«Ջորջիան Մանգանեզը» համաձայն է աշխատավարձի բարձրացմանը ընդամենը 5 տոկոսով. Ի՞նչ են պատասխանում հանքափորները

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ճիաթուրայում բողոքի ակցիայի 14-րդ օրը «Ջորջիան Մանգանեզը» հայտարարել է, որ պատրաստ է ընդառաջել գործադուլ անող աշխատակիցների հիմնական պահանջներից մեկին և վերադառնալ մինչև փետրվարի 1-ը գոյություն ունեցող աշխատանքային պայմաններին։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա ընկերությունը համաձայն է բարձրացնել ընդամենը 5%-ով։ Գործադուլավորներն ասում են, որ չեն դադարեցնելու ակցիաները։ Նրանց մի մասը այսօր՝ ժամը 16:00-ին, կհավաքվեն Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ջորջիան Մանգանեզի» փոխանցմամբ՝ հունիսի 18-ին ընկերության ղեկավարության, Իմերեթիի պետական ​​հոգաբարձուի, Աշխատանքի տեսչական ծառայության ղեկավարի, Ճիաթուրայի մունիցիպալիտետի քաղաքապետի և միջնորդի մասնակցությամբ տեղի է ունեցել ևս մեկ բանակցություն, որի արդյունքում ընկերությունը կայացրել է հետևյալ որոշումը.

  • Վերադարձ մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը առկա հին աշխատանքային պայմաններին՝ 12-ժամյա աշխատանքային գրաֆիկով,
  • Առաջին փուլում աշխատավարձը կբարձրանա 5 տոկոսով։ Ընկերությունը պատրաստ է նաև եկամտաբերության աճին զուգընթաց աստիճանաբար բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը,
  • Ընկերությունում աուդիտի անցկացում,
  • «Ջորջիան Մանգանեզը» պատրաստ է միաժամանակ ստեղծել համատեղ աշխատանքային հանձնաժողով, որը կուսումնասիրի աշխատակիցների պահանջները, նրանց խնդիրներն ու առաջացման պատճառները, կքննարկեն իրավիճակը շտկելու ուղիները, կծանոթանան աշխատակիցների աշխատանքային պայմաններին, ինչպես նաև՝ աշխատանքային գործընթացի կազմակերպման հին մեթոդին և ընկերության կողմից պահանջվող նոր աշխատանքային գործընթացի անհրաժեշտությանը և տնտեսական նպատակահարմարության անհրաժեշտությանը։

Ընկերությունից հայտնել են, որ հանձնաժողովի գործունեությանը կներգրավվեն բոլոր կողմերը՝ աշխատողներ, գործատու, աուդիտոր, միջնորդ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարություն, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության աշխատանքի տեսչական ծառայություն, Իմերեթիի պետական ​​հոգաբարձու և արհմիությունները։

«Արհմիությունների խնդրանքով ընկերությունը հայտարարում է իր պատրաստակամության մասին այս ընթացքում ներկայացնելու անկախ աուդիտորական եզրակացություն ձեռնարկության վերջին երկու տարիների և ընթացիկ տարվա ֆինանսական վիճակի վերաբերյալ։ Նաև ընկերությունը պատրաստ է անկախ աուդիտոր ունենալ Ճիաթուրայի հանքանյութի կանխատեսվող, պլանավորված արժեքը գնահատելու համար: Ուստի հանձնաժողովը քննարկում է աշխատուժի և ֆինանսական ճգնաժամի հաղթահարման և շտկման հնարավոր ուղիները, որպեսզի աշխատողների և գործատուի շահերը հավասարապես պաշտպանված լինեն»,- ասված է «Ջորջիան Մանգանեզի» հաղորդագրության մեջ։

Ընկերությունը պնդում է, որ այս փուլում հնարավոր չէ լրացուցիչ ֆինանսական միջոցներ գտնել։

«Այսօրվա ճգնաժամը պայմանավորված է հանքաքարի գների զգալի արժեզրկմամբ։ Ընկերությունն արդեն մի քանի տարի աշխատում է այս ռեժիմով և զգալի ֆինանսական վնասներ է կրում։ Ընկերությունը կարծում է, որ ստեղծված իրավիճակում լուծումը ժամանակին արտադրությունը վերսկսելն է։ «Ջորջիան Մանգանեզը» աշխատակիցներին կառուցողական երկխոսության և համաձայնության կոչ է անում»,- նշվում է հայտարարության մեջ։

Գործադուլ անող հանքափորների արձագանքը

«Երեկ մենք հերթական քայլն արեցինք ու գնացինք հանդիպման։ Բոլորին բացատրեցինք, թե ինչն է մեզ անհանգստացնում, բայց տպավորություն ստեղծվեց, որ նրանք շատ լավ գիտեն, թե ինչ պայմաններում ենք մենք աշխատում, անմիջական համաձայնության մեջ են ընկերության հետ և պայքարում են մեր դեմ։ Հետևաբար, նրանց հետ որևէ բանի մասին խոսելն իմաստ չունի։ Նրանք ամեն ինչ լավ գիտեն։ Այսօրվանից մենք ոչ մի բանակցությունների չենք գնա։ Պետք է մեզ գրավոր ուղարկեն, թե ինչպես են բավարարում մեր պահանջները»,- ասել է հանքափոր Մերաբ Սարալիձեն՝ նշելով, որ հանրահավաքի մասնակիցներից մեկը երեկ՝ բանակցություններն անարդյունք ավարտվելուց անմիջապես հետո, կարել է աչքերը։

Գործադուլ անող հանքագործների համար անընդունելի է աշխատավարձի 5 տոկոս բարձրացման «Ջորջիան Մանգանեզի» առաջարկը։

«Մեզ համար ամենակարևորն այն է, թե ինչ ենք տանում մեր ընտանիքներին, ինչպես ենք կերակրում մեր կանանց ու երեխաներին։ Եթե ​​մեզ բավարարեր 5 տոկոսը, մենք բողոքի ակցիա չէինք սկսի։ Մենք դա ասում էինք ի սկզբանե, և ահա դուք մեզ նորից առաջարկում եք 5%: Դուք խիղճ չունե՞ք։ Չեմ կասկածում, որ դուք չունեք։ Դուք խիղճ չունեք, մարդ չեք և սիրտ չունեք»,- ասել է Սարալիձեն։

«Ջորջիան Մանգանեզի» աշխատակիցները 14 օր առաջ գործադուլ են հայտարարել։ Ճիաթուրայի քաղաքապետարանի դիմաց բացված վրանում մեկ շաբաթ է՝ 10 մարդ հացադուլ է հայտարարել։ Հանրահավաքի մասնակիցներից մեկը ի նշան բողոքի կարել է բերանը, իսկ մյուսը՝ աչքերը։ Հանքափորները նաև լուսանկար են տարածել Facebook-ում, որտեղ երևում է, որ նրանցից մեկը կտրել է ձեռքի երակները։

Հանքագործները 14 պահանջ են ներկայացրել, որոնցից գլխավորը աշխատավարձի 40%-ով բարձրացումն ու աշխատանքային գրաֆիկը/պլանը մինչև փետրվար գործող ռեժիմով թողնելն է։ Հունիսի 15-ին «Ջորջիան Մանգանեզը» հայտարարել է, որ համաձայնության են եկել պահանջների բոլոր կետերի շուրջ, բացի այս երկուսից։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):