«Մենք վարպետության դաս ցույց տվեցինք, թե ինչպիսին պետք է լիներ 2022 թվականի փետրվարի 24-ը։ Մեր նպատակը գոյություն ունեցող ռեժիմն ու օրինական ընտրված իշխանությունը տապալելը չէր։ Մենք հետ շրջվեցինք, որ ռուս զինվորների արյունը չթափվի»,- ասել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինը, ով իր առաջին կոչն է արել գրեթե երկու օր լռությունից հետո։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Մոտ 10 րոպե տևողությամբ ձայնագրության մեջ Պրոգոժինը խոսում է «արդարության երթի» մեկնարկի պատճառների և դրա առաջընթացի մասին։ Նրա խոսքով, «Վագները» միայն պաշտպանում է Ռուսաստանի շահերը և զգալի հաջողությունների է հասել Ուկրաինայում ընթացող պատերազմում, սակայն «ինտրիգների և չմտածված որոշումների արդյունքում» որոշվել է լուծարել այն հուլիսի 1-ից։ Պրիգոժինի խոսքով՝ հրամանատարները և գրեթե ոչ մի մարտիկ չի համաձայնվել պայմանագրեր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, քանի որ վստահ էին, որ դա կհանգեցնի մարտական կարողությունների ամբողջական կորստի։ Չնայած սրան, ինչպես ասում է «Վագների» հիմնադիրը, իրենք պատրաստվում էին հունիսի 30-ին մեկնել Դոնի Ռոստով ու որոշումը չփոխելու դեպքում տեխնիկան հանձնել պաշտպանության նախարարությանը։
«Չնայած նրան, որ մենք ագրեսիա չենք ցուցաբերել, մեզ վրա հրթիռակոծություն է իրականացվել... «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մոտ 30 մարտիկ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Սա դարձավ հրամանատարական խորհրդի՝ անմիջապես շարժվելու որոշման «ձգան»։ Ամբողջ երթի ընթացքում, որը տևեց 24 ժամ, մի շարասյունը գնաց Ռոստով, իսկ մյուսը՝ դեպի Մոսկվա։ Մեկ ցերեկվա ու գիշերվա ընթացքում 780 կիլոմետր ենք անցել, ոչ մի զինվոր չի զոհվել։ Մենք ցավում ենք, որ մեզ ստիպեցին հարձակվել ավիացիոն օբյեկտների վրա, բայց այդ օբյեկտները ռումբեր էին նետում և հրթիռային հարձակումներ էին իրականացնում», - ասել է Պրիգոժինը։
«Վագների» հրամանատարը խոսում է իր խմբի պատրաստվածության բարձր մակարդակի մասին։ Նրա խոսքով՝ 24 ժամվա ընթացքում իրենք արգելափակել և վնասազերծել են բոլոր ռազմական օբյեկտները, այդ թվում՝ օդանավակայանները, որոնց հանդիպել են Մոսկվայի ճանապարհին։
«Երթի նպատակն էր կանխել «Վագների» ոչնչացումը և պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր հատուկ ռազմական գործողության ընթացքում բազմաթիվ սխալներ են թույլ տվել ոչ պրոֆեսիոնալ գործողություններով։ Սա պահանջում էր հասարակությունը։ Բոլոր զինվորականները, ովքեր մեզ տեսել են երթի ժամանակ, աջակցել են մեզ»,- ասել է Պրիգոժինը։
Նրա խոսքով, իրենք Մոսկվայից 200 կիլոմետր հեռավորության վրա են եղել, երբ կանգ են առել. «Մենք կանգ ենք առել այն պահին, երբ գրոհայինները մոտեցել են Մոսկվային, կատարել ենք շրջակայքի հետախուզություն, ու պարզ է դարձել, որ այդ պահին արյուն է թափվելու։ Այսպիսով, մենք մտածեցինք, որ բավական է ցույց տալ, թե ինչ ենք անելու: Շրջվելու որոշման հիմքում ընկած էր երկու կարևոր գործոն՝ առաջինը՝ մենք չէինք ուզում ռուսական արյուն թափել, երկրորդ՝ մենք պատրաստվում էինք ցույց տալ մեր բողոքը, ոչ թե տապալել իշխանությունը երկրում...
Արդարության երթը ցույց տվեց շատ բան, ինչի մասին մենք նախկինում էլ էինք խոսում. անվտանգության շատ լուրջ խնդիր ամբողջ երկրում: 24 ժամվա ընթացքում մենք անցանք այնքան տարածություն, որքան կազմում էր 2022 թվականի փետրվարի 24-ին [Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիայի մեկնարկի օրը- խմբ.] ռուսական զորքերի տեղակայման մեկնարկային կետից մինչև Կիև տարածությունը... Ցույց տվեցինք կազմակերպվածության մակարդակը, որին պետք է համապատասխանի ռուսական բանակը»,- ասել է «Վագների» հրամանատարը։
Ձայնագրության մեջ Պրիգոժինը ոչինչ չի ասում իր գտնվելու վայրի մասին։
Հունիսի 23-ին Եվգենի Պրիգոժինը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մեղադրել է «վագներականների» ճամբարները ռմբակոծելու մեջ և խոստացել սկսել «արդարության երթ»։ Նրա խոսքով, 25 հազար «վագներականները» պետք է պարզեին, թե «ինչու է այս անկարգությունը տեղի ունենում երկրում»։
«Ռուսաստանի ռազմական ղեկավարության բերած չարիքին պետք է վերջ դրվի»,- ասել է Պրիգոժինը։ Նա հանդիպում է պահանջել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։
Պաշտպանության նախարարությունը հերքել է Պրիգոժինի մեղադրանքները և նրա տարածած տեղեկությունը սադրանք անվանել։ Անվտանգության դաշնային ծառայությունը զինված հեղաշրջման փորձի հոդվածով քրեական գործ է հարուցել «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ։
Հունիսի 24-ին «Վագները» վերահսկողություն է սահմանել Դոնի Ռոստովում՝ Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ռազմական օբյեկտների, այդ թվում՝ օդանավակայանի վրա և սկսել շարժվել դեպի Մոսկվա։ Հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարվել Մոսկվա քաղաքում, Մոսկվայի և Վորոնեժի մարզերում։
Հունիսի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ՌԴ քաղաքացիներին և Պրիգոժինի գործողությունները որակել որպես «դանակ թիկունքից»։ Նա խոստացել է, որ բոլոր նրանք, ովքեր «բռնեցին դավաճանության ճանապարհը», կպատժվեն «անխուսափելի պատժով»․ «Ով կազմակերպել և նախապատրաստել է ռազմական ապստամբություն, ով զենք է բարձրացրել իր ծառայակիցների վրա, դավաճանել է Ռուսաստանին՝ դրա համար պատասխան է տալու»,- ասել է Պուտինը։
Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը անսպասելիորեն հայտարարել է, որ Մոսկվայից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Վագների» շարասյունը կվերադառնա դաշտային ճամբարներ, ինչը նա բացատրել է «ռուսական արյուն» թափելուց խուսափելու հիմնավորմամբ։ Նրա այս հայտարարությանը նախորդել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայության տարածած տեղեկությունն այն մասին, որ ողջ օրվա ընթացքում ընթացող բանակցությունների արդյունքում Պրիգոժինը համաձայնել է դադարեցնել շարժը դեպի Մոսկվա։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործը կփակվի, իսկ ինքը՝ Պրիգոժինը, կգնա Բելառուս։ Կրեմլի խոսնակը նաև ասել է, որ ապստամբության մեջ ներգրավված «Վագների» անդամների դեմ ոչ մի քրեական հետապնդում չի հարուցվի՝ «հաշվի առնելով նրանց վաստակը ճակատում»։