«Գործակալ» բառը ականջ է ծակում. Քադագիշվիլին աջակցում է «Ժողովրդի ուժի» օրինագծին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ Interpressnews գործակալություն

«Վրացական երազանքից» Թելավիի, Ախմետայի, Կվարելիի և Լագոդեխիի մեծամասնական պատգամավոր, խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլին կարծում է, որ «Վրացական երազանքը» ձևականորեն լքած պատգամավորների օրինագիծը, որը նախատեսում է «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ տալ մեծ թվով հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, թափանցիկության և հաշվետվողականության մասին է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ինչու՞ պետք է դա տագնապալի լինի, հասարակական սեկտորը նույնպես պետք է թափանցիկ լինի ֆինանսավորման աղբյուրի և հաշվետվողականության հարցում։ Տեսեք, թե ինչու է վրդովմունքը, որովհետև ինչ-որ մեկը կարծում է, որ եթե իր կողմից ֆինանսավորվող ՀԿ-ին պատասխանատվության ենթարկեն, իրեն վտանգ է սպառնում։ Իսկ ինչո՞ւ պետք է սպառնալիք հանդիսանա ժողովրդի ու օրենքի առջև պատասխանատվությունը, կբացատրե՞ք։ Նախ կարդացեք օրենքը: Նախ համեմատե՛ք ամերիկյան օրենքի հետ, այստեղ այս բովանդակության մասին չէ խոսքը։ Այն, ինչին ես ծանոթացել եմ՝ «գործակալ» բառը ականջ է ծակում»,- լրագրողներին ասել է Քադագիշվիլին։

Քադագիշվիլին կրկնել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը, թե օրինագծում «ըստ էության խոսվում է թափանցիկության մասին», և ինքը դրանում որևէ խնդիր չի տեսնում։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը նախաձեռնել են են «Ժողովրդի ուժը» շարժման անդամները (Սոզար Սուբարի, Դիմիտրի Խունդաձե, Գուրամ Մաճարաշվիլի և այլք)։ Օրենքի նախագծով օտարերկրյա ազդեցության գործակալ է համարվում ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձը (հասարակական կազմակերպությունը) և լրատվամիջոցը, որի եկամուտի 20%-ից ավելին ստացվում է արտերկրից, բացառությամբ վարչական մարմինների (պետական ​​կամ մունիցիպալ մարմնի/հաստատության) կամ ազգային սպորտային ֆեդերացիաների կողմից ստեղծված կազմակերպությունների:

Նման իրավաբանական անձինք ունենալու են ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու պարտավորություն, որը, այդ թվում ներառում է նաև նախորդ օրացուցային տարվա ընթացքում ծախսված ցանկացած գումարի չափի և նպատակի մասին տեղեկության տրամադրում: Օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստրում մուտքագրված տեղեկությունները հրապարակային կլինեն:

Օրինագծի համաձայն՝ «օտարերկրյա ազդեցության գործակալին» բացահայտելու համար Վրաստանի արդարադատության նախարարությունը հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, որի շրջանակներում նրան կտրամադրվի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները մշակելու լիազորություն՝ ներառյալ անձնական տվյալները: Մշտադիտարկում սկսելու համար հիմք են հանդիսանում՝ Արդարադատության նախարարության համապատասխան լիազորված անձի որոշումը, նախարարություն ներկայացված գրավոր հայտարարությունը, որը պարունակում է համապատասխան հղում օտարերկրյա ազդեցության կոնկրետ գործակալի մասին: Օրենքի նախագծով նախարարությանը տրվում է նաև 10, 20 և 25 հազար լարի տուգանքներ կիրառելու և կազմակերպությունների գրանցման պարտադրման լիազորություն։

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի գնահատմամբ՝ «Ժողովրդի ուժի» օրինագիծը չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային պաշտպանության չափանիշներին և անհամատեղելի է ժամանակակից ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքների հետ։ Միավորումների և արտահայտվելու ազատության, ինչպես նաև գաղտնիության իրավունքի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության և Հունգարիայի օրենսդրություններում արտացոլված նմանատիպ կարգավորումը բացասական են գնահատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը, Վենետիկի հանձնաժողովը և ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի խոսքով՝ հաշվի առնելով պատմական համատեքստը՝ «օտարերկրյա գործակալը» կարող է կապված լինել «օտարերկրյա լրտեսի» և «դավաճանի» հետ, ինչը կբարդացնի հասարակության և հատկապես պետական ​​պաշտոնյաների համագործակցությունը նման անձանց հետ և, որպես հետևանք, նրանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում։ Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ այս տերմինի օգտագործումը չարդարացված միջամտություն է միավորումների ազատությանը, այնքանով, որքանով տպավորություն է ստեղծվում, որ համապատասխան կազմակերպությունները գտնվում են օտարերկրյա վերահսկողության տակ։

Ըստ «Ժողովրդի ուժի» և «Վրացական երազանքի» անդամների՝ օրենքի նախագիծը հիմնականում ստեղծվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1938 թվականից գործող համապատասխան օրենսդրության համաձայն, թեև ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ այն հիմնված է Ռուսաստանի և Հունգարիայի նմանատիպ օրենսդրության վրա, ոչ թե ամերիկյան որևէ օրենքի վրա: Փրայսի խոսքերով, առաջարկվող օրենքը կբացառի և կլռեցնի Վրաստանի քաղաքացիների անկախ ձայնը և պոտենցիալ վտանգ կստեղծի Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման համար։

Նիդերլանդների Հելսինկյան հանձնաժողովը հրապարակել է 40 իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունը, որով նրանք դիմում են Վրաստանի խորհրդարանին՝ չընդունել օրինագիծը, քանի որ այն «կրկնում է ավտորիտար պետությունների պրակտիկան, որը խաթարում է հավաքների և արտահայտվելու ազատությունը և լուրջ վտանգ է ներկայացնում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության համար»:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։