Հարձակման են ենթարկվել ընդդիմադիր կուսակցությունների անդամներ Բորիս Չելե Կուրուան և Նոդար Չաչանիձեն

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Մայիսի 9-ին, ուշ գիշերին, իրենց տների մոտ հարձակման են ենթարկվել ընդդիմադիր «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Բորիս Չելե Կուրուան և «Ախալիի» անդամ Նոդար Չաչանիձեն։ Հարձակումից առաջ նրանք երկուսն էլ մասնակցել են «Ֆորմուլա»-ի հեռուստահաղորդմանը, որի թեման վերջին օրերին ռուսական օրենքի հակառակորդների ռեպրեսիաներն էին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Առնվազն 6 հոգի կլինեին։ Երբ հասա տուն, նկատեցի, որ ինչ-որ մեկն ինձ սպասում է մուտքի մոտ։ Մեկը երևաց։ Գնացի գոռացի՝ ինձ եք սպասում ու դրանից հետո մեքենաների հետևում թաքնվածները դուրս եկան։

Ինչ-որ մեկը թիկունքից հարվածեց ինձ, ընկա ու ոտքերով հարվածեցին։

Հետո նրանք փախան, ինչպես հաճախ է պատահում»,- ասել է Բորիս Չելե Կուրուան։ Նա գլխի հատվածում վնասվածքներ ունի։

Անհայտ անձինք տան մուտքի մոտ հարձակվել են նաև «Ախալի» կուսակցության անդամ Նոդար Չաչանիձեի վրա։

«Մուտքի մոտ ինձ երկու հոգի էին սպասում, ևս երկուսը մեքենայի մեջ էին։ Ցավոք սրտի, մենք այնպիսի իրականության մեջ ենք ապրում, որ ես սրան սպասում էի։ Մեկը մի կողմից եկավ, երկուսը՝ մյուսից։

Դեմքս ձեռքերով փակելը փրկեց ինձ։ Հարձակման ժամանակ ես փախա ու ոտքով հարվածեցին ինձ։ Ամեն ինչ շատ արագ կատարվեց։

Ես գոռացի, որ ուրիշները լսեն։ Լույսը վառվում էր, ու երկար ժամանակ չէին կարողանում կռիվը շարունակել։ Համեմատած մյուսների հետ՝ ես այս պահին փրկվեցի: Ինչպես պատմեց հարևանս, մուտքի մոտ սպասող երկու հոգի գլխարկներով ու դիմակներով են եղել։ Նրանք երիտասարդ մարզիկներ էին, որոնց օգտագործում են Դիտո Սամխարաձեն։ Ցավալի է, որ երիտասարդները ստիպված են նման առաջադրանքներ կատարել»,- ասել է Նոդար Չաչանիձեն։

Մայիսի 3-ին Թբիլիսիում հարձակման և ֆիզիկական բռնության են ենթարկվել ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիայի մասնակից երիտասարդները, ինչի համար ՆԳՆ-ն ոչ ոքի չի ձերբակալել։ Լրատվամիջոցների կողմից բացահայտված հարձակվողների թվում են Թբիլիսիի քաղաքապետարանի բյուջեից ֆինանսավորվող մարզիչները։

Մայիսի 5-ին Լանչխութիում հարձակվել են ուսուցիչ Լադո Աբխազավայի և որդու վրա։ Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել ֆիզիկական բռնության համար, թեև Աբխազավան ասել է, որ հարձակմանը երկու մարդ է մասնակցել։ Դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել հարձակվողին՝ Լանչխութիի շտապ բժշկական ծառայության աշխատակցին։

Մայիսի 7-ին Թբիլիսիում Շվեդիայի դեսպանատնից դուրս գալուց հետո հարձակման են ենթարկվել «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Գիորգի Կլդիաշվիլին և «Ֆորմուլա»-ի նկարահանող խումբը։

Մայիսի 8-ին բնակելի շենքի մուտքում հարձակման է ենթարկվել «Ազգային շարժման» անդամ Դիմիտրի Չիքովանին, ով բազմաթիվ վնասվածքներ է ստացել դեմքին ու գլխին։ Հարձակմանը նախորդել էր ապրիլի 23-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, թե ռուսական օրենքի դեմ անցկացվող ակցիաներին «Դավիթ Կեզերաշվիլիի և Դիմա Չիքովանիի կողմից 1000 լարիով են ֆինանսավորվող» մարդիկ են մասնակցում։ Չիքովանին «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր և Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի կնոջ եղբայրն է։

Բնակարանի մուտքի մոտ անհայտ անձինք ֆիզիկական բռնության են ենթարկել «Ճավճավաձեի կենտրոնի» գիտաշխատող Գիա Ջափարիձեին։ Նա «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի եղբայրն է և ակտիվորեն մասնակցում է ռուսական օրենքի դեմ ակցիաներին։ «Ինձ սկսեցին ուղղակի ծեծել։ Ինչ-որ փայտերով էին։ Ինչո՞ւ եմ ես դեմ ռուսական օրենքին, դա էին ասում»,- միջադեպից հետո ասել է Գիա Ջափարիձեն։ Նա վնասվածքներ ունի գլխի և դեմքի շրջանում։ Ինչպես հայտնել են Խեչինաշվիլիի կլինիկայում՝ առկա է գանգուղեղային վնասվածք։

Երեք անհայտ անձինք հարձակվել են ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից մեկի՝ բայքեր Լաշա Ղվինիանիձեի վրա իր իսկ տան դիմաց։ Նա կարծում է, որ իր գտնվելու վայրը հայտնաբերել են հարձակումից առաջ կատարած հեռախոսազանգի միջոցով: Ակտիվիստին նախորդել է սպառնալիք. «Զանգել են 72-ամյա հորս, որին ուղիղ ասել են՝ որդուդ կանգնեցրու։ Փաստ է, որ պետական ​​գերատեսչություններից անձնական տվյալներ են արտահոսել այնքան մանրամասն, որ նրանք գիտեն հասցեներն ու հեռախոսահամարները, այդ թվում՝ ընտանիքի անդամների»,- ասել է Ղվինիաձեն։

***

«Մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել ահաբեկումները, սպառնալիքները և բռնությունները»,- երեկ ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի, ԱՄՆ-ը տեղյակ է ոտնձգությունների և ֆիզիկական հարձակումների մասին.

«Մենք խորապես անհանգստացած ենք օրենքի նախագծին դեմ արտահայտվողների նկատմամբ իրականացվող գործողություններից և այն առաջ մղելու գործողություններից։

Մենք տեղյակ ենք քաղաքացիական հասարակության, ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների դեմ ոտնձգությունների և ֆիզիկական հարձակումների մասին աճող հաղորդումների մասին: Մենք դա դատապարտում ենք և կոչ ենք անում անկախ, ամբողջական և ժամանակին հետաքննություն իրականացնել»:

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին մայիսի 9-ին ասել է, որ նախորդ օրվա հարձակումների հետաքննությունն անմիջապես սկսվել է. «Կտեսնենք՝ ինչ է եղել, ինչպես է եղել, ով է հարձակվել։ Ուղիղ խոսել չեմ կարող, կա՛մ սա է եղել, կա՛մ նա։ Հարձակում է տեղի ունեցել, ցավոք, մարդիկ վիրավորվել են, հետաքննություն է սկսվել»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։