«Երազանքը» չի սատարի նախագահի կողմից առաջադրված Ազգային բանկի խորհրդի թեկնածուներին

«Վրացական երազանքը» չի սատարի նախագահի կողմից խորհրդարանին ներկայացված Ազգային բանկի խորհրդի անդամության թեկնածուներին՝ Գիորգի Բաքրաձեին և Դիմիտրի Ջափարիձեին։ Ինչպես հայտնել է իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանական մեծամասնությունն արդեն խորհրդակցություններ է անցկացրել այս հարցի շուրջ և որոշում կայացրել։

«Մենք չենք սատարելու համապատասխան թեկնածությունները, որոնք ներկայացվել են առանց խորհրդակցության։ Ցանկացած ժողովրդավարական երկրում ստանդարտ պրակտիկա է, երբ պաշտոնյաների նշանակման գործում ներգրավված են երկու մարմիններ, առաջադրմանը նախորդում է խորհրդակցությունը, որն այս դեպքում խախտվել է։ Սա մեկ և մյուսը՝ անուններ չեմ նշի, բայց թեկնածուներից մեկն ուղղակիորեն կապված է կոնկրետ քաղաքական ուժի հետ՝ դա «Միացյալ ազգային շարժումն» է, նա ընկերություն է անում նրա առաջնորդների հետ և այլն»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Հարցին, թե հնարավոր է, որ այս որոշումն էլ ավելի սրի իշխող կուսակցության և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հարաբերությունները, Կոբախիձեն պատասխանել է, որ նրանք գործում են սահմանադրության ոգուն համապատասխան, և նախագահը պետք է հաշվի նստի դրա հետ։

Ազգային բանկի խորհրդի անդամներն ընտրվում են խորհրդարանի կողմից՝ անդամների ցուցակային կազմի մեծամասնությամբ, 7 տարի ժամկետով, նախագահի առաջարկությամբ։ Հունիսի 16-ին Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդի անդամի երկու թափուր պաշտոնների համար ներկայացրել է Գիորգի Բաքրաձեի և Դիմիտրի Ջափարիձեի թեկնածությունները։

Ազգային բանկի խորհրդի անդամների ներկայացումը նախագահի և «Վրացական երազանքի» միջև վեճի առարկա է դարձել։ Հունիսի 7-ին իշխող կուսակցությունը հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլիի գործողությունները «խնդիրներ են ստեղծում մեկ այլ կարևոր սահմանադրական ինստիտուտի պատշաճ գործունեության համար»։ Ըստ կուսակցության քաղխորհրդի տարածած հայտարարության՝ նախագահի հետ պայմանավորվածություն է եղել, որ եթե նա խորհրդարանին ներկայացնի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիին՝ որպես Ազգային խորհրդի անդամության թեկնածու, ապա խորհրդարանը չի հաղթահարի նախագահի՝ Ազգային բանկի մասին օրենքի նկատմամբ կիրառած վետո։ Նախագահը հրաժարվել է ներկայացնել Խուցիշվիլիին։ Ինչպես պարզաբանել է աշխատակազմը, Սալոմե Զուրաբիշվիլին հարցեր ուներ նրա անկախության վերաբերյալ, ինչը ամրապնդվել է «կառավարության կատեգորիկ պահանջով՝ ներկայացնել Լաշա Խուցիշվիլիին, մշտական ​​ճնշումներով ու շանտաժով նախագահի հանդեպ»։ Հունիսի 13-ին խորհրդարանը հաղթահարել է վետոն։ Խորհրդարանական մեծամասնությունը չի կիսել նախագահի դիրքորոշումը, որ օրենսդրական փոփոխությունները կհանգեցնեն սահմանադրական մարմնի կառավարման կոպիտ միջամտության և որ դրանք ընկալվում են որպես այդ մարմնի անկախությունը սահմանափակելու փորձ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։