Գերմանիան առաջիկա օրերին Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգ կփոխանցի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա Ռուսաստանի հրթիռային հարձակումներից հետո Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Գերմանիան Ուկրաինային կմատակարարի առաջին IRIS-T SLM հակաօդային պաշտպանության համակարգը։ Ըստ Քրիստինե Լամբրեխտի՝ Ռուսաստանի վերջին գործողությունները ցույց են տալիս, թե որքան կարևոր է այն Ուկրաինայի համար։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Այդ պատճառով մենք այժմ հատուկ օգնություն կգտնենք Ուկրաինային՝ օդից եկող սպառնալիքներին դիմակայելու համար։ Առաջիկա մի քանի օրվա ընթացքում մեր չորս առաջադեմ IRIS-T համակարգերից առաջինը պատրաստ կլինի արդյունավետորեն պաշտպանել ուկրաինացիներին»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը Spiegel-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ մնացած երեք համակարգերի առաքումն Ուկրաինա նախատեսվում է հաջորդ տարի։

Կիևի և այլ քաղաքների վրա իրականացված զանգվածային հրթիռային հարձակմանը արձագանքել է նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։ Ինչպես Twitter-ում գրել է նախարար Անալենա Բաերբոքը, զարհուրելի և անհիմն է, որ Պուտինը հրթիռներ է արձակում քաղաքների և խաղաղ բնակիչների վրա։ Նրա խոսքով՝ Գերմանիան ամեն ինչ կանի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն արագ ուժեղացնելու համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պայմանավորվել են «Մեծ յոթնյակի» արտահերթ նիստ հրավիրելու շուրջ։ Հանդիպմանը, որը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 11-ին, Զելենսկին կխոսի «Ռուսաստանի Դաշնության ահաբեկչական հարձակումների», ինչպես նաև Ռուսաստանի վրա ճնշումների մեծացման և վնասված ենթակառուցվածքների վերականգնմանն օգնելու մասին։

Եվրահանձնաժողովը դատապարտել է Ռուսաստանի «բարբարոսական» հրթիռային հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։

«Ռուսաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին, թե իրենից ինչ է ներկայացնում՝ ահաբեկչություն և դաժանություն։ Հանցագործը պետք է պատասխան տա: Մենք սգում ենք զոհերի համար և մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում մեր ուկրաինացի ընկերներին։ Ես գիտեմ, որ ուկրաինացիները չեն վախենա»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի խոսքով՝ 21-րդ դարում նման հարձակումների տեղ չկա։ «Մենք Ուկրաինայի կողքին ենք։ ԵՄ-ի լրացուցիչ ռազմական օգնությունը ճանապարհին է»,- ասել է Բորելը:

Հոկտեմբերի 10-ի առավոտյան, Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքի և այլ քաղաքների վրա։ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Կիևում և ութ շրջաններում կարևոր ենթակառուցվածքների (հիմնականում էլեկտրամատակարարման օբյեկտների) ռմբակոծության հետևանքով մոտ 30 հրդեհ է բռնկվել։ Ըստ առկա տեղեկությունների՝ զոհվել է 11, վիրավորվել՝ 64 մարդ։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի թարմացված տվյալների համաձայն՝ Ռուսաստանը կիրառել է 84 թևավոր հրթիռ և 24 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 13 իրանական «Շահիդ»։ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են 56 թիրախ, որոնցից 43-ը՝ թևավոր հրթիռներ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ պաշտպանության նախարարության առաջարկով և ՌԴ Գլխավոր շտաբի պլանի համաձայն՝ բարձր ճշգրտության հեռահար օդային, ծովային և ցամաքային զենքերով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

Պուտինի խոսքով՝ սա պատասխան էր հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին, որը ռուսական իշխանությունները որակեցին որպես «ահաբեկչական գործողություն»։ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է Ուկրաինայի իշխանություններին, որ եթե Ռուսաստանի տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը շարունակվեն, «Ռուսաստանի պատասխանը կլինի կոշտ և իր մասշտաբով կհամապատասխանի Ռուսաստանի Դաշնությանը սպառնացող վտանգին»։

Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը հոկտեմբերի սկզբից ծրագրում էր հարձակումներ իրականացնել Ուկրաինայի մայրաքաղաքի և ենթակառուցվածքների վրա։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։