«Վրացական երազանքը» ապրիլի 29-ին հանրահավաք կանցկացնի՝ ի աջակցություն ռուսական օրենքի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքը» ռուսական օրենքի դեմ շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին, ապրիլի 29-ին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ նախատեսում է համախոհների հետ «համընդհանուր հավաք» անցկացնել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Իշխող կուսակցության տարածած հայտարարության համաձայն՝ այն մարդիկ, որոնք ամեն օր հավաքվելով Ռուսթավելիի պողոտայում, բողոքում են ռուսական օրենքի դեմ, մոլորության մեջ են գցվել «արմատական ​​ընդդիմության» կողմից։

«Քաղաքականապես սնանկացած արմատական ​​ընդդիմությունը, հարուստ «Էնջեոները» և այսպես կոչված նախագահը մեզ հետ խոսում են ժողովրդի անունից, ինչը հարուցում է մեր համախոհների՝ Վրաստանի բնակչության բացարձակ մեծամասնության արդարացի զայրույթը։

Մենք հաշվի ենք առնում մեր համախոհների խնդրանքը և հաջորդ երկուշաբթի՝ ապրիլի 29-ին, հանրային հավաք կանցկացնենք Վրաստանի խորհրդարանի դիմաց։

Կոչ ենք անում ձեզ՝ մեր երկրի հայրենասեր համաքաղաքացիներին ամբողջ երկրից՝ մերժել սև փողերով հեղափոխությունը Վրաստանում, ուղղափառ եկեղեցու վրա հարձակումը, կրոնական բովանդակությամբ քաղաքական միջամտությունը, ԼԳԲՏ քարոզչությունը, թմրանյութերի քարոզչությունը, պետական ​​կառույցների վարկաբեկումը, արմատականությունը և այսպես կոչված բևեռացման ֆինանսավորումը։

Մենք չենք կարող թույլ տալ, որ քաղաքականապես և բարոյապես սնանկացած քաղաքական փոքրամասնությունը շահարկի և խոսի ժողովրդի անունից։ Մենք բոլորին ցույց կտանք, թե որտեղ է կանգնած վրաց ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ում համար թանկ են ճշմարտությունն ու իսկական եվրոպական արժեքները, ում համար թանկ են մեր ավանդական ազգային արժեքները՝ հայրենիքը, լեզուն և հավատքը։ Միասին ոչ ասենք սև փողերին և ասենք այո թափանցիկությանը, իսկական եվրոպական ճանապարհին, անկախ ու ինքնիշխան Վրաստանին»,- ասված է իշխող կուսակցության հայտարարության մեջ։

Ապրիլի 17-ին «Վրացական երազանքն» առաջին ընթերցմամբ 83 ձայնով ընդունեց անկախ ԶԼՄ-ները և քաղաքացիական հասարակությունը սահմանափակող օրենքի նախագիծը։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը և Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա ԵՄ ճանապարհին Վրաստանի առաջընթացի վրա։ Նրանց խոսքով՝ օրենքը չի համապատասխանում Եվրամիության հիմնական նորմերին ու արժեքներին։

Ռուսական օրենքին արձագանքել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝ վրաց ժողովուրդն ընտրեց եվրոպական ճանապարհը, և ի պատասխան՝ Վրաստանը ստացավ թեկնածուի կարգավիճակ, իսկ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը չի համապատասխանում երկրի եվրոպական նկրտումներին, այն հեռացնում է Վրաստանը Եվրամիությունից։

Ռուսական օրենքը հակասում է Վրաստանի համար Եվրահանձնաժողովի կողմից սահմանված 1-ին և 9-րդ հանձնարարականներին, որոնց համաձայն՝ անդամակցության բանակցությունները սկսելու համար իշխանությունները պետք է ապահովեն քաղաքացիական հասարակության ազատ գործունեությունը երկրում և պայքարեն ընդդեմ Եվրամիության և նրա արժեքներին ուղղված ապատեղեկատվության դեմ։

Իշխող կուսակցությունն առաջին ընթերցմամբ նմանատիպ օրինագիծ ընդունեց նաև անցյալ տարվա մարտին, սակայն բողոքի ակցիաները ստիպեցին հրաժարվել դրանից։ Կուսակցության առաջնորդները խոստացան «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» հետ կանչել օրինագիծը, սակայն մեկ տարի անց՝ ապրիլի սկզբին, այն նորից օրակարգ բերվեց։ Օրենքի նախագծի տեքստը մնացել է նույնը՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալը» փոխարինվել է «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։

«Վրացական երազանքը» մինչև խորհրդարանի ընթացիկ գարնանային նստաշրջանի ավարտը մտադիր է ընդունել ռուսական օրենքը։ Օրենքին դեմ է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով ասել է, որ օրենքի վերջնական ընդունման դեպքում կօգտագործի վետոյի իրավունքը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):