«Մեր վարկանիշը զգալիորեն բարձրացել է, ինչը նշանակում է, որ վրաց հասարակությանը դուր է գալիս այն ընդհանուր քաղաքականությունը, որն այսօր իրականացվում է մեր երկրում»,- այսպես է գնահատել «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն արտահերթ և միջանկյալ ընտրությունները, որոնց հիմնականում մասնակցում էին միայն իշխող կուսակցության թեկնածուները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ապրիլի 29-ին Փոթի-Խոբի-Սենակի ընտրատարածքում տեղի են ունեցել խորհրդարանի մեծամասնական պատգամավորի, Թերջոլայի և Ցագերիի մունիցիպալիտետներում քաղաքապետերի, Քութայիսիի, Տղիբուլիի, Գուրջաանիի, Ախալցիխեի և Թիանեթիի սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորների ընտրությունները։ «Վրացական երազանքի» թեկնածուն մրցակից է ունեցել միայն Փոթի-Խոբի-Սենակի ընտրատարածքում և Տղիբուլիում։
«Արմատական ընդդիմությունը չի համարձակվել որևէ ընտրատարածքում թեկնածու առաջադրել, ինչը վկայում է այն բանի մասին, որ նրանք քաջատեղյակ են «Վրացական երազանքի» բարձր վարկանիշին ու սեփական ցածր վարկանիշին։ Չնայած ընտրություններն անցկացվեցին սահմանափակ մրցակցության պայմաններում, սակայն եղավ բարձր մասնակցություն, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում յուրաքանչյուր ընտրողին։
Նշենք, որ բոլոր ընտրատարածքներում «Վրացական երազանքը» բարելավել է 2021 թվականի մունիցիպալ ընտրություններում ձեռք բերված արդյունքները։
Մասնավորապես, Փոթի-Խոբի-Սենակի ընտրատարածքում մեր թեկնածուն հավաքել է ավելի քան 27 000 ձայն, երբ 2021 թվականին մենք ստացել ենք 23 000 ձայն։ Թերջոլայի մունիցիպալիտետում մեր թեկնածուն ստացել է 11 500 ձայն, մինչդեռ 2021 թվականին մենք ստացել ենք 9 000 ձայն։ Ցագերիի մունիցիպալիտետում մեր թեկնածուն ստացել է 4500 ձայն, երբ 2021 թվականի ընտրությունների արդյունքը եղել է 3200 ձայն։ Քութայիսիում մեր թեկնածուն հավաքել է ավելի քան 5300 ձայն, մինչդեռ 2021 թվականին մենք ստացել ենք 3600 ձայն։ Տղիբուլիում մեր թեկնածուն ստացել է 1500 ձայն, երբ 2021 թվականին մենք ստացել ենք 1300-ից պակաս ձայն։ Գուրջաանիում մեր թեկնածուն ստացել է 1 350 ձայն, երբ 2021 թվականին մենք ստացել ենք 1 000 ձայն։ Ախալցիխեում մեր թեկնածուն հավաքել է ավելի քան 450 ձայն, երբ 2021 թվականին մենք ստացել ենք 300 ձայն, իսկ վերջապես Թիանեթիում մեր թեկնածուն ստացել է 350 ձայն, երբ 2021 թվականի արդյունքը եղել է 150 ձայն»,- ասել է Կոբախիձեն։
Փոթիի, Խոբիի և Սենակի մեծամասնական պատգամավոր է ընտրվել Գիորգի Խախուբիան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքներով՝ նա ստացել է ձայների 95%-ը (27 553 ձայն), իսկ «Ազատ Վրաստան» կուսակցության թեկնածու Բեսիկ Ծուլեիսկիրին՝ գրեթե 5%-ը (1359 ձայն)։ Մեծամասնական ընտրատարածքում գրանցված է 105 314 ընտրող։ Գիորգի Խախուբիան նույն շրջանի նախկին մեծամասնական պատգամավոր Իրակլի Խախուբիայի որդին է։ 2022 թվականի հոկտեմբերին Իրակլի Խախուբիային մահացած են գտել իր տանը։
Լևան Զալկալիանին 4825 ձայնով, առանց մրցակցության դարձավ Ցագերիի քաղաքապետ։ Մունիցիպալիտետում, որտեղ գրանցված է 10 496 ընտրող, արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն է առաջացել այն բանից հետո, երբ 2021 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում «Վրացական երազանքից» քաղաքապետ ընտրված Գիորգի Նեմսաձեն հրաժարական տվեց 2022 թվականի նոյեմբերին։
Թերջոլայի քաղաքապետը կլինի Մանուչար Ռոբաքիձեն, ով ստացել է 11 511 ձայն։ Ընտրատարածքում ընտրողների թիվը 32 254 է։ Մանուչար Ռոբակիձեն նույնպես քաղաքապետի միակ թեկնածուն էր։ Թերջոլայի մունիցիպալիտետում արտահերթ ընտրություններ են նշանակվել Լաշա Գոգիաշվիլիի մահից հետո։ Գոգիաշվիլին քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականից։ 2022 թվականի հոկտեմբերին նա մահացել է ավտովթարից։
Միխեիլ Գիորգաձեն դարձել է Քութայիսիի քաղաքային խորհրդի մեծամասնական անդամը։ ԿԸՀ-ի նախնական արդյունքներով նա ստացել է 5331 ընտրողի ձայն, մինչդեռ առաջին մեծամասնական ընտրատարածքում գրանցված ընտրողների թիվը 25 761 է։
Գուրջաանիի 8-րդ մեծամասնական շրջանում խորհրդի անդամ է ընտրվել Զուրաբ Մուխուլիշվիլին, ում օգտին քվեարկել է 1347 ընտրող։ Թաղամասում գրանցված է 3716 ընտրող։
Թիանեթիի քաղաքային խորհրդի անդամը կլինի 2-րդ մեծամասնական շրջանից Իոսեբ Մաթուրելին, ում օգտին քվեարկել է 345 ընտրող։ Ընտրատարածքում գրանցված է 886 ընտրող։
Ախալցիխեի 11-րդ մեծամասնական շրջանում, որտեղ 979 ընտրող կա, Ռոին Նեբաձեն 463 ձայնով ընտրվել է քաղաքային խորհրդի անդամ։
Տղիբուլիի առաջին մեծամասնական շրջանը միակն է, որտեղ «Վրացական երազանքի» թեկնածու Գիորգի Կերեսելիձեն մրցակից է ունեցել։ Կերեսելիձեն ստացել է 1321 ձայն, իսկ անկախ թեկնածու Գիորգի Գագոշիձեն՝ 204 ձայն։ Ընտրատարածքում կա 5650 ընտրող։