Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի բավարարել անազատության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բուժման համար Վարշավա տեղափոխելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը։ Այս որոշման մասին այսօր հայտնի է դարձել Վրաստանի արդարադատության նախարարի ճեպազրույցի ընթացքում։ Ռատի Բրեգաձեի խոսքով՝ դատարանը Վրաստանին չի պարտավորեցրել բանտարկյալին այլ բժշկական հաստատություն տեղափոխել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Դատապարտյալ Սաակաշվիլիի բանտարկվելու առաջին իսկ օրվանից սկսվեց անհայտ աղբյուրներից ֆինանսավորվող նպատակաուղղված զրպարտչական արշավ, որի նպատակն էր Վրաստանը ներկայացնել որպես պետություն, որտեղ ինչ-որ մեկին իբր խոշտանգում են։ Այս նպատակին հասնելու համար մարդկանց այս խումբը նույնիսկ հասավ այն աստիճանի, որ դատապարտյալին դրդեցին սովի 4 դրվագ ունենալ, չհնազանդվել բժիշկների առաջարկություններին, չբուժվել և հետևաբար վատթարացնել սեփական առողջական վիճակը, ինչը ոչ այլ ինչ էր, քան ինքնավնասում:
Առողջական վիճակի արհեստական վատթարացման շարժառիթով ազատություն ստանալու արշավի շրջանակներում իրավական վեճը Վրաստանում, ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանում, դատապարտված Սաակաշվիլիի պաշտպանական կողմի համար ավարտվեց անցանկալի արդյունքով։ Այնուհետև նրանք դիմեցին Ստրասբուրգի դատարան և պահանջեցին որպես ժամանակավոր միջոց Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել Վարշավա:
Այսօր հրապարակվել է Ստրասբուրգի դատարանի որոշումը, ըստ որի՝ «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործով մերժվել է դատապարտված Միխեիլ Սաակաշվիլիին Վարշավա տեղափոխելու պահանջը, և միևնույն ժամանակ պետությանը հրահանգ չի տրվել նրան տեղափոխել այլ բժշկական հաստատություն երկրի ներսում։
Այս ամենը ցույց է տալիս, որ պետության բոլոր գործողությունները նրա բանտարկության օրվանից եղել են ճիշտ և մարդու իրավունքների ամենաբարձր չափանիշներին համապատասխան»,- ասել է արդարադատության նախարարը։
Ռատի Բրեգաձեի խոսքով, եթե բժշկի առաջարկություն լինի, որ հնարավոր է Միխեիլ Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայից վերադառնա քրեակատարողական հիմնարկ, նրան կվերադարձնեն։ Բացի այդ, ինչպես նշել է Բրեգաձեն, այս փուլում նրան այլ կլինիկա կամ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու օբյեկտիվ նախադրյալներ չկան։
Միխեիլ Սաակաշվիլիի ընտանիքի անդամներն ու փաստաբանները Եվրոպական դատարանի որոշման մասին դեռևս մեկնաբանություն չեն արել։
Միխեիլ Սաակաշվիլին արդեն մեկ տարի է՝ գտնվում է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։ Հանրային պաշտպանի կողմից ստեղծված փորձագիտական խմբի վերջին գնահատականով՝ նրա մոտ առկա է ծանր սարկոպենիա (մկանային հյուծում), քաշի կորուստ և արյան ճնշման կրիտիկական անկում, քաշի հետագա կորստի դեպքում հիվանդը գամված է լինելու անկողնուն։
Նախկին նախագահի պաշտպանական կողմը ժամանակավոր միջոց կիրառելու համար ապրիլի սկզբին դիմել էր Ստրասբուրգի դատարան։ Մինչ այդ՝ փետրվարի 6-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արևաձեն մերժել էր բանտարկյալի առողջական վիճակի պատճառով ազատ արձակելու կամ պատիժը հետաձգելու միջնորդությունը։ Նշված որոշումը անփոփոխ է թողել նաև Թբիլիսիի վերաքննիչ դատարանը։ Սաակաշվիլիին ազատ արձակելու և պատիժը հետաձգելու խնդրանքը հիմնված էր «Էմպաթիա» կենտրոնի և Միջազգային բժշկական փորձագիտական հանձնաժողովի եզրակացության վրա։
Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Թբիլիսիում, տեղական ինքնակառավարման ընտրությունների նախօրեին։ Նա մեղավոր է ճանաչվել և վեց տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և նոյեմբերի 7-ի բողոքի ակցիան ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման գործերով։ Երրորդ նախագահը մեղքը չի ընդունում և ասում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում և Պուտինի գերին է։