Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փետրվարից ի վեր առաջին անգամ մասնակցել է իր դատական նիստին։ Այսպես կոչված նոյեմբերի 7-ի գործով Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող նիստին նա «Վիվամեդ» կլինիկայից մասնակցել է հեռավար կարգով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Միխեիլ Սաակաշվիլիի ձայնը լսվել է խափանումներով։ Նա դիմել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին, ով օրեր առաջ ասել էր, որ կառավարությունը ներողություն է պահանջում բոլորից, ովքեր մեկուկես տարի երկրի ներսում և դրսում «կեղծիք» և «ապատեղեկություն» են տարածել Միխեիլ Սաակաշվիլիի մասին։
«Ստացվում է, որ Եվրոպան պետք է ներողություն խնդրի, Եվրախորհրդարանը, որը պահանջում է ինձ ազատ արձակել։ Ես ուզում եմ ասել այսպես կոչված խորհրդարանի նախագահին՝ դուք պետք է ներողություն խնդրեք ինձ այս վիճակին հասցնելու համար։ Դուք պետք է ներողություն խնդրեք Եվրախորհրդարանից, ինձանից, իմ ընտանիքից, Ուկրաինայի պետությունից, որ նրա քաղաքացին այս վիճակում է, բոլոր վրացիներից, որ վրացական պետության հիմնադիրը հայտնվել է այս վիճակում»,- ասել է Սաակաշվիլին և իր վիճակը ցույց տալու համար բարձրացրել վերնաշապիկը:
Միխեիլ Սաակաշվիլին առողջական վիճակի պատճառով մեկ տարուց ավելի գտնվում է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։ 2023 թվականի ապրիլին նրա փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու համար։ Մայիսի 12-ին արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն նախարարությունում կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ Եվրոպական դատարանը հրաժարվել է Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Վարշավա, և միևնույն ժամանակ պետությանը չի պարտավորեցրել նրան տեղափոխել երկրւմ մեկ այլ բուժհաստատություն։ Ըստ Բրեգաձեի, դա ցույց է տալիս, որ պետության բոլոր գործողությունները եղել են «ճիշտ և մարդու իրավունքների ամենաբարձր չափանիշներին համապատասխան»։ Ըստ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանների՝ այս որոշումը Սաակաշվիլիի գործով վերջնական չէ, և իրենք ի սկզբանե գիտեին, որ Ստրասբուրգի դատարանը ժամանակավոր միջոց է կիրառում հատուկենտ դեպքերում։
Մինչ այդ՝ փետրվարի 6-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արևաձեն մերժել էր բանտարկյալի առողջական վիճակի պատճառով վերջինիս ազատ արձակելու կամ պատիժը հետաձգելու միջնորդությունը։ Նշված որոշումը անփոփոխ է թողել Թբիլիսիի վերաքննիչ դատարանը։ Սաակաշվիլիին ազատ արձակելու և պատիժը հետաձգելու խնդրանքը հիմնված էր «Էմպաթիա» կենտրոնի և Միջազգային բժշկական փորձագիտական հանձնաժողովի եզրակացության վրա։
Եվրախորհրդարանը նույնպես պահանջել է ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին և նրան տեղափոխել արտերկիր բուժման նպատակով։ Դեկտեմբերի 14-ին ընդունված բանաձևում ասվում է, որ Վրաստանի կառավարությունը լիովին պատասխանատու է նախկին նախագահի առողջության և բարեկեցության համար։ Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Սաակաշվիլիին ներում շնորհելու կոչով։
Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Թբիլիսիում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին։ Նա մեղավոր է ճանաչվել և վեց տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև սահմանն ապօրինի հատելու, «Իմեդի» հեռուստաընկերության ներխուժման, նոյեմբերի 7-ի բողոքի ցույցը ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման մեջ։ Երրորդ նախագահը մեղքը չի ընդունում, ասում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում և Պուտինի գերին է։