոր միջոցները Եվրոպական միությունում ինտեգրվելու համար։
2023 թվականի մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է արձակել Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին, որը դադարեցվել էր գրեթե չորս տարի առաջ։ Բացի թռիչքների վերսկսումից, չեղարկվել է 2000 թվականից գործող վիզային ռեժիմը, և այսօրվանից՝ մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան Ռուսաստանի տարածք մուտք գործել առանց վիզայի։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 10-ին արտակարգ ճեպազրույցում Պուտինի որոշումը որակել է հերթական ռուսական սադրանք, որը, ըստ նրա, մեծ մարտահրավերի առաջ է կանգնեցնում Վրաստանի կառավարությանը։ Նրա խոսքով, քանի որ Ռուսաստանը ագրեսոր է ողջ աշխարհի համար և վրացական տարածքների օկուպանտն է, նման ժեստը ժամանակավրեպ է և անընդունելի։ Զուրաբիշվիլին կոչ է արել կառավարությանը եռամսյա վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար։
Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 11-ին չվերթների վերականգնումն ու առանց վիզային ռեժիմը դրական է գնահատել. «Ուզում եմ բոլորին ասել, որ սա, իհարկե, մարդասիրական տեսանկյունից շատ դրական և ողջունելի որոշում է։ Ամեն ինչ և յուրաքանչյուր որոշում, որը կհեշտացնի մեր քաղաքացիների կյանքը, տեղաշարժը, բիզնեսով զբաղվելը, անկասկած, դրական է և ողջունելի»,- լրագրողներին ասել է նա։ Բացի այդ, Ղարիբաշվիլին նշել է, որ թռիչքներ կիրականացնեն միայն պատժամիջոցների չենթարկված ավիաընկերություններն ու ինքնաթիռները։
Եվրոպական հանձնաժողովը կոչ է անում Վրաստանին, որը հավակնում է դառնալ Եվրամիության թեկնածու երկիր, միանալ ավիացիայի ոլորտում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին և զգոն լինել պատժամիջոցները շրջանցելու հնարավոր փորձերի նկատմամբ։ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի մամուլի խոսնակ Պիթեր Ստանոն նշել է, որ Վրաստանը չպետք է թույլ տա, որպեսզի անվտանգության խնդիրներ ունեցող ռուսական ինքնաթիռները մտնեն իր տարածք։ Նրա խոսքով՝ պատժամիջոցների պատճառով ռուսական ընկերությունների 95%-ը չի կարողանում թարմացնել կամ կատարելագործել օդանավերը, ինչն անհրաժեշտ է միջազգային տեխնիկական ու անվտանգության չափանիշները պահպանելու համար։
Ամերիկայի Միացյալ Նահանգները հնարավոր պատժամիջոցների մասին է զգուշացրել վրացական օդանավակայաններում աշխատող այն ընկերություններին, որոնք կսպասարկեն պատժամիջոցների ենթարկված ռուսական ինքնաթիռներին։ Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ այժմ, երբ արևմտյան հասարակությունն ամբողջությամբ հեռացել է ռուսական ռեժիմից, ժամանակը չէ, որ որևէ երկիր խորացնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:
