«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարությանը, յուրաքանչյուր ոստիկանի, ՆԳ նախարարին, ովքեր համաչափության սկզբունքով կանխեցին բռնությունները, կարգուկանոն հաստատեցին Ռուսթավելիի պողոտայում։ Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ օրենքի բոլոր խախտումներին պատասխան է տրվելու օրենքի ողջ խստությամբ»,- հայտարարել է Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-29-ին Թբիլիսիում խաղաղ բողոքի ցույցը ոստիկանների կողմից ցրելու հետ կապված։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 5 Edison. Էգզիթ փոլի և ԿԸՀ-ի արդյունքների միջև 13% տարբերությունը վկայում է մանիպուլյացիայի մասին
- 6 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
«Վրաստանը ժողովրդավարական պետություն է, և 2012 թվականից այս երկրում յուրաքանչյուրն ունի խաղաղ բողոքի ակցիայի իրավունք։ Սակայն, ցավոք, երեկվա բողոքի ակցիան շատ շուտով դուրս եկավ խաղաղ ակցիայի շրջանակներից և դարձավ անօրինական։ Ակտիվ են եղել արմատական ընդդիմության բռնի խմբերը, որոնք ֆիզիկական և բանավոր բռնություն են գործադրում իրավապահների նկատմամբ։ Ակնհայտ է, որ այս բռնի խմբերը պատրաստվում էին բռնության դեկտեմբերի երկրորդ կեսին, սակայն մենք նրանցից առաջ անցանք նաև այս դեպքում և նախօրոք չեզոքացրինք այստեղ կուտակված ռեսուրսը։ Ցուցարարների բռնությունների արդյունքում տուժել է 32 ոստիկան, որից 13-ին անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն»,- ոչ լեգիտիմ վարչապետը ցույցը ցրելու ժամանակ լրագրողների վիրավորումը նույնպես ցուցարարների բռնությունների արդյունք է համարել։ «Նաև այս բռնության հետևանքը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ լրագրողների վիրավորումն էր, ինչը չափազանց ցավալի է»,- ասել է նա։
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի ճշտող հարցից հետո, որը վերաբերում էր «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Գուրամ Ռոգավայի վրա հատուկ նշանակության ջոկատների թիրախային հարձակմանը, Իրակլի Կոբախիձեն նորից կրկնել է.
«Եթե ցուցարարների կողմից բռնություն չլիներ, հավաքը ցրելու անհրաժեշտություն չէր լինի և, հետևաբար, այս փաստերից և ոչ մեկը»։
Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը խորհրդարանի մոտ բողոքի ցույցը ճնշելու ընթացքում առնվազն 20 լրագրող է տուժել։ Վիրավորվել են ինչպես հեռուստաընկերությունների, այնպես էլ առցանց լրատվամիջոցների աշխատակիցները։
Գուրամ Ռոգավան գլխի, դեմքի և պարանոցի շրջանում կոտրվածքներ է ստացել: «Պուբլիկա»-ի լրագրող Ալեքսանդր Կեշելաշվիլիի քիթը վիրահատել են։ Իր մասնագիտական պարտականությունները կատարելիս նա ապօրինի ձերբակալվել և դաժան ծեծի է ենթարկվել։
Գիշերվա ժամը 2-ի սահմաններում հատուկ նշանակության ջոկատայինները սկսել են ցրել խաղաղ բողոքի ցույցը։ Ցուցարարների դեմ օգտագործվել է այսպես կոչված պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենա՝ ջրի հետ խառնված քիմիական նյութերով։ Հանրային պաշտպանի գնահատմամբ՝ ՆԳՆ-ն խախտել է հավաքների ազատությունը, քանի որ այն պահին, երբ քաղաքացիներին հատուկ միջոցներով ցրում էին, ակցիան խաղաղ բնույթ ուներ։ «Տեսանյութում և տարածված տեղեկատվության մեջ հստակ ի հայտ են գալիս խաղաղ ցույցը ցրելու ժամանակ ցուցարարների, այդ թվում՝ քաղաքական գործիչների, ինչպես նաև լրագրողների և կալանավորների նկատմամբ հատուկ միջոցների անհիմն կիրառման բազմաթիվ դրվագներ, ենթադրյալ անհիմն ձերբակալությունների, բռնության ուղղակի դիտավորության և հստակ բացահայտվում են դիտավորյալ հետապնդումները»,- ասված է հանրային պաշտպանի հայտարարության մեջ։
Հանրահավաքի ընթացքում ոստիկանի պահանջին չենթարկվելու և մանր խուլիգանության պատրվակով վարչական կարգով ձերբակալվել է 43 մարդ։ Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու և ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու դեպքի առթիվ։
Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն բնակչությանը տեղեկացրել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը կասեցնելու վերաբերյալ «Վրացական երազանքի» որոշման մասին։ Կոբախիձեի խոսքով՝ մինչև 2028 թվականի վերջը անդամակցության շուրջ բանակցությունների բացման հարցը օրակարգ չի դրվի և իրենք կհրաժարվեն ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշված որոշումը գնահատել է որպես «սահմանադրական հեղաշրջման» վերջնական կետ և ասել, որ ոչ լեգիտիմ կառավարությունը պատերազմ է հայտարարել իր ժողովրդին։