Երդվում եմ, եթե օրենքը ետ չկանչվի, ես կլքեմ կուսակցությունն ու պաշտոնը. «Երազանքի» անդամ Թելավիից

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» անդամ, Թելավիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Լևան Բերձենաշվիլին կոչ է անում իշխող կուսակցությանը չխախտել սահմանադրությունը, չդավաճանել երկրին և չընդունել ռուսական օրենքը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Որպես իրավաբան, որպես երկու երեխաների հայր, որպես Թելավիի պետական ​​համալսարանի նախկին դասախոս, որպես ձեր երեխաների պաշտպան՝ ես միանշանակ դեմ եմ այս օրենքի նախաձեռնությանն ու ընդունմանը։

Սպիտակ տունը, Եվրամիությունը, Եվրախորհրդարանը 425 կողմ, 25 դեմ ձայներով, բոլոր գործընկերները, ԵՄ առաջատար երկրների ներկայացուցիչները մեզ ասում են, որ եթե ընդունեք այս օրենքը, կարող եք կորցնել վիզաների ազատականացումը, կկորցնեք թեկնածուի կարգավիճակը և ամեն ինչ՝ Եվրոպայի հետ կապված։ Ուստի ես միանշանակ համաձայն չեմ սրա հետ և խնդրում եմ Վրաստանի կառավարությանն ու խորհրդարանին ետ կանչել այս օրենքը։ Ձեր առաջ երդվում եմ՝ եթե դա տեղի չունենա, ես կլքեմ «Վրացական երազանք» կուսակցությունը, խմբակցությունը և պաշտոնը։

Շատ եմ խնդրում մի խախտեք սահմանադրությունը, մի դավաճանեք ձեր երկիրը։ Դեռ հնարավորություն կա։ Մարդկայնորեն խնդրում եմ։ Որպես «Վրացական երազանքի» պատգամավորներից մեկը Թելավիի սակրեբուլոյից, ձեզ խնդրում եմ ետ կանչել այս օրենքը»,- այսօր սակրեբուլոյի նիստում ասել է պատգամավորը, որն արժանացել է դահլիճում գտնվողների ծափահարություններին։

Ապրիլի 25-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կտրականապես դատապարտում է «Վրացական երազանքի» նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը և համարում է, որ այն անհամատեղելի է Եվրամիության արժեքներին ու ժողովրդավարական սկզբունքներին և դեմ Վրաստանի հավակնություններին՝ միանալու Եվրոպական միությանը։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանի իշխանություններին դադարեցնել ռուսական օրենքի քննարկումը և հայտարարում է, որ քանի դեռ դա Վրաստանի իրավական համակարգի մաս կկազմի, չպետք է բանակցություններ սկսել երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու համար։ Բացի այդ, Եվրախորհրդարանը Եվրահանձնաժողովին կոչ է անում անհապաղ գնահատել օրենքի ազդեցությունը Վրաստանի կողմից վիզայի ռեժիմի ազատականացման չափորոշիչների կատարման վրա։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին բանաձևը գնահատել է որպես «հեռացող Եվրախորհրդարանի պատգամավորների վերջին խոսքը վրաց ժողովրդին», իսկ վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ այն «մի ծղոտ էլ չարժե»։

2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ «Ռուսական օրենքը» պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։

Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանի 83 պատգամավորներ առաջին ընթերցմամբ սատարեցին ռուսական օրենքին։ Թբիլիսիում՝ խորհրդարանի մոտ, ապրիլի 15-ից բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ ռուսական օրենքի։ Դրան հակառակ՝ «Վրացական երազանքը» ապրիլի 29-ին խորհրդարանի շենքի դիմաց «համընդհանուր հավաք» կանցկացնի՝ ի պաշտպանություն ռուսական օրենքի։ Հանրային ծառայությունների աշխատակիցներին պարտավորեցնում են մասնակցել ակցիային։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):