«Լելոն», Անա Դոլիձեն և «Ազատության հրապարակը» միավորվել են ընտրությունների համար

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարանական ընտրությունների համար միավորվել են «Լելոն», Անա Դոլիձեի «Հանուն ժողովրդի» կուսակցությունը և «Ազատության հրապարակ» քաղաքական շարժումը։ Կոալիցիային միացել է նաև երգիչ Գիորգի Ուշիկիշվիլին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Նոր միավորման շնորհանդեսին, որը տեղի է ունեցել Թբիլիսիի Ռիկեի այգում, «Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն հոկտեմբերի 26-ի ընտրությունները ջրբաժան է անվանել։

«Կամ մենք կլինենք ճահճում, կամ կլինենք արժանապատիվ ազատ աշխարհում ու որտեղ շատ բարձր կբարձրացվեն մեր վրացությունը, քաղաքացիությունը, դրոշն ու զինանշանը։ Դա, մնացած ամեն ինչի հետ մեկտեղ, պահանջում է մի բան, որը կոչվում է միասնություն։ Պայքարը մեծ է, և մենք չենք կարող Վրաստանին ոտքի կանգնեցնել առանց միավորման։ Եվրոպական ընտրությունը ազգային ընտրություն է։ Ով հակառակն է ասում, կա՛մ մոլորության մեջ է ընկնում, կա՛մ ջուր է լցնում մեր թշնամու ջրաղացին: Ազգային ընտրությունը հենց այն է, ինչ մենք անում ենք այսօր։ Մենք վստահաբար կհաղթենք միասնությամբ»,- ասել է Մամուկա Խազարաձեն։

Ըստ Անա Դոլիձեի, երեք ամիս առաջ Ռիկեում հավաքված 300 հազար մարդ քաղաքական գործիչներին հանձնարարել է փոխել իշխանությունը՝ «Վրաստանի վերջնական ապաօկուպացիայի և վրաց ժողովրդի աշխարհաքաղաքական ընտրությունն իրականացնելու համար»։

«Այդ հանձնարարությունը հարյուր տարի առաջ տվել է բոլշևիկների կողմից խոշտանգված մեր կաթողիկոս-պատրիարք Ամբրոսի Խելաիան, երբ նա իր նամակում դիմելով միջազգային հանրությանը ասել է, որ մենք երկու բան ենք ուզում՝ Վրաստանի ապաօկուպացում և որ մեզ՝ վրացիներիս, հնարավորություն տրվի ապրել այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Այն ժամանակ և հիմա Եվրոպան ազգի ընտրությունն էր:

Այսօր մենք, ովքեր այստեղ ենք, մեկ քայլ ենք արել դեպի այդ հանձնարարությունը, այդ քայլը ուժերը միավորելն է, որպեսզի այս հանձնարարությունը իրականություն դառնա։ Այստեղ բոլորս կարող ենք ինչ-որ բանից հրաժարվել, մեր անձնական ճաշակը մի կողմ դնել, բայց հիմա ժամանակը չէ, որ Ավթանդիլ, Տարիել, Ռոստևան, Նեստան-Դարեջան կամ կատարյալ մեկին փնտրենք։ Այսօր մենք բոլորս շատ լուրջ աշխատանք ունենք անելու»,- ասել է Դոլիձեն։

Երկու շաբաթ առաջ իր համախոհների հետ «Ազատության հրապարակը» հիմնած Լևան Ցուցքիրիձեն իր ելույթում նշել է, որ վրաց ժողովուրդը փոփոխություններ է պահանջում, և նոր միության անդամները հավակնություն ունեն լինել այդ փոփոխությունների հիմնական ստեղծողները։ Ցուցքիրիձեի կարծիքով՝ իրենք երկրում պետք է փոխեն առնվազն երեք բան.

«Առաջինը` մենք պետք է վերջ տանք վրացական քաղաքականության ցինիզմի, արհամարհանքի, վրեժի, ատելության և վիրավորանքի դարաշրջանին: Պետք է վերականգնել բնականոն քաղաքական կյանքը։ Եթե ​​մեզ հաջողվի դա անել, ապա մենք քաղաքականությունը կբացենք էլ ավելի տաղանդավոր մարդկանց առաջ և քաղաքականությունը կդարձնենք երկրի զարգացման հիմնական ստեղծողը։

Երկրորդ բանը, որին պետք է վերջ տանք, որ պետք է փոխենք այս երկրում, դա ստի ու շողոքորթության դարն է։ «Վրացական երազանքը»՝ Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությունը, պարծենում է, որ տնտեսությունն աճել է 20-25 տոկոսով։ Դիմում եմ լսողներին, վերջին շրջանում ձեզանից որևէ մեկի կյանքը բարելավվե՞լ է գոնե ¼-ով: Այո, ինչ-որ մեկի կյանքը լավացել է, բայց այս մեկը ժողովրդի հաշվին հարստանացող «Վրացական երազանքի» վերնախավն է։

Երրորդն այն է, որ Վրաստանում պետք է վերջ տալ միակուսակցականությանը և հաստատել բազմակուսակցական ժողովրդավարություն։ Մենք սրա համար ենք պայքարում, և այս նոր կոալիցիան, միասնությունը դրա նշանն է։ Մեր միջև կարող են լինել շատ տարբերություններ, բայց հիմնարար արժեքները, մեր երկրի ներկայիս իրավիճակի տեսլականը ընդհանուր են, և այդ հիմքը, կարծում եմ, շատ ամուր է»,- ասել է Ցուցքիրիձեն։

Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները խորհրդարանական ընտրությունների համար կոալիցիաներ են կազմում.

  • «Միացյալ ազգային շարժումը» և «Ստրատեգիա Աղմաշենեբելին» հիմնել են «Միասնություն» քաղաքական հարթակը, որին միացել են քաղաքագետ Գիա Ջափարիձեն, պատմաբան Լաշա Բաքրաձեն և անկախ պատգամավորներ Արմազ Ախվլեդիանին և Թամար Կորձաիան։
  • «Ախալին», «Դրոան» և «Գիրչի՝ ավելի շատ ազատությունը» միավորվել են առանձին։ Երեք կուսակցությունների դաշինքի անունը դեռ համաձայնեցված չէ։

Նախընտրական քարոզարշավը սկսել է նաև իշխող կուսակցությունը։ Հուլիսի 16-ին «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ խորհրդարանական ընտրություններում կուսակցությանը անհրաժեշտ է «հատկապես ամուր հաղթանակ, որը հավասար է սահմանադրական մեծամասնությանը»՝ «վերջապես Վրաստանում վերջ դնելու պատերազմի կուսակցությանը, գործակալությանը, արմատականությանը, բևեռացմանը և լիբերալ ֆաշիզմին»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):