Հունիսի 2-ին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների՝ Էդուարդ Մարիկաշվիլիի, Սաբա Բրաճվելիի և Նիկա Ռոմանաձեի գործերը Թբիլիսիի քաղաքային դատարանը պետք է քններ երեկ, սակայն նիստերը հետաձգվել են։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Սաբա Բրաճվելիի դատավարությունը նշանակվել է հունիսի 16-ին, Նիկա Ռոմանաձեի դատավարությունը՝ հունիսի 27-ին, Էդուարդ Մարիկաշվիլիի դատավարությունը՝ հունիսի 28-ին։ ՆԳՆ-ն երեքին էլ մեղադրում է մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու մեջ։
«Մենք ապացույցներ էինք բերել և պատրաստ էինք վկաների, այդ թվում՝ ոստիկանների հարցաքննության համար, սակայն դատարանը մեզ հայտնեց, որ գործընթացն արդեն հետաձգվել է։ Մենք նորից կգանք ու կապացուցենք մեր ճշմարտությունը։ Նրանք ինձ մեղադրում են հայհոյելու և ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու մեջ։ Իհարկե, տեսանյութերից ոչ մեկում հայհոյանք չի երևում, քանի որ նման փաստ տեղի չի ունեցել։ Ինչ վերաբերում է ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելուն, ապա խնդրանքը օրինական չէր, քանի որ ես բացարձակ իրավունք ունեի Ռուսթավելիի պողոտայում ձեռքիս թերթիկ պահել։ Ըստ այդմ, սա նույնպես անհեթեթ մեղադրանք է»,- ասել է Բրաճվելին։
Գործերը քննելու է դատավոր Նինո Շչերբակովը, ով «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի դեմ մարտին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված լրագրողներ Զուրաբ Վարդիաշվիլիին և Բեկա Ջիկուրաշվիլիին օրինախախտ է ճանաչել և տուգանել է 2200-2200 լարիով։
Մարդու իրավունքների պաշտպան, «Վրաստանի դեմոկրատական նախաձեռնություն» կազմակերպության ղեկավար Էդուարդ Մարիկաշվիլին հունիսի 2-ի գիշերը մի քանի մարդկանց հետ ցույց է անցկացրել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ ձեռքին ունենալով դատարկ թուղթ։ Փաստաբան Սաբա Բրաճվելին և քաղաքացիական ակտիվիստ Նիկա Ռոմանաձեն, ովքեր եղել են նույն հանրահավաքին, պաստառներ են ունեցել «Իրակղլի» մակագրությամբ։ Ոստիկանները երեքին էլ ձերբակալել են։ Ձերբակալության տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես է ոստիկանը ասում, որ ոչ ոք իրավունք չունի վիրավորելու երկրի վարչապետին։ Ձերբակալված իրավապաշտպաններին մի քանի ժամ թույլ չեն տվել զանգահարել իրենց փաստաբաններին։ Նրանք երեքն էլ մայրաքաղաքից տեղափոխվել են Թելավիի ժամանակավոր մեկուսարան և ազատ են արձակվել միայն առավելագույն 48-ժամյա վարչական կալանքի ժամկետը լրանալուց հետո։
Իրավապաշտպաններն ու քաղաքացիական ակտիվիստները հունիսի 2-ին հավաքվել էին խորհրդարանի մոտ այն բանից հետո, երբ ոստիկանությունը ձերբակալեց երեք մարդու, այդ թվում՝ փաստաբան Շոթա Թութբերիձեին։ Թութբերիձեն նստած է եղել խորհրդարանի դիմացի աստիճաններին, իսկ ոտքերին «Իրակղլի» մակագրությամբ պաստառ է եղել։ Այս բովանդակության պաստառներով քաղաքացիներն իրենց բողոքն են արտահայտել Վրաստանի կառավարության արտաքին քաղաքականության և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի դեմ, ով մայիսի 30-ին Բրատիսլավայում Գլոբալ անվտանգության ֆորումում ասել է, որ «պատերազմի մեկնարկի պատճառներից մեկը եղել է Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մտադրություն»։ Ոստիկանը նախ փորձել է Թութբերիձեի ձեռքից խլել պաստառը, ապա ձերբակալել նրան։ Իրավախախտման արձանագրության մեջ գրված է, որ նա իբր դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին և բանավոր վիրավորել։
Փաստաբանները կարծում են, որ ոստիկանների կողմից դիտավորյալ ապօրինի ձերբակալություն է տեղի ունեցել, ինչը քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն է և պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով կամ պաշտոն կամ աշխատանքի իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով։ Անօրինական է համարվում նաև կալանքի ժամկետը մինչև 48 ժամ երկարացնելը, երբ դրա համար որևէ պատճառ չկա։
Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ցուցարարների ձերբակալությունը պաստառների, այդ թվում՝ անպարկեշտ կարգախոսների բովանդակության պատճառով գնահատել է որպես հավաքների և միավորումների ազատության իրավունքի խախտում։ Վրաստանի հետ կապված վերջին որոշումներից մեկը կայացվել է վեց ամիս առաջ՝ 2022 թվականի դեկտեմբերի 15-ին «Փերաձեն և այլք՝ ընդդեմ Վրաստանի» գործով։
Հունիսի 2-ի հանրահավաքի ժամանակ ընդհանուր առմամբ 7 մարդ է ձերբակալվել։ Հատուկ քննչական ծառայությունը ՆԳՆ աշխատակիցների կողմից հնարավոր հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն չի սկսել։
Այս թեմայով՝
ՆԳՆ-ն ապօրինի կալանավորված իրավապաշտպաններին պատժում է առավելագույն ժամկետով