Կրկնում եմ՝ դա անհամատեղելի է Եվրոպական միության արժեքների հետ. Բորելը՝ ռուսական օրենքի մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ապրիլի 22-ին Լյուքսեմբուրգում կայացած ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստում անդամ երկրների արտգործնախարարները քննարկել են նաև Վրաստանում առկա իրավիճակը։ Զրույցում անդրադարձ է կատարվել ռուսական օրենքին, որը «Վրացական երազանքը» մտադիր է ընդունել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի խոսքով՝ նախարարները մտահոգություն են հայտնել։

«Վրաստանի կառավարությունը պարտավորվել էր հետ կանչել այս օրենքը՝ այս օրենքի նախագիծը, և այլևս չներկայացնել այն։ Սա չի արվել։ Հանձնակատար Օլիվեր Վարհեին և ես անցյալ շաբաթ հայտարարություն տարածեցինք՝ ընդգծելով, որ այս օրենքը անհամատեղելի է ԵՄ արժեքների հետ։ Կրկնում եմ՝ սա անհամատեղելի է ԵՄ արժեքների հետ։ Եվրահանձնաժողովը պետք է բանավոր զեկույց ներկայացնի այս իրադարձության վերաբերյալ, սակայն մեզ շատ անհանգստացնում է այն փաստը, որ այս օրենքը կրկին ներկայացվել է խորհրդարան»,- ասել է Բորելը։

«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվիակի խոսքով՝ խորհրդին կոչ է արվել Վրաստան ուղարկել ԵՄ նախարարներին կամ խորհրդի հաջորդ նիստին հրավիրել Վրաստանի արտաքին գործերի նախարարին։

Ապրիլի 17-ին «Վրացական երազանքն» առաջին ընթերցմամբ 83 ձայնով ընդունեց անկախ ԶԼՄ-ները և քաղաքացիական հասարակությունը սահմանափակող օրենքի նախագիծը։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը և Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա ԵՄ ճանապարհին Վրաստանի առաջընթացի վրա։ Նրանց խոսքով՝ օրենքը չի համապատասխանում Եվրամիության հիմնական նորմերին ու արժեքներին։

Ռուսական օրենքին արձագանքել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝ վրաց ժողովուրդն ընտրեց եվրոպական ճանապարհը, և ի պատասխան՝ Վրաստանը ստացավ թեկնածուի կարգավիճակ, իսկ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը չի համապատասխանում երկրի եվրոպական նկրտումներին, այն հեռացնում է Վրաստանը Եվրամիությունից։

Ռուսական օրենքը հակասում է Վրաստանի համար Եվրահանձնաժողովի կողմից սահմանված 1-ին և 9-րդ հանձնարարականներին, որոնց համաձայն՝ անդամակցության բանակցությունները սկսելու համար իշխանությունները պետք է ապահովեն քաղաքացիական հասարակության ազատ գործունեությունը երկրում և պայքարեն ընդդեմ Եվրամիության և նրա արժեքներին ուղղված ապատեղեկատվության դեմ։

Իշխող կուսակցությունն առաջին ընթերցմամբ նմանատիպ օրինագիծ ընդունեց նաև անցյալ տարվա մարտին, սակայն բողոքի ակցիաները ստիպեցին հրաժարվել դրանից։ Կուսակցության առաջնորդները խոստացան «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» հետ կանչել օրինագիծը, սակայն մեկ տարի անց՝ ապրիլի սկզբին, այն նորից օրակարգ բերվեց։ Օրենքի նախագծի տեքստը մնացել է նույնը՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալը» փոխարինվել է «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։

«Վրացական երազանքը» մինչև խորհրդարանի ընթացիկ գարնանային նստաշրջանի ավարտը մտադիր է ընդունել ռուսական օրենքը։ Օրենքին դեմ է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով ասել է, որ օրենքի վերջնական ընդունման դեպքում կօգտագործի վետոյի իրավունքը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):