Եթե դադարեցնեմ հացադուլս, ինձ այս անարդարությանը մեղսակից կհամարեմ․ Ամաղլոբելի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին մտադիր չէ դադարեցնել հացադուլը։ Այս մասին ասել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Նոնա Քուրդովանիձեն, ով այսօր նրան այցելել է Ռուսթավի թիվ 5 քրեակատարողական հիմնարկում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ի նշան բողոքի շարունակում է հացադուլը, լավ է զգում իրեն։ Ինչպես ինձ ասաց, հացադուլ չի անում այն նպատակով, որ դրա դիմաց ինչ-որ բան ստանա։ Հացադուլ է անում ի նշան անարդարության դեմ բողոքի»,- գրել է Քուրդովանիձեն Facebook-ում։

Մզիա Ամաղլոբելիի գործընկերներն ու ընկերները երեկ նամակ են ուղարկել բանտ՝ խնդրելով դադարեցնել բողոքի այս ծայրահեղ ձևը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։

«Ժողովրդավարությունը նվեր չէ։ Մեր հասարակությունը դա ամենից լավ գիտի, և դա ակնհայտ է դարձել նույնիսկ հիմա։ Եթե դադարեցնեմ հացադուլս, ինձ կհամարեմ այս անարդարության մեղսակից»,- ինչպես գրում է Նոնա Քուրդովանիձեն, սա է Մզիա Ամաղլոբելիի ասելիքը։

Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Մզիա Ամաղլոբելին երկու անգամ ձերբակալվել է Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։ Առաջին անգամ նրան ձերբակալել են բաժանմունքի օժանդակ շենքի պատին պաստառ փակցնելու համար, իսկ երկրորդ անգամ՝ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի վրա հարձակվելու մեղադրանքով, որը պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ։

Ձերբակալությունից հետո Մզիա Ամաղլոբելին դարձել է ոչ պատշաճ վերաբերմունքի զոհ։ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» նախագահ Նոնա Քուրդովանիձեի խոսքով՝ Իրակլի Դգեբուաձեն ոստիկանությունում մի քանի անգամ փորձել է ֆիզիկական բռնություն գործադրել Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ, թքել նրա երեսին, ինչպես նաև նրա հրամանով ձերբակալվածին հնարավորություն չեն տվել ջուր խմել և այլ հիմնական կարիքներ բավարարել։

Հունվարի 14-ին Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Սախելաշվիլին բավարարել է դատախազի միջնորդությունը և Մզիա Ամաղլոբելիին դատապարտել երկամսյա նախնական կալանքի։ Հանրային պաշտպանի և փաստաբանների գնահատմամբ՝ վերոհիշյալ որոշումն անհիմն է։

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան որոշումը բողոքարկել է Քութայիսիի վերաքննիչ դատարանում, սակայն դատարանը մերժել է բողոքը քննարկել։

Իրավապաշտպանները կարծում են, որ Ամաղլոբելիի նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ճնշում, քանի որ նրա արարքը՝ երեսին ապտակելը, չի կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։

Հատուկ քննչական ծառայությունը Իրակլի Դգեբուաձեի նկատմամբ հետաքննություն է սկսել լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Մզիա Ամաղլոբելիի փաստաբաններն ու գործընկերները պահանջում են գործը պատշաճ կերպով որակել և հետաքննել անմարդկային վերաբերմունքի փաստը և կասեցնել ոստիկանապետի լիազորությունները քանի դեռ հետաքննությունը շարունակվում է։

Մզիա Ամաղլոբելիի գործով դատական ​​նիստը նշանակված է մարտի 4-ին։ Հունվարի 20-ին բանտից ուղարկված նամակում Ամաղլոբելին գրել է, որ «ազատությունն ավելի արժեքավոր է, քան կյանքը», և որ ինքը մտադիր չէ ընդունել «ռեժիմի օրակարգը»։

 

Այս թեմայով՝

Միջազգային մամուլի կազմակերպությունները պահանջում են անհապաղ ազատ արձակել Ամաղլոբելիին

Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության պլատֆորմը ահազանգել է Մզիա Ամաղլոբելիի գործով

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։